Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր․ մեկնարկեց «Աշխարհացույց» հարթակի եռամսյա վերապատրաստումների 7-րդ շրջափուլը
Uncategorized

Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր․ մեկնարկեց «Աշխարհացույց» հարթակի եռամսյա վերապատրաստումների 7-րդ շրջափուլը

Մարտի 4-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մեկնարկեց «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա վերապատրաստումների 7-րդ շրջափուլը՝ միավորելով Հայաստանի և Սփյուռքի հարյուրավոր ուսուցիչների։

Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն այս տարի ևս մեծ է։ Վերապատրաստումների նոր շրջափուլի համար գրանցվել է 1623 ուսուցիչ՝ Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից։ Մասնակիցների թվում են պատմության, աշխարհագրության, գրականության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, շախմատի, օտար լեզուների ուսուցիչներ, ինչպես նաև դասվարներ։

Նոր շրջափուլի մեկնարկային հանդիպման ընթացքում «Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը, «Եռամսյա վերապատրաստումների» համակարգող Մարիամ Խաչատրյանը և պրոդուկտի զարգացման ղեկավար Արմեն Ներսեսյանը ներկայացրեցին հիմնադրամի ռազմավարական ուղղությունները, վերապատրաստումների ծրագրերը, ինչպես նաև 2026 թվականից ծրագրում իրականացված փոփոխությունները։ Նրանք անդրադարձան նաև հավաստագրերի ստացման կարգին և պատասխանեցին ուսուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

Նոր ուսուցիչների կողքին էին նաև արդեն տարիներ շարունակ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավված մասնակիցներ, որոնք կարևորեցին կիսվել իրենց փորձով և դիտարկումներով՝ ընդգծելով, թե ինչպես է «Աշխարհացույց» հարթակը փոխել դասերի կազմակերպումը և սովորողների ներգրավվածությունը։

«Այս վերապատրաստումներին մասնակցելը մշտապես նոր գաղափարների աղբյուր է։ Արդեն յոթերորդ շրջափուլին եմ մասնակցում։ Ամեն անգամ ինձ համար նոր բան եմ բացահայտում, նոր մեթոդ եմ սովորում, որը ավելի է մոտիվացնում։ Նույնիսկ օտար լեզուների և տարրական դասարանների ուսուցիչները կարող են դաս իրականացնել՝ ստեղծելով միջառարկայական կապ։ Իրոք, Աշխարհացույցն անփոխարինելի է․ կարծես քարտեզը մեր գրպանում է և անհրաժեշտ պահին կարող ենք օգտագործել։ Եթե դուք ասում եք՝ ձեռնարկը ուսուցչի սեղանին է, ես ասում եմ՝ պայուսակի մեջ, որովհետև այլևս չեմ պատկերացնում դասերն առանց այդ ձեռնարկի։ Փաստ է, որ դասերի որակը փոխվել է, փոխվել է նաև երեխաների հետաքրքրվածությունն ու մեր դասերի արդյունավետությունը», — նշում է Գյումրու հ. 28 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Անահիտ Առաքելյանը։

Եռամսյա վերապատրաստումները շարունակվելու են առաջիկա ամիսների ընթացքում՝ ապահովելով նոր հանդիպումներ, փորձի փոխանակում և «Աշխարհացույց» հարթակի կիրառման նոր հնարավորությունների բացահայտում՝ նոր ձևաչափ, նորացված ծրագիր, նոր հորիզոններ։

Մինչ օրս իրականացվել է ծրագրի վեց շրջափուլ։ Միայն վերջին վերապատրաստման ընթացքում մասնակցել է 1159 ուսուցիչ Հայաստանի բոլոր մարզերից և Սփյուռքից։ Նրանցից 187 ուսուցիչ ստացել են հավաստագրեր վերջին փուլում, իսկ 2022 թվականից ի վեր 541 ուսուցիչ ստացել է տարբեր մակարդակների հավաստագրեր։

Ծրագրի արդյունքում ձևավորվել է մասնագիտական համայնք, որտեղ ուսուցիչները՝

  • ակտիվորեն փոխանակում են փորձը,
  • համատեղ մշակում և փորձարկում են դասավանդման նոր մոդելներ,
  • ստեղծում են ուսումնական նոր ռեսուրսներ,
  • իրականացնում են միջդպրոցական և միջառարկայական համագործակցային նախագծեր։

Այս համայնքը դարձել է ժամանակակից կրթական մտածողության, նորարարության և շարունակական զարգացման կարևոր հարթակ։
Վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչները՝

  • ձեռք են բերում 21-րդ դարի պահանջներին համապատասխան հմտություններ,
  • զարգացնում են իրենց թվային և տեխնոլոգիական կարողությունները,
  • կիրառում են դասավանդման որակն ու արդյունավետությունը բարձրացնող ժամանակակից մեթոդներ ու գործիքներ,
  • ապահովում են սովորողների ակտիվ ներգրավվածությունը՝ ստեղծելով աշակերտակենտրոն ուսումնական միջավայր,
  • գործում են որպես մասնագիտական համայնքի ակտիվ անդամներ՝ իրականացնելով փորձի փոխանակում և փոխուսուցում,
  • արժևորում են շարունակական կրթության մշակույթը՝ որպես մասնագիտական հեղինակության բարձրացման կարևոր պայման,
  • նպաստում են նաև Սփյուռքում հայագիտական առարկաների դասավանդման միջավայրի և հնարավորությունների բարելավմանը։