Լիակատար պատմական դպրոցական հանրագիտարան է. զրույց «Աշխարհացույց»-ի պատմություն առարկայի խմբագիրների հետ
Uncategorized

Լիակատար պատմական դպրոցական հանրագիտարան է. զրույց «Աշխարհացույց»-ի պատմություն առարկայի խմբագիրների հետ

Հակոբ Մուրադյան, Արման Մալոյան և Տիգրան Զաքարյան. երեք տարբեր մարդիկ, որոնց միավորում է առնվազն երկու բան՝ պատմությունը և «Աշխարհացույց»-ը: Երեքն էլ պատմաբան են և տարբեր փուլերում միացել են «Վիզուալ Հայաստան» հիմնադրամին՝ որպես «Աշխարհացույց»-ի խմբագիրներ. Հակոբը և Արմանը՝ որպես հայոց պատմության, իսկ Տիգրանը՝ որպես համաշխարհայինի: Թիմին միացել են վստահությամբ և հավատով, որ կարևոր գործ են անում:

«Արդեն որքան ժամանակ է շրջանառում ենք «գիտելիքահենք պետություն» արտահայտությունը: Սակայն կրթությունից է պետք գալ գիտություն: Եթե չկա կրթություն, չի կարող լինել գիտություն,— ասում է «Աշխարհացույց»-ի խմբագիր և ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղար, պատմական գիտությունների թեկնախու, դոցենտ Հակոբ Մուրադյանը,- Մեկուկես տարի է, ինչ միացել եմ «Աշխարհացույց»-ին՝ մտածելով, որ սա այն հարթակն է, որի միջոցով կարող ես քո մասնագիտական դաշտում բյուրեղացած գիտելիքն ու նյութերը փոխանցել աշակերտներին»:

Անհատի ձևավորման, վաղվա քաղաքացու, ավելի ուժեղ ու մրցունակ պետություն կերտելու գործում Հակոբ Մուրադյանը կարևորում է հատկապես հումանիտար գիտությունների դերը՝ առանձին տեղ տալով պատմությանը, ինչից և սկսել է «Աշխարհացույց»-ը: Ըստ նրա՝ իմանալ պատմություն՝ նշանակում է լինել ճկուն և հեռատես, չէ՞ որ այն կրկնվեու «սովորություն» ունի: Քննադատական մտածողության զարգացումը սովորողների մոտ, որոնք հետագայում դառնալու են տարբեր մասնագետներ և (կամ) առաջնորդներ, կնպաստի ավելի լավ որոշումների կայացմանը։

Չորս տարում 4 հազարից ավելի հոդված է ստեղծվել և տեղադրվել «Աշխարհացույց» կրթական հարթակում: Յուրաքանչյուրն անցել է բազմակողմանի քննություն կամ, ինչպես խմբագիրներից Արման Մալոյանն է ասում, «մի քանի մասնագետների թրի տակով»:

«Հայոց և համաշխարհային պատմության մասով կարող եմ ասել, որ լիակատար պատմական դպրոցական հանրագիտարան է,- նկատում է «Աշխարհացույց»-ի խմբագիր և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն Արման Մալոյանը, որը երկար տարիներ դասավանդել է նաև դպրոցում: — Դասագիրքը չունի այդ հնարավորությունը՝ ներկայացնելու ամբողջ դիդակտիկ նյութերը, իսկ «Աշխարհացույց»-ն ընձեռում է այն: Նույն իրադարձությանը, փաստին կարելի է ծանոթանալ տարբեր դիտանկյուններից և համապարփակ պատկերացում կազմել: Աշակերտն ու ուսուցիչն այստեղ կարող են գտնել հետաքրքրաշարժ նյութեր, որ չես գտնի դասագրքում»:

Եթե հակիրճ, այսպես է ստեղծվում «Աշխարհացույց»-ում տեղ գտած ուսումնաօժանդակ յուրաքանչյուր նյութ. hիմք է վերցվում դասագիրքը, վեր է հանվում պետական ուսումնական ծրագրի կարիքը, կատարվում է անհրաժեշտ բովանդակության խմբավորում, օրինակ՝ պատմական գործիչներ, իրադարձություններ և վայրեր, ապա գործի են անցնում նեղ մասնագետները՝ հոդվածագիր հեղինակները (հիմնականում՝ գիտաշխատողներ և ուսուցիչներ): Հոդվածը գրվելուց հետո դրվում է խմբագրի սեղանին: Խմբագրումից և խմբագիր-հեղինակ կոնսենսուսից հետո այն գնում է սրբագրման: «Վիզուալ Հայաստան»-ի համար սկզբունքային է, որ «Աշխարհացույց»-ում եղած յուրաքանչյուր նյութ լինի ոչ միայն հավաստի, այլև գեղեցիկ ու պարզ հայերենով շարադրված: Բացի այդ, հոդվածը համեմվում է մեդիանյութերով և քարտեզներով՝ թեման առավել պատկերավոր դարձնելու համար:

