Հետահայաց՝ Դիջիթեքի «Աշխարհացույցի» տաղավարից

Դիջիթեք 2025-ի ամենաշատ հիշվող կանգառներից մեկն անկասկած դարձավ «Աշխարհացույցի» տաղավարը։ Այստեղ մարդիկ ոչ միայն տեսնում էին նորարարություն, այլ նաև անզեն աչքով տեսնում և «զգում էին», թե ինչպես է տեխնոլոգիան ծառայում ոչ թե մակերեսային տպավորության, այլ արդյունքի համար։
Շատերի համար սա բացարձակ բացահայտում էր։ Հարյուրավոր այցելուներ ու ոլորտային մասնագետներ կանգնում էին մեր տաղավարի մոտ և կրկնում նույնը. «Չէինք պատկերացնում, որ սա հնարավոր է Հայաստանում»։
Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած ուսուցիչներն ու սովորողները մոտենում էին սմարթ-էկրաններին, փորձարկում «Աշխարհացույցի» նոր ինտերակտիվ գործիքակազմը, զրուցում մեր թիմի հետ, իսկ այդ ընթացքում մենք էլ նույնքան ոգևորված էինք՝ գիտակցելով, որ այս ամենն ապրող ու ավելի մեծ թափ առնող գործընթաց է։
Այդ պահերին մենք երջանիկ էինք ոչ թե պարզապես հարթակից, այլ գաղափարից, որ կրթությունը իսկապես կարող է փոխվել, երբ տեխնոլոգիան ծառայում է մարդուն՝ մեր պարագայում ուսուցչին և աշակերտին։
Երբ Դիջիթեքը դառնում է կրթական տոն
Դիջիթեք 2025-ում մեր տաղավարն իսկապես ապրում էր։ Այստեղ էին դասավանդողներ, աշակերտներ, ծրագրավորողներ, հետաքրքրասեր ծնողներ։ Բոլորը նույն հարցով՝ «իսկ սա գործո՞ւմ է դպրոցներում»։ Եվ մենք կարող էինք վստահ ասել՝ այո՛, գործում է։
Այս տարվա Դիջիթեքը մեր աչքերում առանձնացավ ոչ միայն մեր մասնակցությամբ, այլ կրթական տեխնոլոգիաների նկատմամբ հատուկ ուշադրությամբ՝ հավատ ներշնչելով, որ Հայաստանն իսկապես կարող է դառնալ նորարարական կրթական լուծումներ առաջարկող երկիր։ Իսկ «Աշխարհացույցը» Դիջիթեքին տվեց նոր ռիթմ՝ դարձնելով այն ավելի մոտ ուսուցչին ու սովորողին և հիշեցնելով, որ կրթական նորարարությունը սկսվում է հենց մարդուց։
Շնորհակալություն թիմին և գործընկերներին
Այս ամենը չէր լինի առանց այն մարդկանց, ովքեր հավատում են գաղափարին ու ամեն օր ապրում դրանով։ Շնորհակալություն մեր թիմին ու մեր սիրելի կամավորներին՝ իրենց էներգիայի, նվիրումի և ստեղծարար մտածողության համար։ Շնորհակալություն մեր ռազմավարական գործընկեր, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնին, որ այդ օրերին նույնպես մեր կողքին էր, և որի անսասան աջակցությունը հնարավորություն տվեց մեր տեսլականը վերածել բնականոն զարգացող գործի։
Դիջիթեքը մեզ ևս մեկ անգամ հիշեցրեց, որ տեխնոլոգիան իր իրական արժեքը ստանում է միայն այն ժամանակ, երբ ծառայում է մարդուն և նրա կոնկրետ կարիքներին։ Հենց նման միջավայրում և կոնկրետ դրվագներով ես ավելի իրատեսորեն հասկանում՝ Հայաստանն իսկապես մեծ ներուժ ունի դառնալու կրթական նորարարությունների կենտրոն։










































