Մարզային սեմինարների հաջորդ կանգառը՝ Արմավիր
Նոյեմբերի 11-ին Էջմիածնի Խ․ Աբովյանի անվան համար 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմադրամի «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման վեցերորդ մարզային սեմինարը, որն իրականացվում է ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համատեղ։
Սեմինարի նպատակն է սովորեցնել ուսուցիչներին ինչպես օգտվել «Աշխարհացույց» հարթակից, ինչպես կիրառել հարթակը դասապրոցեսում և զարգացնել նրանց մեթոդամանկավարժական ու առարկայական հմտությունները։
«Մեր գլխավոր նպատակն է նորարար տեխնոլոգիաների և համակարգային մոտեցման օգնությամբ դպրոցում սովորեցնելու և սովորելու գործընթացը դարձնել առավելագույնս արդյունավետ։ Հավատացած եմ, որ «Աշխարհացույց» կրթական ծրագիրը տալիս է նման հնարավորություն, քանի որ հենվում է ամբողջովին նորարար տեխնոլոգիական լուծումների վրա։ Այս սեմինարները նպատակ ունեն ուսուցիչներին փոխանցել «Աշխարհացույց» ծրագրից լավագույնս օգտվելու հմտություններ։ Ուրախալի է տեսնել, որ մեր պատմության ուսուցիչներն, իսկապես, մոտիվացված են նորովի ուսուցանել պատմություն առարկան։ Դրա վկայությունն այն է, որ «Աշխարհացույց»-ի շուրջ արդեն իսկ ձևավորվել է մեծ ուսուցչական համայնք։ Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի ուժեղացնենք մեր ուսուցչին՝ վերջնարդյունքում ակնկալելով նրանցից կրթել մրցունակ և ապագայի մարտահրավերներին պատրաստ սերունդ» — նշեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։
«Մեր մարզային սեմինարներին ուսուցիչները սովորում են և ինչպես կիրառել Աշխարհացույցն իրենց դասերի ժամանակ, և ստանում են ՏՀՏ գիտելիքներ, որոնք առհասարակ պետք են իրենց կրթական պրոցեսն արդյունավետ կազմակերպելու համար։ Հարթակն իսկապես դարձել է ուսուցիչների ամենօրյա աշխատանքային գործիք, որն օգնում է արագ և բովանդակային պատրաստվել դասին»,- ընդգծեց «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։
Սեմինարի ընթացքում մասնակից ուսուցիչներն ամրապնդեցին տեսական գիտելիքը գործնական առաջադրաքների միջոցով։ Մարզային սեմինարը ուսուցիչներին ապահովում է ժամանակակից կրթական չափորոշիչներին համահունչ արդյունավետ դասապրոցես կազմակերպելու հմտություններով, ինչպես նաև հմտացնում նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու հարցում։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմադրամը ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի հետ համատեղ 2023թ-ի ապրիլից մեկնարկել է «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման մարզային սեմինարիների շարք։
«Աշխարհացույց»-ը (հասանելի brainorgaph.com հարթակում) նորարար կրթական ծրագիր է, որն իրականացվում է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցական առարկաների ուսուցումը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։
Սեմինարի մասնակիցները կստանան «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և ծրագրի մասնակցության, ինչպես նաև կիրառման հավաստագրեր հետևյալ նախապայմաններն ապահովելու պարագայում․
- Մասնակցել սեմինարին՝ ըստ նախապես կազմված օրակարգի
- Հաջորդ մեկ ամսվա ընթացքում կիրառել հարթակը դասերին, ուղարկել լուսանկարներ և տեսանյութ info@visualarmenia.org էլ․ հասցեին կամ գրել FB աշխարհացույց փակ խմբին https://www.facebook.com/groups/ashkharatsuyts
- Շաբաթական առցանց հանդիպումներին ներկայացնել Աշխարհացույց հարթակի հնարավորությունների կիրառմամբ դասապլան։