«Հզորացնելով մեր ուսուցիչներին՝ հզորացնում ենք մեր ապագան և մեր երկիրը»
Uncategorized

«Հզորացնելով մեր ուսուցիչներին՝ հզորացնում ենք մեր ապագան և մեր երկիրը»

Հունիսի 20-ին կայացավ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման եռամսյա դասընթացների կամավոր մասնակցության հավաստագրերի հանձնման արարողությունը։

Ամառային արձակուրդներին բնորոշ դպրոցի լռությունն այս անգամ խախտեցին ուսուցիչները: Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի դահլիճում հավաքվել էին նրանք, ովքեր անցել էին «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման եռամսյա դասընթացը: Սա արդեն երկրորդ փուլն էր, որը հաջողությամբ ավարտեց 54 ուսուցիչ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից, նախորդ փուլում հավաստագիր էին ստացել 44-ը: «Սովորիր, կիրառիր և կիսվիր». սա է դասընթացները հաջողությամբ ավարտելու սկզբունքը: Դրանք անցկացվում են ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ձևաչափով:

Տանտիրոջ իրավունքով մասնակիցներին առաջինը ողջունեց հյուրընկալ դպրոցի տնօրենի տեղակալ Մարինե Գալստյանը. «Մեր դպրոցն առաջիններից է, որ ընդգրկվել է այս ծրագրում և համագործակցում է սիրով՝ մեծապես կարևորելով 21-րդ դարում ուսուցչի մասնակցությունը նման ծրագրերին: Շատ կարևոր է, որ այս զարգացող աշխարհում ուսուցիչը լավագույնս տիրապետի նմանատիպ ծրագրերին և ՏՀՏ-ներին, որոնց կիրառմամբ դասը դարձնի արդյունավետ, ժամանակի պահանջներին համահունչ և հետաքրքիր»:

Հետո արդեն ուսուցիչներին շնորհավորեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական ծրագրի հեղինակ Հովհաննես Ղազարյանը: Նա իր խոսքն ուղղեց մոտ հինգ հարյուր հոգուց բաղկացած ուսուցչական համայնքին, որն արդեն կիրառում է նորարարական այս գործիքը Հայաստանի 305 դպրոցներում: Նա շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին, որոնք ներդրել են իրենց ժամանակը և կամավոր մասնակցել վերապատրաստման դասընթացներին: Հովհաննես Ղազարյանը նկատեց, որ սա ամփոփումն էր վերջին երեք ամիսների աշխատանքի և սկիզբը նոր համագործակցության ու հնարավորությունների:  

«Հզորացնելով մեր ուսուցիչներին՝ հզորացնում ենք մեր ապագան և մեր երկիրը: Հետևաբար ոչ մի ջանք ու եռանդ չպետք է խնայենք մեր ուսուցիչներին նոր կարողություններ տալու, նոր հնարավորություններ իրենց առջև բացելու համար», — ասաց նա․ «Մենք հավատացած ենք, որ մեր սերունդներին լավագույն կրթական հնարավորություններ տրամադրելը պետք է լինի մեզ բոլորիս համախմբող ազգային նպատակ: Ես այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, որոնք կիսում են այս նպատակը, համագործակցում մեզ հետ՝ ԿԶՆԱԿ հիմնադրամին, «Էդու Արմենիա» կազմակերպությանը: Ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հիմնական բարերար «Մանուկյան Սիմոն» հիմնադրամին՝ ի դեմս հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնին, որը ոչ միայն հավատում է, որ որակյալ կրթությունը և նորարարությունը մեր երկիրը վերափոխելու, ժամանակակից դարձնելու միակ ճանապարհն է, այլև անձամբ է ներգրավված այս գործում, ինչը բացառիկ երևույթ է: Նա մեզ հետ այցելում է դպրոցներ, հետևում ծրագրի առաջընթացին, հանդես գալիս առաջարկություններով: Մենք իսկապես շատ բարձր ենք գնահատում սա և պարտավորված զգում: Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք ավելի մեծ արդյունք ապահովել և հինգ հարյուր հոգուց բաղկացած ուսուցչական համայնքն ընդլայնել, ամրապնդել և նոր ծրագրերով հանդես գալ, որոնք կօգնեն մեր ուսուցչին ավելի ուժեղ, ամուր և ժամանակակից զգալ»: 

«Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը, որը կանգնած է ծրագրի ակունքներում և բոլոր ուսուցիչներին անձամբ է ճանաչում, խոսեց հավատի մասին․ «Որպես այսօրվա և ապագայի ծրագրավորողներ, իսկ մենք համոզված ենք, որ ուսուցիչները մեր հասարակության ծրագրավորողներն են, վստահաբար կարող ենք ասել՝ չկա ավելի ազդեցիկ ուժ, ազդակ, քան իր ուժերի և կարողությունների վրա վստահ ուսուցիչն է իր աշակերտի աչքերում»: 

Ու նա խոսեց այն մասին, թե ինչպես է «Աշխարհացույցը» կարծրատիպեր ու բարդույթներ կոտրում, խոսեց մի ուսուցչի մասին, որն իր ազնվությամբ ու խիզախությամբ հուզել էր ամբողջ թիմին. «Մի քանի ամիս շարունակ նա հետևել է մեր աշխատանքներին, բայց չունենալով բազային տեխնիկական գիտելիքներ, խուսափել է կիրառել «Աշխարհացույցը» դասապրոցեսում: Սակայն մի օր նա քաջություն հավաքեց ու դիմեց մեզ, աշխատեցինք միասին և այսօր ունենք հրաշալի արդյունք: Այսօր նա այստեղ է իր աշակերտների հետ»:

