Մեդիա

Սպասված նորություն․ Վիզուալ Հայաստանը մեկնարկել է սմարթ-էկրանների բաշխումը
Uncategorized

Սպասված նորություն․ Վիզուալ Հայաստանը մեկնարկել է սմարթ-էկրանների բաշխումը

«Սմարթ-էկրան վաստակած դպրոցների մասին հայտարարության սպասումը «Օսկար» մրցանակաբաշխության սպասումն էր հիշեցնում լարված ու անհամբեր էինք» ասում է Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 ավագ դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Ավետիսյանը՝ հիշելով հուլիսի 1-ը, երբ Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամը հայտարարեց «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթում նորագույն տեխնիկա վաստակած դպրոցների մասին։

Մեր հիմնադրամը սիրով տեղեկացնում է, սմարթ-էկրանների երկրորդ խմբաքանակը ևս Հայաստանում է, և Վիզուալ Հայաստանը մեկնարկել է սմարթ-էկրանների բաշխման գործընթացը։ Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 դպրոցը մեկն է այն հաստատություններից, որտեղ արդեն իսկ տեղադրել ենք նորարարության բազմաթիվ հնարավորություններ ընձեռող ժամանակակից տեխնիկան, որն առավել արդյունավետ կդարձնի «Աշխարհացույց» հարթակի կիրառումը։

Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանն անձամբ է հետևել սմարթ էկրանների առաքման գործընթացին՝ այցելելով մի քանի հաղթող դպրոցներ, հանդիպելով տնօրենների, ուսուցիչների և աշակերտների հետ և շնորհավորելով արդյունավետ աշխատանքի շնորհիվ գրանցած հաղթանակի առթիվ: 

Հիմնադրամի տնօրենն ու դպրոցների տնօրենները ստորագրել են համագործակցության պայմանագրեր՝ այդպիսով հավաստելով հետագա համատեղ աշխատանքների և ծրագրերի անցկացման պատրաստակամությունը։ Վիզուալ Հայաստանը շարունակելու է աջակցել դպրոցներին՝ բոլոր աշակերտների համար ապահովելու ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ կրթություն։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր դպրոցներին ջերմ ընդունելության, ոգևորության և հիմնադրամի կատարած աշխատանքը գնահատելու համար։

Այս ամենը, իհարկե, անհնարին կլիներ իրականություն դարձնել առանց հիմնադրամի գլխավոր աջակից ու բարեկամ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնի աջակցության և անմիջական ներգրավվածության: 

Սմարթ-էկրան վաստակած դպրոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, 

մենք էլ անհամբեր սպասում ենք, թե երբ ձեզ կփոխանցենք սմարթ-էկրանները, և անում ենք հնարավորը՝ գործընթացը արագ կազմակերպելու համար։ Խնդրում ենք հաշվի առնել, որ տեխնիկայի տեղափոխման և տեղադրման աշխատանքները բարձր մակարդակով և անվնաս կազմակերպելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ։ 

Մենք գալի՜ս ենք։