«Ես միշտ ուզում եմ պատկերացնել ընթերցողին, նույնը հորդորում եմ նաև հեղինակներին: Ասում եմ՝ պատկերացրեք, որ սա կարդալու են դիցուք Վաչիկն ու Աշխենը, որոնք առավելագույնը տասներորդ դասարանի աշակերտներ են,— բացատրում է միջազգային խմբագրական փորձ ունեցող պատմաբան Տիգրան Զաքարյանը, — Իրադարձությունների մասին զուտ փաստական տեղեկությունների իմացությունից բացի, թե որ թվականին որ ճակատամարտից հետո ովքեր ինչ պայմանագիր են ստորագրել, շատ ավելի կարևոր է իմանալ, թե ինչը բերեց դրան ու ինչ հետևանք ունեցավ: Մենք փորձում ենք ներկայացնել պատճառահետևանքային շղթան կամ դրա մի հատվածը, քանի որ այն անվերջանալի կարող է լինել: Ամենակարևորը՝ առիթ տալ երեխաներին մտածելու, բանավիճելու»:

Պատմության մեջ կարևոր է ամեն ինչ, փոքր թվացող մարդկային ու հուզական դրվագներից մինչև պատկերավոր, ինտերակտիվ քարտեզներ: «Աշխարհացույց»-ում ուշադիր են բոլոր «մանրուքներին»: «Շատ կարևոր է, որ պատմությունից խոսելիս տեսնեն, թե գետնի վրա ինչ է կատարվում, ճիշտ ինչպես քաղաքականության մասին խոսելիս: Օրինակ՝ Սիրիայում կռիվ է, տարբեր քարտեզների նայելով, ասենք՝ կրոնական կոնֆեսիաների, միանգամից հասկանում ես, թե ինչ է կատարվում, տեսնում ես, թե մենք որտեղ ենք: Քարտեզներն ամեն ինչ տեղն են գցում: Այդպես օրինակ այնքան հեշտ է հասկանալ, թե ինչու Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիան ընկավ միայն Բուլղարիայի պարտությունից հետո»,— ասում է Տիգրան Զաքարյանը:

Հակոբ Մուրադյանն ու Արման Մալոյանը պատմաբան լինելուց զատ նաև որպես ծնող են հարցին մոտենում: «Աշխարհացույց»-ն այն միջավայրն է, որտեղ աշակերտը կարող է սուզվել «ինֆորմացիայի ծովում» ու գտնել միայն հավաստին և օգտակարը. «Այս լուսավոր, ինֆորմացիայի ազատության և բազմազանության դարում ինտերնետում կարելի է գտնել ամեն ինչ, այդ թվում՝ վնասակար և ոչ ճշգրիտ տեղեկություններ: Իսկ «Աշխարհացույցի» հարուստ նյութերը, որոնք մշակվում են պետական կրթական կարիքներից ելնելով, ոչ միայն խնայում է ուսուցչի ու աշակերտի ժամանակը, այլև նպաստում դպրոցական ծրագրային նյութի յուրացմանը»,— նկատում է Արման Մալոյանը:

«Աշխարհացույց»-ի հետ սմարթֆոնն այլևս խնդիր չէ: Հարթակն օգնում է հաղթահարել նաև աշակերտին դասերից շեղող մերօրյա այս մարտահրավերը. «Սա ճիշտ հարթակ է աշակերտին առարկայի հետ կապելու համար, քանի որ հեռախոսի միջոցով ևս կարող են մուտք գործել և այլ խաղերի փոխարեն «այս կրթական կլանող խաղի» մեջ մտնել: Սա կարող է ամենաչհետաքրքրված աշակերտի մեջ հետաքրքրություն առաջացնել և բացահայտումների հարթակ ծառայել»,- ընդգծում է Հակոբ Մուրադյանը:

«Սա լուրջ բան է հայկական իրողության մեջ, որից կարող են օգտվել ոչ միայն աշակերտներն ու ուսուցիչները, այլև ուսանողները, որոնք հիմա էլ են օգտվում, և ընդհանրապես բոլորը»,- եզրափակում է Տիգրան Զաքարյանը: