Ամեն ինչ շատ արագ է փոխվում, պետք է հասցնել փոփոխությունների հետևից. զրույց դպրոցի տնօրեն Հասմիկ Սարգսյանի հետ
Uncategorized

Ամեն ինչ շատ արագ է փոխվում, պետք է հասցնել փոփոխությունների հետևից. զրույց դպրոցի տնօրեն Հասմիկ Սարգսյանի հետ

«Պատկերացնո՞ւմ եք, այսպես ասած, համեստ պայմաններ ունեցող դպրոցը կարողանում է մասնակցել մրցույթին և հաղթել։

Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 հիմնական դպրոցում կա մի դասարան, որտեղ դասերը սովորականից աղմկոտ են անցնում, ու դա միայն ոգևորում է դպրոցի տնօրենին։ Դասարանը նրա սենյակի հարևանությամբ է․ հենց այնտեղ է տեղադրված «Աշխարհացույցի» մրցույթով վաստակած սմարթ-էկրանը։

«Գիտե՞ք՝ ինչ հաճելի է, երբ ամեն անգամ լսում եմ երեխաների ոգևորված ձայները, նրանց հարցերն ու հետաքրքրությունը։ Ոգևորությունն այդ դասասենյակում ավելի մեծ է, քան սովորական դասերի ժամանակ։ Նորագույն տեխնոլոգիաները հետաքրքրություն են առաջացնում աշակերտների շրջանում։ Հիմա դրանք են առաջ տանում կրթությունը»,— պատմում է Հասմիկ Սարգսյանը, որը 1986 թ. աշխատում է դպրոցում, 2021 թ. տնօրեն է ու վաղուց չէր նկատել նման ոգևորություն։

Հասմիկ Սարգսյանը հպարտությամբ է պատմում «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթում հաղթելու և «Վիզուալ Հայաստանի» հետ համագործակցության մասին։ Պատճառները մի քանիսն են։ Նախ՝ Հ․ Մորգենթաուի անվան դպրոցը փոքր է ու հին՝ շրջապատված ավելի մեծ, նորոգված ու թարմ տեխնիկայով զինված դպրոցներով։ Սմարթ-էկրանն օդ ու ջրի պես անհրաժեշտ էր՝ մրցակցությանը դիմանալու և աշակերտներին դպրոցում պահելու համար։ Երկրորդ՝ աշակերտների համար պատվի հարց էր այդ մրցույթում հաղթելը։ Նրանք մեկ անգամ մասնակցել էին մրցույթին, սակայն չէին հաղթել։ Տխրել էին, բայց չէին հանձնվել։ Երբ հայտարարվեց նոր մրցույթի մասին, դպրոցը կրկին մասնակցեց, ու Հենրի Մորգենթաուն հաջողություն բերեց նրանց։ Մրցույթին մասնակցեցին հենց նրա մասին նախագծային աշխատանքով ու հաղթեցին։

«Մեր դպրոցի համար դա մեծ ձեռքբերում էր։ Պատկերացնո՞ւմ եք, այսպես ասած, համեստ պայմաններ ունեցող դպրոցը կարողանում է մասնակցել մրցույթին և հաղթել։ Սա շատ մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների, ծնողների ու ուսուցիչների շրջանում։ Ճիշտն ասած, չէի կարծում, որ ոգևորությունն այդ աստիճանի կլինի,- հիշում է տնօրեն Սարգսյանը։ — Երեկոյան ութն էր, երբ ուղիղ միացում պիտի լիներ, ու հայտարարեին հաղթողների անունները։ Եկա դպրոց, մտածում էի՝ միայն ուսուցիչներն ու նախագծին մասնակցած աշակերտները կլինեն, բայց ծնողներն էլ էին եկել։ Նրանցից մեկը նույնիսկ գնաց, շամպայն բերեց, երբ հայտարարեցին մեր անունը»։

Սմարթ-էկրանը փոխել է դպրոցի մթնոլորտը։ Տնօրենը պատմում է, որ նույնիսկ դերերն են ժամանակ առ ժամանակ փոխվում․ հետաքրքիր է հետևել՝ ինչպես են երբեմն աշակերտները սովորեցնում ուսուցիչներին օգտվել սմարթ-էկրանից։ Այս նորությունը ոգեշնչման նոր աղբյուր է դարձել դպրոցում, հետաքրքիր իրարանցում ստեղծել։

«Ամեն ինչ շատ արագ է փոխվում, պետք է հասցնել փոփոխությունների հետևից։ Հին մեթոդներով, ավանդական դասագրքերով դժվար է հետաքրքրություն առաջացնել այս սերնդի աշակերտների մեջ։ Հիմա, կարծում եմ, երեխաների համար պիտի ավելի հետաքրքիր անցնեն դասերը»,- ասում է Հասմիկ Սարգսյանը։

Ուղերձը «Վիզուալ Հայաստանին» մեկն է՝ բարգավաճել։ Ասում է՝ որքան շատ զարգանա հիմնադրամն ու առաջ գնա, դպրոցներն այնքան ավելի շատ կզգան այդ առաջընթացն իրենց ամենօրյա աշխատանքում։ Ասում է՝ իրենց դպրոցում շատ են ոգևորված «Վիզուալ Հայաստանի» հետ համագործակցությամբ, սպասում են նոր վերապատրաստումների, որպեսզի սմարթ-էկարնն ու «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակն օգտագործեն իր բոլոր հնարավորություններով։