Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր․ մեկնարկվեց «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստումների 6-րդ շրջափուլը
Uncategorized

Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր․ մեկնարկվեց «Աշխարհացույցի» Եռամսյա վերապատրաստումների 6-րդ շրջափուլը

Հոկտեմբերի 10-ին՝ ուրբաթ երեկոյան, մեկնարկեց «Աշխարհացույց» կրթական հարթակի եռամսյա հեռավար վերապատրաստումների 6-րդ շրջափուլը՝ հերթական ուսումնական մարաթոնը, որին միացել են Հայաստանի բոլոր մարզերից և սփյուռքից հարյուրավոր ուսուցիչներ՝ ներկայացնելով տարբեր առարկաներ և դպրոցներ։

Այս տարվա ծրագիրն առանձնանում է նորացված դասացուցակով և հարստացված բովանդակությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին բացահայտել հարթակի տեխնիկական և մեթոդական նոր գործիքները, յուրացնել ժամանակակից դասավանդման մեթոդներ ու հնարներ և զարգացնել կիրառական հմտություններ կրթական տեխնոլոգիաների ոլորտում։

Սա պարզապես վերապատրաստում չէ, այլ՝ մասնագիտական վերափոխման ճանապարհ

Վերապատրաստման մեկնարկին Դիջիթեքի «Աշխարհացույցի» տաղավարից ուսուցիչներին ողջունեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը. «Այսօր մեզ համար կրկնակի կարևոր օր է․ մեկնարկում ենք ոչ միայն երկար սպասված Եռամսյան, այլև առաջին անգամ ներկայանում են Դիջիթեք հեղինակավոր հայկական տեխնոլոգիական միջոցառմանը։ Այստեղ ենք ներկայացնելու կրթության և տեխնոլոգիաների համադրման մեր փորձառությունը։
Եռամսյա վերապատրաստումները, որոնք այս անգամ ռեկորդային քանակությամբ ուսուցիչների են ներգրավել, նույնպես ծնվել են նորարարական կրթական տեխնոլգիան՝ Բրեյնոգրաֆը, դասապրոցեսում ներդնելու արդյունքում։ Սա մեզ համար պարզապես վերապատրաստում չէ․ այն մասնագիտական զարգացման, փոխադարձ աջակցության և համակարգային հետադարձ կապի կարևոր խողովակ է։

Մինչ օրս ծրագրի հինգ շրջափուլին մասնակցած ավելի քան 1000 ուսուցչից 320-ը ստացել են տարբեր մակարդակի հավաստագրեր։ Դրանք ձևական չեն․ վաստակվում են սովորելու, կիրառելու և սեփական փորձով կիսվելու արդյունքում։ Շատերը նշում են, որ հենց այս վերապատրաստումներից հետո են դիմում տարակարգի։ Ավելին, այս վերապատրաստումների շուրջ ձևավորվել է ուսուցչական մասնագիտական նոր համայնք։ Երեք տարի շարունակ՝ ամեն ուրբաթ, մեր ուսուցիչները միևնույն հարթակում սովորում են միմյանցից, օգնում են միմյանց և ձևավորում մասնագիտական պատկանելիության նոր մշակույթ»։

Ուսուցիչներին ողջունեց նաև «Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը՝ ներկայացնելով այս տարվա հիմնական փոփոխությունները․ «Եռամսյա վերապատրաստումները մեր հիմնադրամի առաջնային նախաձեռնություններից է։ Դրանք մեկնարկել ենք դեռ 2022 թվականին՝ նպատակ ունենալով ուսուցիչներին փոխանցել բազային, բայց ժամանակակից և փոխակերպող գիտելիքներ։ Սկսելով մի քանի ուսուցիչներից՝ այսօր ունենք մեծ բանակ, որոնց միավորում է սովորելու և վերափոխվելու անհագ ցանկությունը։ Այս տարի շուրջ 76 տոկոս մասնակիցներ նոր են միացել ծրագրին, ինչը ցույց է տալիս «Աշխարհացույցի» կրթական մշակույթի տարածման աճը։

Մենք մշակել ենք հատուկ ուսումնական պլան՝ հարմարեցված առցանց ձևաչափին և լիովին համապատասխանեցված չափորոշչային տրամաբանությանը։ Նորացված է նաև հավաստագրերի տրամադրման կարգը՝ այն համադրված է ուսուցիչների տարակարգի պահանջներին և հարթակի գործիքակազմի կիրառման հնարավորություններին։ Այսուհետ կունենանք «Աշխարհացույցի» գիտակ, հմուտ և հետազոտող ուսուցիչներ»։

Ուսումնական հագեցած ամիսներ՝ տեխնոլոգիական նոր գործիքներով

Եռամսյա վերապատրաստումների ծրագրի համակարգող Մարիամ Խաչատրյանը ևս ընդգծեց ուսուցչական համայնքի ներգրավվածության և արդյունավետ համագործակցության նշանակությունը․ «Առջևում շատ հագեցած ամիսներ են սպասվում։ Լավ արդյունքի համար հորդորում եմ լինել պարտաճանաչ և մասնակցել բոլոր դասերին։ Միասին ծանոթանալու ենք առաջատար մանկավարժական մոտեցումներին ու ռազմավարություններին, ուսումնասիրելու ենք մեթոդներ ու հնարներ, սովորելու ՏՀՏ գործիքներ՝ դասերի պլանավորումն ու մատուցումը հղկելու համար։ Սա ոչ միայն վերապատրաստում է, այլև փոխադարձ ուսուցման հարթակ, որտեղ ձևավորվում է գործընկերության իրական ոգին»։

Երկու օր՝ գիտելիքների և փորձի փոխանակման համար

Վերապատրաստումների մեծ պահանջարկի և ծրագրի հագեցվածության պատճառով այս տարի հանդիպումները տեղի են ունենալու շաբաթը երկու օր՝ չորեքշաբթի և ուրբաթ երեկոյան՝ ժամը 19:00-ին։

Այսպիսով, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը, հավատարիմ մնալով սովորելու, կիրառելու և կիսվելու սկզբունքին, մեկնարկել է «Աշխարհացույցի» եռամսյա վերապատրաստումների հերթական՝ 6-րդ շրջափուլը՝ նոր գիտելիքների, համագործակցության և մասնագիտական վերափոխման ուղի բացելով հարյուրավոր ուսուցիչների համար։

Ի գործ։