Սպասված հանդիպում․ էսսեագրության հիմունքները՝ ՍԻՆԹԵԶ-ի հետ
Uncategorized

Սպասված հանդիպում․ էսսեագրության հիմունքները՝ ՍԻՆԹԵԶ-ի հետ

Նոյեմբերի 5-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գրասենյակում «ՍԻՆԹԵԶ» ոչ ֆորմալ կրթական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ էսսեագրության հատուկ դասընթաց։

Մասնակիցները ոչ միայն խորությամբ ծանոթացան էսսեի առանձնահատկություններին, այլև ունեցան բացառիկ հնարավորություն շփվելու «Աշխարհացույցի» գլխավոր մեթոդիստ և միջազգային կրթության փորձագետ Սեդա Քոչարյանի, ինչպես նաև «Աշխարհացույցի» համաշխարհային պատմության խմբագիր, միջազգային խմբագրական փորձ ունեցող պատմաբան-լեզվաբան Տիգրան Զաքարյանի հետ։

Հանդիպումը դարձավ ոգեշնչման, սովորելու և գիտելիքները խորացնելու հարթակ էսսեագրության աշխարհում։

Դասընթացի առաջին հատվածում առարկան դիտարկվեց փիլիսոփայական տեսանկյունից, իսկ երկրորդում՝ հարցուպատասխանի և օրինակների միջոցով, որտեղ մասնակիցներն ամրապնդեցին էսսեագրության առարկայի և ժանրի նրբությունները։ Օրինակ՝ ուսումնասիրվեց էսսեի «կմախքը» («հիմնական միջնամասը»)՝ խորհուրդ տալով կիրառել ՊՓԲՀ բանաձևը՝ պնդում, փաստ, բացատրություն և հղում.
Այդ ձևաչափով՝

  • «Պնդում»՝ մեկ նախադասությամբ ներկայացվում է փաստի վրա կառուցված եզրահանգումը,
  • «Փաստ»՝ դիմումն ապացուցվում է կոնկրետ օրինակով կամ տվյալով,
  • «Բացատրություն»՝ բացատրվում է, թե ինչպես է փաստը հիմնավորում ներկայացված պնդումը,
  • «Հղում»՝ մեկ նախադասությամբ ամփոփվում է բաժնի հիմնական միտքը՝ հղում տալով հիմնամասում ներկայացված պնդմանը և փաստին։

Բացի այդ, տաղանդավոր աշակերտները կարող են նաև ՊՓԲՀ բանաձևից հետո ներկայացնել տվյալ առարկային բնորոշ որևէ հայեցակարգ, օրինակ՝ վերլուծել այդ բաժնում ներկայացված պնդումը խաչվող հասկացության տեսանկյունից կամ կապ հաստատել տվյալ պնդման և առօրյա կյանքում հանդիպող երևույթների հետ:

Էսսեագրության հիմունքները դարձել են հիմնադրամի վերապատրաստումների քաղաքականության հիմնաքար, քանի որ զարգացնում են սովորողների քննադատական մտածողությունը, փաստարկված վերլուծությունն ու եզրակացություններ կատարելու կարողունակությունները։ Ավելին, էսսե գրելու գործընթացում սովորողը վերլուծում է տեղեկությունը, առանձնացնում է էականն ու երկրորդականը, տարբերակում է փաստերն ու կարծիքները, ինչը նրան օգնում է չընդունել մակերեսային տեղեկությունները, այլ ուսումնասիրել դրանց աղբյուրն ու արժանահավատությունը։

📋Հետագա դասընթացների համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով՝ https://forms.gle/ggf361B8rfPK5aKWA։

Միացի՛ր մեզ և բաց մի՛ թող ուսուցման այս եզակի հնարավորությունը «ՍԻՆԹԵԶ» ծրագրի շրջանակում։