ՄԱԶԾ «Կլիմայական արկղիկը»՝ Աշխարհացույցում

Ուրախությամբ հայտնում ենք, որ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի և ՄԱԶԾ-ի (UNDP) համագործակցության արդյունքում «Կլիմայական արկղիկ» կրթական ծրագրի բովանդակության մի մաս ինտեգրվեց Աշխարհացույց հարթակում (EdTech brainograph.com)։
Այսուհետև հարթակում հասանելի է «Կլիմայական փոփոխության հիմնախնդիրը» թեման՝ հարստացված հատուկ մշակված քարտեզներով, ժամանակացույցով, հատուկ կատիգորիաներով, վիզուալներով, հարակից ուսումնական նյութերով և այս ամենը միջառարկայական համատեքստում ուսումնասիրելու հնարավորությամբ։
Մարտի 17-ին Աշխարհացույց ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանն ու աշխարհագրության վերապատրաստող ուսուցիչ Անի Հովհաննիսյանը ՄԱԶԾ «Կլիմայական արկղիկ» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովում ներկայացրեցին համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքը, ստեղծված արդյունքները և զարգացման հեռանկարները։ Ուրախ ենք փաստել, որ արված աշխատանքը ոգևորությամբ ընդունվեց միջոցառմանը ներկա թե՛ ուսուցչական, թե՛ մասնագիտական համայնքների և թե՛ ՄԱԶԾ Ծրագրի ղեկավարության կողմից։
Մեր բանախոսները նշեցին, որ կլիմայական կրթության հիմնական մարտահրավերն այսօր տեղեկության պակասը չէ, այլ դրա վերածումը կիրառելի գիտելիքի ու կրթական համակարգի անբաժանելի մասի, որը կարող է նպաստել վարքագծային փոփոխության։
Այս համատեքստում ներկայացվեց, թե ինչպես կարելի է «Կլիմայական արկղիկի» բովանդակությունը տեղափոխել թվային միջավայր՝ դարձնելով այն․
- հասանելի ավելի լայն լսարանի համար,
- կիրառելի ամենօրյա դասապրոցեսում,
- և ինտեգրված տարբեր առարկաների շրջանակում (աշխարհագրություն, բնագիտություն, պատմություն և այլն)։
Այս համագործակցությունը փաստեց, որ «Կլիմայական արկղիկը» ապահովում է խորքային և բովանդակային հիմք, իսկ «Աշխարհացույցը» կարող է այն վերածել կենդանի ուսուցման միջավայրի՝ ապահովելով համակարգային ինտեգրում և մասշտաբային տարածում։
Աշխատաժողովին ներկա էին ինչպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կլիմայական արկղիկ» ծրագրի տեղական ղեկավար կազմն, այնպես էլ ծրագրի տարածաշրջանային ղեկավար Պետրա Վալաստինովան և միջազգային գնահատող փորձագետ Ռաուլ Գեռերոն։











