Ռադիո «Արևիկի» ունկնդիրները տեղեկացան «Աշխարհացույց»-ի  ծրագրերի և առաջիկա մրցույթի մասին
Uncategorized

Ռադիո «Արևիկի» ունկնդիրները տեղեկացան «Աշխարհացույց»-ի ծրագրերի և առաջիկա մրցույթի մասին

Ի՞նչ է առաջարկում «Աշխարհացույց» ծրագիրը դպրոցներին, ուսուցիչներին, աշակերտներին, ի՞նչ է անում կրթական միջավայրն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար։ «Մեկնարկ» հաղորդաշարի հեղինակ-վարող Հասմիկ Մկրտչյանի այս հարցերին պատասխանեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը՝ մարտի 6-ին հյուրընկալվելով ռադիո «Արևիկ»-ում։ 

 «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում ՀՀ 40 դպրոց նախորդ տարի ստացել է նորագույն սերնդի սմարթ-էկրան, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և ինտերակտիվ անցկացնել դասերը, բայց «Աշխարհացույցի» դպրոցների աշխարհագրությունն ավելի մեծ է, քան այս 40 դպրոցը։ Միայն մեր  բլոգում ներգրավված են 3500 ուսուցիչներ»,- ասաց Արևիկ Ավետիսյանը։

Նա տեղեկացրեց, որ այս տարի ևս հայտարարել են նախագծային մրցույթ։ Մինչև մարտի 15-ը  դպրոցները կարող են դիմել «Սմարթ-էկրաններ «Աշխարհացույցի» դպրոցներին 2024» ծրագրին, որի մասնամասները ներկայացված են «Վիզուալ Հայաստան»-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։

«2024 թվականի մրցույթի խորագիրն է՝ «Իմ Աշխարհացույցը՝ քարտեզագրելով․․․»։ Ստեղծագործական թիմը պետք է որոշի, թե ի՛նչն է ուզում քարտեզագրել, Հայկական լեռնաշխարհի կամ ընդհանուր հայոց պատմության ո՛ր մասն է ուզում քարտեզագրել, ուսումնասիրել։ Ստեղծագործելու մեծ դաշտ է թողնված թիմերին՝ երաժշտական գործիքներից սկսած մինչև տարազներ, հնավայրեր, հեքիաթներ, պատումներ»,- նշեց «Աշխարհացույց» ծրագրի ղեկավարը։

Հաղորդման ամբողջական ձայնագրությունն այստեղ՝