Հենց գնամ տուն, միանգամից կբացեմ, ցույց կտամ Աշխարհացույցը․ քոաֆցիների արձագանքը Աշխարհացույցի աշխատարանին
Uncategorized

Հենց գնամ տուն, միանգամից կբացեմ, ցույց կտամ Աշխարհացույցը․ քոաֆցիների արձագանքը Աշխարհացույցի աշխատարանին

Դեկտեմբերի 10-ին Սարդարապատի միջնակարգ դպրոցում ՔՈԱՖ հիմնադրամի հրավերով «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական ծրագրի մենթոր ուսուցիչ Հայկանուշ Ղևոնդյանն իրականացրեց Աշխարհացույցի ճանաչման և գործածման ինտերակտիվ դաս։

Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզի Սարդարապատ և Երվանդաշատ գյուղերի երկու դպրոցի աշակերտական խորհուրդների 7-12-րդ դասարաններից 30 աշակերտ։ Ինտերակտիվ դասը մեկնարկեց ծանոթացմամբ, որտեղ հնարավոր եղավ հասկանալ, թե ներկա սովորողները որքանով են հետաքրքրված պատմություն, աշխարհագրություն և գրականություն առարկաներով։ Սովորողներն իրենց հեռախոսներով արագ գրանցվեցին «Աշխարհացույց» կրթական հարթակում և Հայկանուշի օգնությամբ սկսեցին բացահայտել հարթակի հնարավորությունները։
«Տիգրան II Մեծը և հայկական աշխարհակալ տերության ստեղծումը․ տերության սահմանները» թեմայի ուսումնասիրությամբ էլ սովորողներն առաջին անգամ ծանոթացան հարթակի հնարավորություններին, հարուստ բովանդակությանը, քարտեզներին, գործիքներին, խաղերին և այլն։
Աշակերտներն ընտրեցին հարթակի մատիտ գործիքի իրենց նախընտրած գույնն ու հաստությունը, և Հայկանուշը եզրագծեց Ք․ա․ 95-55 թթ.․ գահակալած Տիգրան Մեծի նվաճած հողերի սահմանները, ապա ժամանակացույցի հետ զուգահեռ աշխատող քարտեզների փոփոխությունը դիտեցին․ տեսան, թե ինչպես են ժամանակի մեջ փոխվել Հայաստանի սահմանները, և թե ինչ քաղաքական կամ տնտեսական ազդեցություն կարող էին ունենալ այդ փոփոխությունների վրա ժամանակի հարևան տերությունները։
Ամրապնդելու համար տեսածն ու լսածը՝ Հայկանուշը կիրառեց «Մտածողության 6 գլխարկներ» հնարը։ Հինգ սովորողներից կազմված յուրաքանչյուր խումբ՝ դեղին, կարմիր, սև, կանաչ, սպիտակ, կապույտ գլխարկներով, հատկացված ժամանակահատվածում փորձեց ուսումնասիրել հարթակը և առանձնացնել նկատած առավելությունները, ուժեղ և թույլ կողմերը, կանաչների խումբը նույնիսկ մշակեց առաջարկություններ․ «Հարթակում առհասարակ շատ լավ կլիներ տեսնել տարբեր տեսակի լանդշաֆտային և ուրվագծային 3D քարտեզներ, կոնֆլիկտային զոնաները, այս պահին աշխարհի թեժ կետերը, ավելի շատ բացառիկ տեղեկություններ աշխարհագրական օբյեկտների մասին և այլն»։

Աշակերտուհիներից մեկը նշեց, որ հարթակի գործածմամբ ժամանակի խնայում կունենա հատկապես տնային աշխատանք կատարելիս, նաև շատ կարևորեց քարտեզները․ «Հաջորդ ամենակարևոր բանը քարտեզներն են, քանի որ դպրոցներում չկան կամ շատ քիչ ու հնամաշ են քարտեզները, երբեմն դասի կեսն անցկացնում ենք դպրոցում եղած քարտեզները փնտրելու վրա, բայց այսպես՝ հարթակով սովորելու դեպքում, ցանկացած դասարան դառնում է պատմության դասասենյակ։ Հենց գնամ տուն, հարցնեն, թե ինչի մասին էր այսօրվա հանդիպումը, կասեմ, որ խոսքերն ավելորդ են, ու միանգամից կբացեմ ու ցույց կտամ Աշխարհացույցը»։