«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026»
Uncategorized

«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026»

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում հայտարարում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» մրցութային ծրագրի մեկնարկը։

Ծրագրի նպատակն է Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներին զինել նոր սերնդի կրթական սմարթ-էկրաններով՝ որպես ժամանակակից կրթական միջավայր ձևավորող թվային ենթակառուցվածքի առանցքային բաղադրիչ։ Մրցութային ծրագիրը, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի այլ հեղինակային ծրագրերի նման, մշակվել և առաջնահերթություն է ստացել կարիքների գնահատմատման արդյունքում։

Հայաստանի հանրակրթական դպրոցներում ժամանակից կրթական միջավայր ստեղծելուն միտված «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» (ՍԷԱԴ 2026) մրցույթ-ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Հիմնադրամի ռազմավարական գործընկեր «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի շարունակական աջակցության շնորհիվ։

***

Ստորև խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ Ծրագրի բովանդակությանը, պահանջներին և պայմաններին։

Ո՞վ կարող է դիմել

ՍԷԱԴ 2026 մրցույթ-ծրագրին կարող են դիմել «Աշխարհացույց» կրթական համայնքի` շահույթ չհետապնդող այն բոլոր հանրակրթական դպրոցներն ու քոլեջները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն «Աշխարհացույց» հարթակի կիրառման առնվազն 6 ամսվա փորձառություն,
  • դպրոցի ուսուցիչները մասնակցել կամ մասնակցում են Հիմնադրամի վերապատրաստումներին,
  • դպրոցի անձնակազմը քաջատեղյակ է մրցույթ-ծրագրի պայմաններին և պատրաստակամ է դրանք կյանքի կոչել,
  • սովորողները գրանցված են brainograph.com հարթակում,
  • դպրոցն այս պահին կամ առաջիկա մեկ տարին չի հիմնանորոգվելու,
  • դպրոցի տնօրինությունը պատրաստակամ է Հիմնադրամի հետ կնքել համագործակցության պայմանագիր, որով ստանձնում է պատասխանատվություն ծրագրի բոլոր փուլերի լիարժեք իրականացման, ռեսուրսների նպատակային օգտագործման և սահմանված ժամկետներում հաշվետվողականության ապահովման համար,
  • դպրոցը կարևորում և խրախուսում է մասնագետների շարունակական մասնակցությունը Հիմնադրամի կողմից իրականացվող վերապատրաստումներին՝ միաժամանակ նպաստելով «Աշխարհացույց» կրթական հարթակի հնարավորությունների ինտեգրմանը դասապրոցեսում՝ որպես սովորողների ներգրավվածության բարձրացման արդյունավետ գործիք,
  • Հիմնադրամի վերապատրաստումներից ունեցած հավաստագրերը կդիտարկվեն որպես առավելություն։

Մրցույթի թեման է՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ գլոբալ խնդիրներ, տեղային լուծումներ»։ Մրցույթը կընթանա երկու փուլով։ Նախագծային մրցույթ-ծրագրի ամբողջական հայեցակարգին ծանոթացեք հետևյալ հղումով։ Ստորև ներկայացված են յուրաքանչյուր փուլի համար սահմանված պահանջները։

I փուլ

Առաջին փուլի համար սահմանված են հետևյալ պահանջները.
— բեռնել և լրացնել հետևյալ ձևաթուղթը,
— լիարժեք լրացնել հետևյալ հայտը։

Ուշադրություն․ չեն դիտարկվի այն դիմումները, որոնք չեն բավարարի առաջին փուլի պահանջները։

Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ ապրիլի 30-ն է։ Դիմումի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել smartschools@visualarmenia.org էլհասցեին՝ «Թեմա» բաժնում գրելով Ծրագրի անվանումը՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026»:

Երկրորդ փուլ անցած դպրոցներն այդ մասին կտեղեկացվեն ս․թ․ մայիսի 10-ին էլհասցեի միջոցով, որից հետո կմեկնարկի 2-րդ՝ բուն նախագծի իրականացման և վերապատրաստումների փուլը։

II փուլ

Երկրորդ փուլը կմեկնարկի ս.թ. մայիսի 15-ին և կավարտվի հոկտեմբերի 10-ին՝ նախագծային աշխատանքների հանձնմամբ։ Ծրագրի երկրորդ փուլ անցած դպրոցները կներգրավվեն առնվազն 6 թեմատիկ վերապատրաստումներում (նախագծային աշխատանքի հմտություններ, 21-րդ դարի հմտություններ, ՏՀՏ հմտություններ և այլն), որոնց նպատակն է ներգրավված դպրոցներին ուղղորդել և աջակցել լավագույն նախագծային աշխատանք կատարելու ճանապարհին։

«Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ գլոբալ խնդիրներ, տեղային լուծումներ» խորագրով իրականացված նախագծային աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից հետևյալ սանդղակի հիման վրա։ Մասնակիցներից պահանջվելու է նախագծային աշխատանքի վերջնարդյունքը ներկայացնել brainograph.com հարթակում՝ հղումն ուղարկելով Հիմնադրամին։

Լավագույն 80 աշխատանքներ ներկայացրած դպրոցները կվաստակեն նոր սերնդի սմարթ-էկրան: Պարտադիր պայմանները բավարարած և հավասար միավորներ հավաքած դպրոցների ընտրության համար սահմանված հավելյալ չափանիշներն են․

  • դպրոցում «Աշխարհացույց» կրթական ծրագրի շահառու սովորողների քանակ,
  • դպրոցում «Աշխարհացույց» կրթական ծրագրին ներգրավված ուսուցիչների քանակ,
  • դպրոցում նորարարական ուսումնական տեխնիկայի կարիք,
  • դպրոցի՝ համայնքում մենթոր լինելու կամ դառնալու հանգամանք։

Ի գիտություն

  • Երկրորդ փուլ անցած դպրոցների հետ կիրականացվի մենթորական աշխատանք՝ ըստ Ծրագրի սահմանած ժամանակացույցի և ուղեցույցի։
  • Նախագծային աշխատանքների գնահատումը կատարելու է տարբեր կրթական կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը։