
«Սմարթ-էկրանը եկավ դպրոց ու լուսավորեց բոլոր մութ անկյունները»․ զրույց Սարուխանի 2-րդ միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Բադալյանի հետ
Որպես մանկավարժ՝ Գոհար Բադալյանն առաջին անգամ ոտք դրեց դպրոց երեսունհինգ տարի առաջ, հետո ուսուցչի պարտականություններին զուգահեռ ստանձնեց նաև տնօրենի պաշտոն։ Այս տասնամյակների ընթացքում նա չդադարեց փնտրել, բացահայտել ու աշակերտի պես ուրախանալ։ Սարուխան համայնքի Մանվել Խոստեղյանի անվան 2-րդ միջնակարգ դպրոցի տնօրենի վերջին ամենամեծ բացահայտումն «Աշխարհացույց» կրթական հարթակն է, ամենամեծ հպարտությունը՝ դպրոցի հաղթանակը «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթում։ Իրենց դպրոցի հաջողության պատմությամբ բոլորի հետ է կիսվում, համայնքում և համայնքից դուրս պատմում է ու խրախուսում օգտվել «Աշխարհացույց»-ից։ Ըստ նրա՝ սա լավագույն հարթակն է ժամանակի մեջ ճամփորդելու և ժամանակին համընթաց քայլելու։
«Ժողովրդական ասացվածք կա։ Ասում են՝ անսովորին մի սովորեցրու, սովորին էլ մի կտրի։ Հիմա մենք սովորել ենք, այլևս չեմ պատկերացնում դասերն առանց «Աշխարհացույցի» և սմարթ-էկրանի,- անկեղծանում է տիկին Բադալյանը,— Իսկ երբ սմարթ-էկրանը եկավ դպրոց, կարծես լուսավորեց բոլոր մութ անկյունները»։
Սարուխանում երեք դպրոց կա, երկրորդ միջնակարգն առայժմ միակն է իր սմարթ-էկրանով։ «Աշխարհացույց»-ն այստեղ կիրառում են 2023 թվականի սեպտեմբերից։ Սկիզբը պատմության երիտասարդ ուսուցչուհին է դրել, հետո վարակել նաև տնօրեն ու աշխարհագրության ուսուցիչ Բադալյանին․«Սկզբում դժվարանում էի, Բալասանն (պատմության ուսուցչուհին) օգնեց։ Վեցերորդ դասարանում մայրցամաքների աշխարհագրություն էինք անցնում, սմարթ-էկրանը դեռ չկար։ Դասը համակարգչով արեցինք, մայրցամաքներն էինք համեմատում, տնտեսությունը, աշխարհագրական դիրքերը։ Ինձ համար նորություն էր ու շատ հետաքրքիր։ Կուզեի՝ բոլոր առարկաներն ընդգրկված լինեին հարթակում։ Այդպես ուսումն ավելի արդյունավետ կլինի, որակն՝ ավելի բարձր։ Երեխաներն այս նոր տեխնոլոգիաներով ամեն ինչ ավելի հեշտ ու արագ են ընկալում, երբեմն նույնիսկ իրենք են մեզ օգնում»,— ասում է Սարուխան համայնքի 2-րդ դպրոցի տնօրենը։
Նախ «Աշխարհացույց»-ի հնարավորություններն էին բացահայտում, հետո ծնվեց սմարթ-էկրան ունենալու երազանքը։ Առաջին անգամ այն տեսան իրենցից մի քանի գյուղ այն կողմ՝ Հայրավանքի դպրոցում․ «Երազանք էր, որ մենք էլ շահենք ու դպրոցում սմարթ-էկրան ունենանք, ու հաջորդ հանդիպումը մեր գյուղում լիներ»,- հիշում է տիկին Բադալյանը։
Այդպես համարձակ երազանքը դարձավ նպատակ։ Դպրոցը մասնակցեց «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագրին և ներկայացրեց նախագծային աշխատանք հայրենի բնակավայրի ակունքների մասին։ Աշխատանքը ղեկավարում էր պատմության ուսուցչուհին, իսկ տնօրեն Գոհար Բադալյանը աջակցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ։ Աշակերտների հետ ուսումնասիրեցին Սարուխանի և շրջակայքի ամեն քարն ու թուփը, խոսեցին համագյուղացիների հետ։ Երազանքից իրականություն ճանապարհին աշակերտներն առաջին հերթին նորովի բացահայտեցին հարազատ գյուղը, ապա դպրոց բերեցին նաև այդքան բաղձալի սմարթ-էկրանը։ Սարուխանի 2-րդ միջնակարգ դպրոցը դարձավ մրցույթի 100 հաղթողներից մեկը։
«Սրտատրոփ սպասում էինք, ու մեր դպրոցի անունն էլ կարդացին։ Այդ օրը տանն էի․ տնօրեն լինելուց բացի, ես զբաղված եմ նաև գյուղական առօրյա գործերով՝ անասնապահություն, հողագործություն։ Բայց այդ պահին անասուններին թողել, նստել, սպասում էի։ Երբ իմացանք, որ հաղթել ենք, Բալասանը՝ պատմության ուսուցչուհին, ուրախությունից լաց էր լինում, ես ինձ հազիվ էի զսպում։ Սմարթ-էկրանը բերելու օրը հարևան գյուղերից տնօրեններն ու ուսուցիչները մեր դպրոցում էին հավաքվել,— թեև այդ օրից անցել է կես տարի, բայց տիկին Բադալյանը հիշում է բոլոր մանրամասները,- Նախկին համակարգչային սենյակում այն տեղադրեցինք։ Հիմա բոլորը ձգտում են այնտեղ դաս անել։ Ինձ էլ է ձգում այդ սենյակը։ Եթե կա հնարավորություն, նախընտրում եմ դասն անցկացնել սմարթ-էկրանով։ Այդպես այն ավելի տպավորիչ է և արդյունավետ»։
Բոլոր նախագծային աշխատանքներն ու բաց դասերն այդ լսարանում են անում։ Պատմությունից մինչև գրականություն և մաթեմատիկա՝ սմարթ-էկրանն օգտագործում են բոլոր առարկաների համար։ Դրանից նույնիսկ առաջին դասարանցիներն են օգտվում։
«Այսօր պատահական մտա ու տեսա, որ «զ» տառն էին սովորում։ Էկրանին բառեր էին գրված, որոնց մեջ պետք է տեղադրեին «զ» տառը։ Այդ դասարանում մի երեխա ունենք, որին մեծ դժվարությամբ դպրոց բերեցինք։ Ծնողն ասում էր՝ երեխան չի ուզում գալ։ Բայց պատկերացրեք՝ հակառակն ստացվեց,— ոգևորությամբ պատմում է Գոհար Բադալյանը,- Այսօր, երբ ուսուցիչը հարցրեց դասը, առաջինն այդ երեխան ձեռք բարձրացրեց։ Այսինքն՝ այս նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք կարողանում ենք ներգրավել նույնիսկ ամենաչհետաքրքրված և, այսպես ասած, թույլ աշակերտներին։ Իրենց համար շատ հետաքրքիր է դասը, երբ կարողանում են ամեն ինչ պատկերավոր տեսնել, մոտենալ էկրանին, շոշափել»։
Աշակերտները նախընտրում են թվային միջավայրը, իսկ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամն իր «Աշխարհացույց» կրթական նորարական հարթակով և սմարթ-էկրանների ծրագրով հենց այդ միջավայրն է ապահովում՝ Երևանի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղեր։ Շնորհիվ նորարական այս լուծումների՝ Սարուխանի միջնակարգ դպրոցում ուսուցումը դառնում է նույնքան մրցակցային, որքան Հայաստանի ցանկացած առաջադեմ դպրոցում, սա Գոհար Բադալյանն արդեն անթաքույց հպարտությամբ է արձանագրում։