Նոր փուլ՝ Աշխարհացույցի մարզային վերապատրաստումների ծրագիր
Երբ Հիմնադրամի երկու հիմնական ծրագրերը միավորվում են կրթական սիներգիա ստեղծելու համար

Մարզային վերապատրաստումների եռաստիճան համակարգի մեկնարկով «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական ծրագիրը զարգացման նոր և կարևոր փուլ է մտնում։ Այս նորամուծության նպատակը կրթության որակի կայուն բարձրացումն է, որպեսզի ժամանակակից կրթական մոտեցումները հասանելի դառնան Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաքում։
Տեղային առաջնորդություն՝ հանուն համակարգային փոփոխության
Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է տեղային կարողությունների զարգացումը․ յուրաքանչյուր մարզում և Երևանում Հիմնադրամի մենթորության ծրագրի շրջանավարտներից ընտրվել է մեկ վերապատրաստող ուսուցիչ, որը հատուկ պատրաստություն է անցել Աշխարհացույցի մեթոդաբանությունը և ուսուցման մշակույթը համայնքներում տարածելու համար։ Այս մոդելը հնարավորություն է տալիս ձևավորելու տեղային կրթական առաջնորդների կայուն ցանց, որը կապահովի շարունակական մասնագիտական աջակցություն, փորձի փոխանցում և կրթական նորարարությունների խորքային ներդրում դպրոցներում։
Ինչո՞վ է առանձնահատուկ այս ծրագիրը
Մարզային վերապատրաստումների եռաստիճան համակարգը կառուցված է այնպես, որ ապահովի ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլ նաև՝
- ուսուցիչների մասնագիտական շարունակական աճ,
- համայնքային կրթական միջավայրի ակտիվացում,
- փորձի փոխանակում և փոխուսուցում,
- կրթական նորարարությունների կայուն ներդրում։
Վերապատրաստող ուսուցիչները Ծրագրի շրջանակներում կաշխատեն իրենց մարզերում գործող դպրոցների հետ՝ կազմակերպելով դասընթացներ, աշխատարաններ, խորհրդատվություններ և համատեղ նախագծային աշխատանքներ։
Մարզային նոր վերապատրաստող ուսուցիչները
Ուրախությամբ ներկայացնում ենք մեր թիմի նոր անդամներին, ովքեր այսուհետ կներկայացնեն Աշխարհացույցը Երևանում և ՀՀ մարզերում՝ դառնալով կրթական փոփոխությունների տեղային առաջնորդներ։
Վստահ ենք, որ այս նոր ձևաչափը հնարավորություն կտա կրթական նորարարությունները հասցնել առավել լայն լսարանի՝ ձևավորելով համագործակցային, ժամանակակից և զարգացող կրթական համայնք։
Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրին դիմելու համար՝ https://forms.gle/14B8hPzjrpZST1BM6


