Հայկական դասարանների վերափոխման հնարավորություն. ևս 175 լուսավորված կրթօջախ

Դեկտեմբերի 20-ին կայացավ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» մրցույթ-ծրագրի ամփոփիչ միջոցառումն ու պատվոգրերի հանձնումը։ Ծրագրի շուրջ 1500 շահառու և գործընկեր համախմբվեցին, որ տոնական տրամադրությամբ ամփոփեն Հիմնադրամի կարևոր ծրագրերից մեկը և համատեղ տոնեն միասնական հաղթանակը։ Ծրագիրը վերածվել է մի շարժման, որը վերափոխում է հայկական դասարանները՝ դարձնելով դրանք 21-րդ դարին համահունչ կրթական միջավայր։
Վաղ առավոտից Հայաստանի բոլոր մարզերից մայրաքաղաք էին ժամանել օրվա հերոսները՝ հարյուրավոր աշակերտներ իրենց ուսուցիչների և տնօրենների գլխավորությամբ։ Վոկալ-երգչախմբային դպրոցի սաների Էրեբունի-Երևան կատարմամբ մայրաքաղաքը ողջունեց իր սիրելի հյուրերին, ու տրվեց հանդիսավոր միջոցառման մեկնարկը։ Միջոցառմանը 175 հաղթող դպրոցների մասնակիցներից զատ ներկա էին նաև պատվավոր հյուրեր, մշակույթի և հասարակական անվանի գործիչներ, կրթական կառույցների ներկայացուցիչներ, ծրագրի մեկենասներ, աջակիցներ, կամավորներ, մեր մեծ համայնքի անդամներ։
«Արդեն երրորդ տարին անընդմեջ մենք իրականացնում ենք այս մրցույթը և տարեցտարի ավելացնում դպրոցների քանակը։ Այժմ այն հասնում է 322-ի, ինչը կազմում է Հայաստանի դպրոցների շուրջ 25 տոկոսը», — միջոցառման բացման խոսքում նշեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը՝ երախտիքի խոսք հղելով Ծրագրի բոլոր աջակիցներին՝ Հիմնադրամի ռազմավարական գործընկեր և գլխավոր աջակից «Մանուկյան Սիմոն» հիմնադրամին, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամին և Ամերիաբանկին։ Պարոն Ղազարյանը նշեց նաև, որ մրցույթը շատ ավելին է, քան սմարթ-էկրանը՝ հավելելով․ «Աշխարհացույց» ծրագրի մեկնարկից ի վեր մենք հասկացել ենք մի պարզ ճշմարտություն. որևէ կրթական նորարարություն, նույնիսկ՝ բարեփոխում, չի կարող հաջողել, եթե ուսուցիչները պատրաստ ու պատրաստակամ չեն այն կյանքի կոչել։ Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր բարգավաճող կրթական համակարգի հիմքում ուսուցիչներն են, որոնք դպրոցի պատերի ներքո ձևավորում են անհատներ ու բացահայտում սերնդի ներուժը։ Մեր ուսուցիչներն ու աշակերտներն իրենց աշխատանքով են վաստակում այս պարգևը, քանի որ մեր սերունդները պետք է հավատան սեփական աշխատանքով արդյունքի հասնելու գաղափարին»։
Նա անդրադարձավ նաև Հիմնադրամի ռազմավարական երեք ուղղություններում գրանցված արդյունքներին և 2026 թ․ անելիքներին՝ ընդգծելով ուսուցիչների հզորացման, նրանց կրթական ռեսուրսներով զինելու կարևորությանը, ինչպես նաև դպրոցի դերին՝ որպես պետության հիմք։
Հատուկ այս միջոցառման համար ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել Հիմնադրամի ռազմավարական գործընկեր և գլխավոր աջակից, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնը, որն իր խոսքում նշեց․ «Այսօր տոն է՝ ոչ միայն ձեռքբերման, այլև հետաքրքրասիրության, թիմային աշխատանքի և Հայաստանի երիտասարդության անհավանական ներուժի…»։ Այնուհետև տիկին Սիմոնը դիմեց աշակերտներին, ուսուցիչներին և Վիզուալ Հայաստանի թիմին՝ կարևորելով մրցույթի շրջանակներում յուրաքանչյուրի կողմից իրականացված աշխատանքը․ «Երբ խորհում էի այս մրցույթի խորհրդի մասին, հիշեցի մեծն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը. «Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր…. Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է կրում»: Չարենցը խոսում էր գրքերի մասին, բայց այսօր նրա պատգամն ավելի հեռուն է գնում. սմարթ-էկրանները և դրանց ընձեռած ինտերակտիվ հնարավորությունները ոչ միայն մրցանակ են ձեր աշխատանքի համար, այլև գործիք, որը դռներ կբացի ձեր առջև՝ նոր աշխարհներ բացահայտելու համար… Հուսով եմ, որ տարիներ անց, երբ մարդիկ խոսեն հասարակություն կերտող առաջնորդների, արվեստագետների, գիտնականների և նորարարների մասին, այդ պատմություններից մի քանիսը կլինեն հենց ձեր՝ այս դահլիճում գտնվողներիդ մասին: Դուք հավերժ փոխեցիք ձեր դպրոցը»։ Դիմելով ուսուցիչներին՝ տիկին Սիմոնը նշեց․ «Դասավանդումը պարզապես աշխատանք չէ, այն պետականաշինության գործընթաց է: Այսօր մենք մեծարում ենք ձեզ՝ որպես այս երկրի ապագայի բաբախող սիրտ, և շնորհակալություն հայտնում ձեր քրտնաջան աշխատանքի, ձեր էներգիայի, ձեր առաջնորդության և ձեր սաների հանդեպ ունեցած հավատի համար»:
Ապա հյուրերին և հաղթող դպրոցներին իրենց ողջույնի և շնորհավորական խոսքն ուղղեցին Ծրագրին 2025 թ․ միացած աջակիցները։ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նշեց․ «Կրթությունը միշտ եղել է Հովնանյան հիմնադրամի կարևոր թիրախներից մեկը։ Մենք գիտակցում ենք, որ միայն կրթությամբ կարող ենք շատ բան փոխել և արմատապես փոխել։ Բայց նաև գիտակցում ենք, որ այս ճանապարհը երկարատև է։ Մեզ Վիզուալի այս ծրագրում գրավել է մի քանի բան, դրանցից են՝ ամենախոցելի առարկաներին առանջնահերթ ուշադրություն դարձնելը, դպրոցների հետ երկարաժամկետ և համակարգային, գործընկերային շնչով այս ծրագիրն իրականացնելը, ստեղծագործականությունը խթանելը, ծրագիրը բովանդակալից պահելը, համագործակցային և ներառական մոտեցումը, լայն աշխարհագրությունը և մարզերին ուշադրության կենտրոնում պահելը։ Սա մեր երազանքի ծրագիրն է։ Որպես հիմնադրամ՝ մեզ համար պատիվ ու օրհնություն է աշխատել նման կազմակերպության հետ, ինչպիսին է Վիզուալ Հայաստանը»։
Ամերիաբանկի հասարակայնության հետ կապերի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կենտրոնի ղեկավար Էլմիրա Ադամյանն էլ իր խոսքում նշեց․ «Ամերիան` որպես ֆինանսատեխնոլոգիական միջավայր, կարևորում է այն նորարարական մոտեցումը, որ կրթական գործընթացում ցուցաբերում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը: Մենք ուրախ ենք միանալ այս նախաձեռնությանը և վստահ ենք, որ կրթական գործընթացի շարունակական զարգացման ու արդիականացման միջոցով կարող ենք նպաստել ստեղծագործ, ոչ ստանդարտ մտածողությամբ և աշխարհի նոր մարտահրավերներին պատրաստ, փոփոխություններ բերող սերնդի կայացմանը»։
ՍԷԱԴ2023 մրցույթի հաղթող՝ Գավառի ավագ դպրոցի տնօրեն Նինա Ղուլոյանը պատմեց «Մեկ սմարթի պատմությունը»՝ պատմություն այն մասին, թե ինչպես մեկ ձեռքբերումը հանգեցրեց ամբողջ դպրոցի վերափոխմանը՝ ոգեշնչելով բոլորին հավատալ սեփական ուժերին և բազմապատկել հնարավորությունները․ «Մեր պատմությունը սկսեց մի սմարթ-էկրանով, այն դարձավ մեր դպրոցի նոր ձեռքբերումների սկիզբը։ Սկզբում վերանորոգեցինք մեկ դասարան, որ կարողանանք ընդունել մեր մրցանակը ու պատշաճ միջավայրում այն տեղադրել։ Ապա դպրոցի նախկին շրջանավարտներն իմացան մեկ սմարթի ու դասարանի մասին ու իրենք էլ նախանձախնդիր եղան վերանորոգելու դպրոցի մյուս հատվածներն ու այդպես շարունակ։ Այսօր արդեն դպրոցում չվերանորոգված դասարան չունենք։ Վիզուալն ու իրենց ծրագրերը վերափոխումների մասին են, սեփական ուժերին հավատալու մասին, ու թող ոչ ոք չասի, որ Հայաստանն օգտակար հանածոներ չունի, մեր ռեսուրսը մեր մարդիկ են, մեր երեխաները։ Շնորհակալ եմ ինձ էլ, իմ դպրոցն էլ այս մեծ ընտանիքի մաս դարձնելու համար»։
Միջոցառումը հիշարժան դարձավ ՍԷԱԴ2025-ի մասին պատմող՝ «Սմարթ-էկրանը հայկական դասարանների վերափոխման ճանապարհ» խորագիրը կրող վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, որտեղ հերոսներն իրական են՝ իրական գործով, սպասումով, հաղթանակից ստացած ուժով։
Միջոցառման ամփոփիչ խոսքը վստահված էր «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանին, ով որպես ՍԷԱԴ2025-ի ձեռքբերում առանձնացրեց․ «Երբ 2023-ին սկսեցինք այս ծրագիրը, բախվում էինք բազմաթիվ մարտահրավերների, որոնք թիմով և՜ կանխարգելում էինք, և՜ արմատական լուծումներ տալիս, բայց կար մի բան, որ մենք չէինք կարող իմանալ՝ համընդհանուր անվստահություն մրցույթ-ծրագրերի հանդեպ։ Բայց արդեն մրցույթի ավարտին ունեինք դրական տեղաշարժ, վերականգնվում էր վստահությունը, նույնիսկ այն դպրոցները, որ չէին հաղթել, ունեին վստահություն, որ մի օր իրենց մոտ էլ կստացվի, իրենք էլ կհաջողեն։ Այսօր 175 դպրոցներից 24-ը երկրորդ կամ երրորդ փորձից են հաջողել։
Կարևոր եմ համարում հատուկ նշել այս տարվա աշխատանքների բովանդակային խորության ու ծավալների մասին։ Սա միջմարզային, նույնիսկ միջազգային աննախադեպ միջոցառում էր, որտեղ հատվում էին մարդիկ իրենց ճակատագրերով, ձեռքբերումներով, անկումներով ու նորից ոտքի կանգնելու կամքով։ ՍԷԱԴ 2025-ը վերածվեց կրթական շարժման»։
Միջոցառումն ամփոփվեց պատվոգրերի հանձնման արարողությամբ, երգչախմբի նախատոնական կատարումներով և բարձր տրամադրությամբ։


















