«TeachCup» 2024․ գիտելիքի և համագործակցության տոն
Դեկտեմբերի 14-ին Երևանի ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ անդրանիկ «TeachCup» ինտելեկտուալ մրցույթը՝ հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով, որը թիմային հարցերի միջոցով ստուգում է սահմանափակ ժամանակում խրթին հարցերի պատասխանելու մասնակիցների ունակությունը։ Միջոցառումը կազմակերպել էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը` «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի, ՀԲԸՄ-ի, «Շտիգեն» ընկերությունների խմբի և այլ գործընկերների աջակցությամբ։
TeachCup-ը համախմբել էր Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցների այն առաջին 15 թիմերին, որոնք կամավոր մասնակցության հայտ էին ներկայացրել, նրանց համար օրը դարձնելով ջերմ շփումների, գիտելիքի ու համագործակցության տոն։ Մասնակից 70-ից ավելի ուսուցիչները հնարավորություն ունեցան մոռանալու իրենց առօրյա հոգսերը, գործի դնելու վելուծական մտածողությունը, որոշումների կայացման և խնդիրներ լուծելու իրենց հմտությունները՝ վայելելով որակյալ ինտելեկտուալ ժամանց։
Որպես մրցանակ՝ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը բոլոր մասնակից դպրոցների գրադարաններին նվիրեց «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկը, իսկ համապատասխանաբար հաղթած առաջին երեք թիմերին՝ ՀԱՊՀ հիմնական ԳՏՃՄ դպրոցը ներկայացնող «STEM», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացնող «ՄՍԿՀ» և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամը ներկայացնող «ԴԿԴ» թիմերին՝ Վիզուալ Հայաստանի «21-րդ դարի դասավանդման հմտություններ» թեմայով հեղինակային դասընթաց։ Դասընթացի նպատակն է ոգեշնչել և զինել ուսուցիչներին նորարարական մեթոդներով, այդ թվում՝ Աշխարհացույց կրթական հարթակի կիրառմամբ։
«Վիզուալ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը, որը նաև միջոցառման ժյուրիի անդամ էր, անձամբ հանձնեց պարգևները՝ նշելով. ««ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և մյուս գործընկերների հետ մեր համագործակցությունը վկայում է ուսուցիչների մասնագիտական և անձնական կյանքը բարելավելու մեր ընդհանուր հանձնառության մասին։ Ուսուցիչներին հզորացնելով և նրանց նոր հմտություններ տալով՝ մենք կկարողանանք վերափոխել Հայաստանի կրթական համակարգի հիմքերը և նպաստել դրական, իմաստալից փոփոխությունների տարածմանը մեր հասարակության մեջ։