Հայկական սփյուռքի կրթական կարիքները «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի ուշադրության ներքո
Uncategorized

Հայկական սփյուռքի կրթական կարիքները «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի ուշադրության ներքո

Օրերս, ի պատասխան բազմաթիվ հաղորդագրությունների և հարցումների, «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը հատուկ սփյուռքում ապրող և գործող հայ ուսուցիչների համար անցկացրեց «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման վեբինար։ Գրանցվել էին 91 ուսուցիչ աշխարհի տարբեր անկյուններից՝ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Վրաստան, Հնդկաստան, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Արգենտինա, Բելառուս, Իրան և Սիրիա։

Վեբինարի մասնակիցներին ողջունեց Հիմադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը՝ ներկայացնելով հիմնադրամի գործունեության բոլոր ուղղությունները, ինչպես նաև առաքելությունն ու զարգացման տեսլականը․ «Լինի Հայաստանում, թե հայրենիքից դուրս, հայ ուսուցիչն ունի բարդ ու շատ կարևոր առաքելություն՝ կրթել ու դաստիարակել քաղաքացի, լայն մտահորիզոն ունեցող, հայրենաճանաչ անհատներ, որոնք կճանաչեն, կսիրեն ու կցանկանան պահպանել իրենց հայկականությունը։ Այս ճանապարհին մենք սփյուռքում գործող մեր հայրենակից ուսուցիչներին առաջարկում ենք Հայաստանում ստեղծված ու զարգացած «Աշխարհացույց» կրթական ծրագիրը»։

Աշխարհացույց ծրագրի մեթոդիստ, դասընթացավար Հայկանուշ Ղևոնդյանը մանրամասն ներկայացրեց Աշխարհացույցի գործիքակազմը «Արտաշեսյան դինաստիայի թագավոր Տիգրան II Մեծ» (թագավորել է Ք․ա․ 95-55 թթ․-ին) թեմայի շրջանակում։ Հայկանուշը դասի շրջանակում «ճամփորդեց» ժամանակի ու տարածության մեջ՝ ցուցադրելով տարածքային փոփոխությունները, դրանց պատկանելիությունը տարբեր տերությունների, կանգ առավ հանգրվանային իրադարձությունների վրա, գծանշումներ և չափումներ կատարեց, փոքրիկ հաղորդագրություններ գրեց՝ փորձելով վեբինարի մասնակիցներին ցույց տալ հարթակի գործիքակազմի հնարավորությունները։ «Իմ անձնական փորձառությունից եմ ասում, որ հնարավոր չէ որևէ հայ աշակերտ անտարբեր մնա նման դինամիկ և ինտերակտիվ ձևով սեփական երկիրն ու հարուստ պատմությունն ուսումնասիրելու հնարավորության նկատմամբ», — նշեց Հայկանուշը։

Սփյուռքի մեր ուսուցիչները հատուկ կարևորեցին հարթակի հարուստ բովանդակության շտեմարանը՝ նշելով, որ հատկապես օտար երկրում ճշգրտված, կանոնակարգված ու մշակված բովանդակության կարիք ունեն։ Նշվեց, որ երեխաները հիմնականում կարդում են արևելահայերեն կամ արևմտահայերեն, բայց եթե հարթակում լինեն նաև անգլերեն, ռուսերեն, գերմաներեն տեքստեր, նյութերի յուրացումն ավելի արդյունավետ կլինի։

Մասնակիցները հարցեր, առաջարկներ ու կարծիքներ հղեցին հիմնադրամի թիմին։ Աթենքում գործող Լևոն և Սոֆի Հակոբյան ազգային վարժարանի ուսուցիչ Աննա Սաֆարեանն անկեղծացավ․ «Պետք է ասեմ, որ արդեն կիրառում եմ հարթակը։ Երբ տեղեկացա, շատ ուրախացա այս հարթակով, գրանցվեցի, դասերիս մեջ սկսեցի օգտագործել․ գիրք չունենք, ոչինչ չունենք հարմար, ու սա շատ լավ գործիք է, որի միջոցով կարողանում եմ պլանավորել դասս, ու երեխաներին շատ է հետաքրքրում, նրանք էլ են գրանցվել ու միասին շատ լավ աշխատում ենք»։

«Շնորհակալություն եմ հայտնում ձեր խոստացած շքեղ սեմինարը կազմակերպելու համար։ Մենք երկու տարի սպասում էինք։ Մեզ շատ է հետաքրքրում «Մեր հայրենիքը և աշխարհը» և «Իմ հայրենիքը» առարկաները, քանի որ դրանք հիմնաքարային են սփյուռքի երեխաների համար։ Շատ կուզենային սովորել Աշխարհացույցի հետ։ Մի հզոր գործիք եք ստեղծել, ու ձեր նվիրվածությունն ամեն տեղ է երևում», — նշեց պատմության և հայրենագիտության ուսուցիչ Մարիամ Գրիգորյանը Ռուսաստանի Պերմ քաղաքից։ Իսկ Անուշն էլ Նոգինսկից (ՌԴ) հավելեց․ «Սփյուռքի համար կարևոր զենք է։ Աշխարհացույցը հրաշք բան է, բայց ժամանակ է պետք, որ մտնենք և ուսումնասիրենք։ Հուսանք՝ մեզ կօգնեք»։

ՌԴ-ից Տինա Գրիգորյանը, որը ամռանը Երևանում մասնակցել էր Հիմնադրամում տեղի ունեցած սփյուռքի ուսուցիչների հետ աշխատարանին, կիսվեց իր տպավորություններով․ «Հիացած վերադարձել էի ամռան սեմինարից։ Ոչ միայն մեծ ու կարևոր գործ եք անում տեղում, այլ չեք պատկերացնում, թե այն ինչ կարևոր է սփյուռքի համար․ մենք առաջնագծի զինվորներ ենք, որ կռվում ենք հայապահպանության համար»։

Վեբինարը հաջողությամբ հասավ իր նպատակին, այն էր՝ սփյուռքում գործող նոր ուսուցիչների ներկայացնել «Աշխարհացույց» հարթակը, վերհանել օտար երկրներում աշխատող հայ մանկավարժների ու նրանց սաների դասապրոցեսի առաջնային կարիքները։

Նման հանդիպումները կինեն պարբերաբար՝ աշխարհում «Աշխարհացույց» կրթական հարթակի կուռ ու գործուն համայնք ձևավորելու նպատակով։