Խոսքը Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի հայոց և համաշխարհային պատմության ուսուցչուհի, 30 տարվա մանկավարժ Մարգարիտա Բադալյանի մասին էր: Նա ևս հավաստագիր էր ստանում և այնքան հուզված էր, որ մի պահ ստիպված եղավ նույնիսկ ընդհատել իր ելույթը: 

«Միգուցե իմ կոլեգաները չհամաձայնվեն ինձ հետ, բայց 2010-ականներից հետո, կարծես թե, պատմություն առարկան այլևս հետաքրքիր չէր երեխաներին: Ճիշտ է, նրանք լսում են դասը, չեն խանգարում, բայց այն արձագանք չի գտնում նրանց մոտ: Երեխան չի գնում տուն և դասագիրք բացում: Սա էր ամենացավոտ խնդիրն ինձ համար, որը խանգարում էր և է իմ աշխատանքին: Այս հարթակը ոգևորություն առաջացրեց աշակերտների մոտ: Այն աշակերտին պասիվ դիտորդից դարձրեց գործող անձ, որը կարող է հանգիստ սավառնել պատմական անցյալում և «Աշխարհացույցում» եղած գիտելիքի պաշարը դարձնել իր սեփականությունը: Մի աշակերտ ունենք, որը չէր մասնակցում դասերին, չէր խոսում ընդհանրապես: Նա ինձ ասաց՝ սրանից հետո ես սիրեցի պատմությունը: Ինձ համար երևի դա ամենամեծ հաջողությունն էր, որով էլ չափում եմ «Աշխարհացույցի» հաջողությունը»,- ասաց ուսուցչուհին:

Չորս ուսուցիչ ստացան հավաստագիր այն մասին, որ ոչ միայն գիտեն «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի բոլոր նրբությունները, այլև կարող են վերապատրաստել իրենց գործընկերներին: Նրանցից մեկն Արարատի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Հայկանուշ Շարոյանն էր: Նա եկել էր իր աշակերտների հետ և ևս մեկ անգամ ընդգծեց հայոց պատմությունը պետության համար ստրատեգիական գիտության վերածելու կարևորությունը: Իսկ դա, ըստ նրա, պետք է սկսել ոչ թե բուհից, այլ դպրոցից: 

««Աշխարհացույց» կրթական հարթակը, որպես ստրատեգիական խնդիր, առաջնահերթություն է դիտարկել ոչ միայն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան կրթության հեռանկար ձևավորելը, այլև ձևավորել այնպիսի հայի տեսակ, որի համար հայրենիքը վեր է ցանկացած օբյեկտիվ և սուբյեկտիվ դիտարկումներից»,- նկատեց նա: 

Ծրագրի բացառիկության մասին խոսեց նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը. «Գործիքը, շատ իրավացիորեն նշեցիք, բոլոր հնարավորությունները տալիս է ոչ միայն մեր պատմությունը պատկերավոր ցույց տալու աշակերտներին, սովորեցնելու նրանց, այլ նաև մեր պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում  դիտարկելու: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան ուսումնասիրելիս մեզ դիտարկենք աշխարհում կատարված փոփոխությունների համատեքստում»: 

Լիլիթ Մկրտչյանը շնորհավորեց հավաստագիր ստացող ուսուցիչներին և տեղեկացրեց, որ դրանք կարող են օգտակար լինել հատկապես ուսուցչի որակավորման երրորդ և չորրորդ տարակարգ ստանալու դեպքում, երբ ավելի խրախուսելի է ուսուցչի նախաձեռնողականությունը վերապատրաստման գործում: Իսկ «Աշխարհացույց» հարթակն ուսուցիչները սովորում են կամավոր և օգտագործում սեփական նախաձեռնությամբ: 

«Աշխարհացույց» հարթակն արդեն հասցրել է դառնալ աշակերտների սիրելի գործիքը: Այդ մասին, իրար հերթ չտալով, հենց նրանք էին պատմում: Անկեղծ էին, չթաքցրին, որ մինչև «Աշխարհացույցը» պատմությունն իրենց այնքան էլ հետաքրքիր չէր: 

«Չեմ թաքցնի, որ ես այնքան էլ հաճախ չէի սովորում պատմության դասերը, բայց երբ իմացանք այս հարթակի մասին, սկսեցինք օգտագործել այն, առարկան ավելի հետաքրքիր դարձավ: Այն ինձ ավելի շատ մոտեցրեց պատմությանը, հիմա ես ավելի շատ եմ սովորում դասերը: Բացի այդ, այն կապված է տեխնիկայի հետ, կարող եմ հեռախոսով մուտք գործել ծրագիր, իսկ դա ինձ համար ավելի հեշտ է, հետևաբար դասն ավելի մատչելի է»,- անկեղծացավ ներկա աշակերտներից մեկը: 

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում կարևորում են համակարգային մոտեցումն ու շարունակական աշխատանքը: «Աշխարհացույց» կրթական հարթակի մշակումն ու ուսուցիչներին վերապատրաստելը մեծ գործի սկիզբն է միայն: Շուտով կմեկնարկեն նաև Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում և Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ ծրագրերը, որոնք կդառնան «Աշխարհացույցի» ճառագայթները: