Սեմինարներ «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում
Uncategorized

Սեմինարներ «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում

ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամն իր «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում կազմակերպեց սեմինարներ Հայաստանի տարբեր դպրոցների շուրջ հարյուր պատմության ուսուցիչների համար։

Հանդիպումների ընթացքում ուսուցիչները հնարավոր ւթյուն ստացան մանրամասն տեղեկանալ «Աշխարհացույց» կրթական ծրագրին, գրանցվեցին ինտերակտիվ հարթակում, ծանոթացան հարթակի գործածման հնարավորություններին ըստ պատմություն առարկայի չափորոշիչների։

Մասնակիցներին ներկայացվեցին նաև հարթակի զարգացման հնարավորությունները։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ողջունելով ուսուցիչներին նշեց․ «Մարտահրավերներով լի աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող Հայաստանի համար կրթված և մրցունակ մարդկային կապիտալն ամենաարժեքավոր ռեսուրսն է։ Ժամանակակից աշխարհում նորարարությունները մեծ դեր են զբաղեցնում կրթության արդյունավետության բարձրացման գործում։ Այս ամենի գիտակցմամբ նախաձեռնել ենք «Աշխարհացույց» նորարական կրթական հարթակը, որը հայ երեխաների համար կարող է ապահովել մրցունակ և 21-րդ դարին համահունչ դասավանդման պրոցես:

Մեր նպատակներից է հզորացնել հայ ուսուցչի կարողությունները, քանի որ հենց նրա ուսերին է ընկած ներկա ու ապագա սերունդների  ևˊ կրթությունը, ևˊ որպես գիտակից քաղաքացի կերտելու պատասխանատու գործը»։

Հիմնադրամի գործընկեր «EduArmenia»-ի համահիմնադիր, պ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը ներկայացրեց Աշխարհացույցի համապատասխանելիությունը  հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների և առարկաների չափորոշիչների և օրինակելի ծրագրին՝ տալով արդյունավետ կիրառման մի քանի հնարավորություններ։

Սեմինարները կլինեն պարբերական՝ հնարավորություն տալով առավել շատ ուսուցիչների լինել ներգրավված և նորարարական տեխնոլոգիաների միջոցով կազմակերպել իրենց դասը, որը կլինի ինտերակտիվ, բովանդակալից ու հետաքրքիր։

«Աշխարհացույց» նորարական կրթական հարթակի միջոցով նախ և առաջ հնարավոր է պատմական ցանկացած իրադարձություն կամ անուն կապել և ցուցադրել տարածության ու ժամանակի հետ՝ հնարավորություն տալով ուսուցիչներին իրենց խոսքն առավել պատկերավոր ու հանրամատչելի մատուցել աշակերտներին։

Նշենք, որ ըստ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) մասնագիտական եզրակացության «Աշխարհացույց» նորարական կրթական հարթակը կարող է որպես ինտերակտիվ գործիք արդյունավետ գործածվել հանրակրթական դպրոցներում առարկան մատուցելու և սովորելու գործընթացում։