Մարզային սեմինարների հինգերորդ հանդիպումը. Կոտայք
Uncategorized

Մարզային սեմինարների հինգերորդ հանդիպումը. Կոտայք

Հոկտեմբերի 28-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը, ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համատեղ, Կոտայքի մարզում իրականացրեց «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման անվճար սեմինար։

Սա արդեն թվով հինգերերոդ հանդիպումն է մարզերի ուսուցիչների հետ։ Նախկինում սեմինարներ են տեղի ունեցել Տավուշում, Գեղարքունիքում, Շիրակում և Լոռիում։ Սեմինարի նպատակն է սովորեցնել ուսուցիչներին ինչպես օգտվել «Աշխարհացույց» հարթակից, ինչպես կիրառել հարթակը դասապրոցեսում և զարգացնել նրանց մեթոդամանկավարժական ու առարկայական հմտությունները։

«Մեր համոզմունքն է, որ կրթության բովանդակությունը պետք է փոխանցվի աշակերտին 21-րդ դարի պահանջներին համապատասխան միջոցներով և մեթոդաբանությամբ։ Մասնավորապես, մերօրյա իրականության պայմաններում կրթությունն ունի որոշիչ դեր․ այն ապագայի հաջողությունների և հաղթանակների երաշխիքն է։ Հենց այս նպատակով մենք ստեղծել ենք «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակը, որը սովորելու և սովորեցնելու ամբողջովին նորարար մոտեցում է», — նշեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։ 

«Այսօր «Աշխարհացույց»-ից օգտվում է ավելի քան 500 ուսուցիչ, որոնք աշխատում են շուրջ 20000 աշակերտի հետ։ Հարթակն ապահովում է պատմություն առարկայի ինտերակտիվ և պատկերավոր դասավանդում, նպաստում է աշակերտների վերլուծական և ստեղծարար մտքի ձևավորմանը, ինչպես նաև առաջադիմության բարձրացմանը», — ասաց «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։

Սեմինարի ընթացքում մասնակից ուսուցիչներն ամրապնդեցին տեսական գիտելիքը գործնական առաջադրաքների միջոցով։ Մարզային սեմինարը ուսուցիչներին ապահովում է ժամանակակից կրթական չափորոշիչներին համահունչ արդյունավետ դասապրոցես կազմակերպելու հմտություններով, ինչպես նաև հմտացնում նորարարական տեխնոլոգիան կիրառելու հարցում։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմադրամը ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի հետ համատեղ 2023թ-ի ապրիլից մեկնարկել է «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման մարզային սեմինարիների շարք։ 

«Աշխարհացույց»-ը (հասանելի brainorgaph.com հարթակում) նորարար կրթական ծրագիր է, որն իրականացվում է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցական առարկաների ուսուցումը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։

Սեմինարի մասնակիցները կստանան «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և ծրագրի մասնակցության, ինչպես նաև կիրառման հավաստագրեր հետևյալ նախապայմաններն ապահովելու պարագայում․

  • Մասնակցել սեմինարին՝ ըստ նախապես կազմված օրակարգի
  • Հաջորդ մեկ ամսվա ընթացքում կիրառել հարթակը դասերին, ուղարկել լուսանկարներ և տեսանյութ info@visualarmenia.org էլ․ հասցեին կամ գրել FB աշխարհացույց փակ խմբին https://www.facebook.com/groups/ashkharatsuyts 
  • Շաբաթական առցանց հանդիպումներին ներկայացնել Աշխարհացույց հարթակի հնարավորությունների կիրառմամբ դասապլան։