«Վիզուալ Հայաստան»-ի թիմն այցելեց Գյումրիի N 41 հիմնական դպրոց
Uncategorized

«Վիզուալ Հայաստան»-ի թիմն այցելեց Գյումրիի N 41 հիմնական դպրոց

«Վիզուալ Հայաստան»-ի թիմն օրերս այցելել էր Գյումրիի N41 հիմնական դպրոց՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցույթին հաղթած 40 դպրոցներից մեկը: Նմանատիպ այցերը միշտ ունենում են ինչ-որ նախապատմություն: Եվ այս մեկը նույնպես բացառություն չէ: 

Հիմնադրամի գլխավոր աջակից ու բարեկամ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնի և դպրոցի տնօրեն Հայաստան Կարապետյանի առաջին հանդիպումն ու ծանոթությունը տեղի էր ունեցել 2023 թվականի դեկտեմբերին` «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցանակաբաշխության շրջանակում:  Անմիջական զրույցի ընթացքում տնօրենը Քրիստին Սիմոնին հրավիրել էր դպրոց` տեղում տեսնելու, թե ինչպես են կիրառում «Աշխարհացույց»-ը, թե ստանալուն պես ինչպիսի խանդավառությամբ են կիրառելու նորագույն տեխնիկան՝ դասապրոցեսում «Աշխարհացույց»-ի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու առումով: Տիկին Սիմոնը նշել էր, որ անպայման և մեծ սիրով կայցելի, երբ վերադառանա Հայաստան գարնանը:

Առաջին իսկ հնարավորության պարագայում տիկին Սիմոնը պահեց իր խոստումը և այցելեց դպրոց: Տիկին Կարապետյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին դպրոցում, ծանոթացան կրթական գործընթացի կազմակերպման համար առկա պայմաններին՝ մարտահրավերներին և հնարավորություններին, զրուցեցին աշակերտների և ուսուցիչների հետ:  Նրանք ունկնդրեցին նաև աշխարհագրության դասը, որն այդ պահին իրականացվում էր վերջերս վաստակած սմարթ-էկրանի միջոցով: 

Զրույցի ընթացքում տնօրենը ոգևորությամբ արձանագրեց, որ գրեթե բոլոր դասարաններում թե´ աշակերտները, թե´ ուսուցիչները ինտենսիվորեն կիրառում են սմարթ-էկրանը` հավելելով, որ երբեմն սմարթ-գրատախտակի գործածման համար անգամ հերթեր են գոյանում:

Ուրախալի է արձանագրել, որ այս կարճ ժամանակահատվածում ծրագիրը կարողացել է ծառայել իր հիմնական նպատակին և նպաստում է էլ ավելի մեծ նպատակների առաջադրմանը ինչպես Հիմնադրամի, այնպես էլ հանրակրթական համակարգի մաս կազմող բոլոր անձանց` տնօրենների, ուսուցիչների և աշակերտերի համար: