
«Մի ծաղկով գարուն կգա»․ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024»-ի մենթիներն իրականացնում են աշխատարաններ
Ս․թ․ հունիսին մեկնարկած «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024» վեցամսյա ծրագիրն ընթանում է ամբողջ ծավալով՝ շաբաթական դասեր, տնային աշխատանքներ, ռեսուրսների ստեղծում և, իհարկե, աշխատարանների (վորքշոփ) կազմակերպում և իրականացում։
Ծրագրի մասնակիցները կրթաթոշակային ծրագրի արդյունքում պետք է ապահովեն հինգ վերջնարդյունք, որոնցից մեկն աշխատարանի իրականացումն է իրենց համայնքների ուսուցիչներ հետ՝ նպատակով իրազեկել «Աշխարհացույց» կրթական հարթակի մասին, սովորեցնել գործընկերներին աշխատել հարթակով, փոխանցել վեցամսյա ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքներն ու փորձը։ Մեկ մենթոր ուսուցիչն էական բարեփոխում է բերում իր կրթական համայնքին՝ տարածելով իր սովորածն ու փորձածը գործընկերների շրջանում` ստեղծելով բազմապատկիչ ազդեցություն:
«Աշխատարաններ իրականացնելիս ուսուցիչները ոչ միայն զարգացնում եմ «Աշխարհացույց» հարթակով դասավանդման կարողունակություններ, այլև առաջնորդության և համագործակցության հմտություններ, որոնք կարևոր են կրթության բնագավառում նորարար փոփոխություններ բերելու համար։ Ասում են՝ մի ծաղկով գարուն չի գա, բայց մեր մենթիներից յուրաքանչյուրը մի ծաղիկ է իր համայնքում ու նրանք կարող են մի ծաղկով գարուն բերել, մենք էդ հրաշքն արդեն տեսնում ենք», — կարևորում է Ծրագրի գլխավոր մեթոդիստ, դասընթացավար Սեդա Քոչարյանը։
«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագիրը զարգացնում է մանկավարժների տեխնոլոգիական գրագիտության, հաղորդակցության, համագործակցության, նախաձեռնողականության, քննադատական և վերլուծական մտածողության և մի շարք այլ հմտությունները։ Մենթիները սովորում են նաև դասավանդման և ուսումնառության արդի մոտեցումներ՝ նպաստելով կրթության որակի էական բարձրացմանը:
«Այս տարվա 33 մասնակիցներն առանձնանում են իրենց մարտական ոգով և սովորելու ձգտմամբ։ Ի սկզբանե նախատեսված էր, որ Ծրագրի կրթաթոշակային փուլ կանցներ 20 ուսուցիչ, բայց նրանց կատարած որակյալ աշխատանքների, ոգևորության ու պայքարի արդյունքում Հիմնադրամը վերանայեց կրթաթոշակների թվաքանակը։ Մասնակիցներն անցան ատեստացիա․ արդյունքում 33-ն էլ կարողացան պահպանել իրենց տեղը ծրագրում։
Մենթիները հնարավորություն ունեն շաբաթվա սովորածն անմիջապես կիրառության մեջ դնել, ինչը մարտահրավեր է ուսուցիչների համար, բայց նրանք հաստատակամությամբ շարունակում են իրենց գործունեությունը։ Սա իսկապես ուսուցչի կարողությունների զարգացման ինտենսիվ ծրագիր է։
Մեր մենթիները մեզ հետ կիսվում են աշխատարաններից ստացած իրենց տպավորություններով ու նկարներով, որոնք մենք մաս-մաս կներկայացնենք», — նշում է Աշխարհացույց ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։
Ծրագրի մասին մանրամասն՝ https://bit.ly/3A7Tv9A

«Դասին նախ ներկայացրեցինք հարթակը, ապա դեսպան-աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով, արված նախագծերով, հարթակի գործիքակազմը ներկայացվեց։ Սեմինարին մասնակցում էին նաև ԿԱՊԿՈՒ աշակերտների ծնողներ, որոնք ևս շատ ոգևորվեցին հարթակն իրենց աչքով տեսնելիս, քանի որ միայն նկարներով էին տեսել, իսկ այժմ՝ իրական դաշտում։ Մեծ ոգևորություն առաջացավ ծնողների մոտ։ Նաև վերջում որպես ամփոփում ներկայացվեց դասի ընթացքում իրենց երեխաների կողմից հարթակի կիրառության արդյունքում ստացված աշխատանքները։ Ներկա էին 15-ից ավելի ծնող և նույնքան աշակերտ», — Կիմա Շահբազյան։

«Արձագանքը շատ դրական էր, ինչն էլ մեծ ոգևորություն պատճառեց ինձ։ Բոլորը շատ ոգևորված էին։ Ներկա էին հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, պատմություն, տեխնոլոգիա, ազգային երգ ու պար, կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։ Կենսաբանության ուսուցչուհին նշեց, որ սկզբում մտածում էր, որ ինքն այդտեղ չպետք է լիներ, իսկ հետո հասկացավ, թե ինչքան հետաքրքիր է իր համար և ինչքան նոր բան սովորեց։
Տուն եմ եկել երջանիկ, որովհետև փորձեցի այս մի քանի ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքներս հնարավորինս փոխանցել գործընկերներիս։ Իսկ այդ գիտելիքները ստացել եմ Հիմնադրամի կազմակերպած վերապատրաստումների, կրթաթոշակային ծրագրի, Աշխարհացույցի հզոր թիմի և Սեդա Քոչարյանի շնորհիվ», — Արփենիկ Ղազարյան։

«Սկզբում խոսեցի Հիմնադրամի, նրա հայրենանվեր գործունեության, ծրագրերի ու մեր դպրոցի մեծ ու կարևոր ձեռքբերման մասին: Այնուհետև ներկայացրեցի սմարթ էկրանի և «Աշխարհացույց» կրթական հարթակի գործիքակազմը, ապա՝ վերջինիս օգնությամբ միջառարկայական կապեր ստեղծելու հնարավորությունները, որը հավանության արժանացավ ուսուցիչների կողմից,մանավանդ, որ հավելեցի, որ հարթակը մտադիր է ընդլայնել առարկայացանկը: Ներկա էին նաև ծնողներ, որոնց հարթակը հետաքրքրեց և խոստացան օժանդակել սովորողներին», — Արևիկ Բաղդասարյան։

«Սեմինարի մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին հարթակի վերաբերյալ և նրանցից մեկը նույնիսկ նշեց, որ նոր փոփոխություններին ընդառաջ «Աշխարհացույցը» ամենադրական և անհրաժեշտ փոփոխությունն էր։ Մասնակից ուսուցիչները պատրաստակամություն հայտնեցին իրենց դասերը կազմակերպել «Աշխարհացույցով», որն իրենց շատ հետաքրքրեց։ Հանդիպումը հետաքրքրեց և մոտիվացրեց ուսուցիչներին», — Մերի Մարտիրոսյան։

«Առանձին-առանձին ներկայացվեցին հարթակում առկա առարկաները, առանձնապես մեծ էր գրականության ուսուցիչների ոգևորությունը։ Այն ուսուցիչները, որոնք ծանոթ էին հարթակին, իրենց համար էլ նորություն էր մի շարք նոր գործիքների առկայությունը, որոնցով հարթակը վերջերս է համալրվել։ Ուսուցիչներին ներկայացվեց նաև եռամսյա վերապատրաստումների մասնակցության առավելություններն ու արդյունավետությունը», — Նունե Աղեկյան։

«Հանդիպումն անցավ բավականին արդյունավետ ու ակտիվ քննարկումների մթնոլորտում։ Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ էին ծանոթանում մատուցվող նյութին։ Հարթակն արդեն կիրառում էին դասերի ընթացքում պատմության և աշխարհագրության ուսուցիչները։ Ոգևորություն առաջացավ նաև «Գրականություն», «Իմ հայրենիք», «Արվեստ», «Կերպարվեստ» «Կենսաբանություն», «Մայրենի», «Օտար լեզուներ» դասավանդող մասնագետների մոտ․ իրենց համար բացահայտեցին հարթակը և նրա հնարավությունները։ Նույնիսկ ֆիզկուլտուրայի ուսուցչուհին որոշեց, որ իր դասերին օլմպիական խաղերի մասին պատմող հոդվածները կարող է օգտագործել», — Վարդուհի Աֆյան։

«Մասնակիցների մի մասը տեղում գրանցվեցին հարթակում, հատկապես ոգևորված էին դասվարներն ու գրականության ուսուցիչները։ Պայմանավորվեցինք առաջիկա շաբաթների ընթացքում ավելի փոքր խմբերով՝ ըստ մասնագիտությունների, շարունակել աշխատանքը։
Վերջապես հայտնվել է մի հարթակ, որն իսկապես օգնում է ուսուցչին, բարձրացել է աշխատանքիս արդյունավետությունը», — Գայանե Կարախանյան։

«Անկեղծ ասած մասնակիցների արձագանքներն այնքան բուռն ու անսպասելի էր ինձ համար, քանի որ ես վաղուց եմ կիրառում հարթակը, շատ զարմանալի էր, որ մեր համայնքում այսքան ուսուցիչներ չէին տիրապետում, կամ ցանկանում էին օգտագործել, բայց իրազեկ չէին ինչպես և որտեղից սկսել։
Շատ ուրախ եմ, որ կարողացա մի մեծ համայնք կցել «Աշխարհացույցին», կարևորում եմ ուսուցիչներին իրազեկելը։ Շատ դրական արձագանքներ փաստեցին, որ կարևոր ու արդյունավետ էր հանդիպումը։ Վստահ եմ մասնակից ուսուցիչները կկիրառեն հարթակը, իսկ գործիքներից ամենաշատը աշխարհագետները հավանեցին քանոնը, իսկ պատմաբանները՝ խաղերն ու լամպի գործիքը», — Մարյամ Միքայելյան։








