Դպրոցը որպես ստեղծարար լաբորատորիա ու մշակութային հարթակ

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ ՍԷԱԴ 2025 ՆՈՒ մրցույթ — ծրագրի հաղթող դպրոցների հանդիպումը՝ ապահովելով փորձի փոխանակման, ոգեշնչման միջավայր։ Մեկ հարթակի շուրջ հավաքվել էին դպրոցներ Հայաստանի տարբեր մարզերից՝ ներկայացնելու իրենց նախագծային աշխատանքների ճանապարհը, ձեռքբերումներն ու հաղթահարված մարտահրավերները։
Այս օրը ևս մեկ անգամ հաստատեց՝ նախագծային ուսուցումը կարող է վերափոխել դասարանը՝ այն դարձնելով կենդանի, մտածող, ստեղծարար և հետազոտող միջավայր։
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցը ներկայացրեց «Նոտաներով գծված հայրենիք․ քարտեզագրելով Տիգրան Մանսուրյանի անցած երաժշտական ուղին» նախագիծը։ Սովորողները դարձան հետազոտողներ՝ աշխատելով դպրոցի արխիվում, այցելելով մշակույթի կենտրոն, ուսումնասիրելով Մանսուրյանի մանկության ճանապարհը, հարցազրույցներ վերցնելով նրա ընկերներից ու դասընկերներից։ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչներից Աննա Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ նախագծային աշխատանքի հաջողությունը պայմանավորված էր հետևողական ուղղորդմամբ և թիմային աջակցությամբ․«Եթե ձեր աշխատանքը և ձեր հետևողական ուղեցույցը չլինեին, այս նախագծային աշխատանքը չէր հաջողվի։ Թեև ունեմ երկարամյա մանկավարժական փորձ, հենց այս աշխատանքի ընթացքում ես նորովի ու ավելի խորությամբ բացահայտեցի իմ սաների մի շարք կարողություններ՝ նրանց ստեղծագործական մտածողությունը, նախաձեռնողականությունը, թիմային աշխատանքի հմտությունները և սեփական գաղափարներն արտահայտելու ունակությունը։ Այս գործընթացը դարձավ ոչ միայն սովորողների, այլև իմ համար յուրահատուկ ուսումնական փորձ, որն ապացուցեց, թե որքան կարևոր է երեխաների ներուժը բացահայտել ստեղծարար նախագծերի միջոցով։ Ճիշտ ուղղորդված նախագիծը կարող է վերածվել խորը կրթական փորձառության»։
Կապուտանի միջնակարգ դպրոցը «Հաղթանակի սպարապետը․ քարտեզագրելով Վազգեն Սարգսյանի անցած ուղին» նախագծով ստեղծեց ոչ միայն պատմական, այլև քաղաքացիական կրթության հարթակ։ Սովորողները այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ռազմական ակադեմիա, նրա կրթության օջախը, հանդիպեցին հարազատներին ու մտերիմներին, որոնք ներկայացրին ոչ միայն պետական գործչին, այլ մարդուն՝ իր սկզբունքներով, ընկերասիրությամբ ու պատասխանատվությամբ։ Այցը դեպի Եռաբլուր դարձավ լռության ու արժանապատվության դաս, իսկ հեռախոսազրույցը գրող Շերմազանյանի հետ բացահայտեց Սարգսյանին նաև որպես մտածող և գրող։ Այս ամենը դարձավ քաղաքացիական գիտակցության ձևավորման կենդանի դպրոց։
Մ. Նալբանդյանի անվան ավագ դպրոցը ներկայացրեց «Որմնանկարի հայ վարպետը․ քարտեզագրելով Մինաս Ավետիսյանի ուղին» նախագիծը՝ արվեստը դուրս բերելով դասագրքերի էջերից և տանելով իրական միջավայր։ Նախագծի ղեկավար Անուշ Միքայելյանը իր խոսքում ընդգծեց, որ երջանիկ են այն մարդիկ, ովքեր կարողանում են երջանկացնել ուրիշներին, և «Աշխարհացույց» կրթական հարթակը հենց այդպիսի հարթակ դարձավ իրենց համար՝ բացելով նոր հնարավորություններ ու ոգեշնչելով ստեղծարար աշխատանքի։
Նա նշեց, որ նախագծային աշխատանքը կարևոր փորձ էր՝ բացահայտելու Մինաս Ավետիսյանին ոչ միայն որպես մեծ նկարիչ, այլև որպես մարդ՝ իր աշխարհայացքով, դժվարություններով ու ստեղծագործական պայքարով։
Սովորողները արագ տիրապետեցին հարթակի գործիքներին, ինքնուրույն կազմակերպեցին հանդիպումները, հավաքեցին նյութեր և ձևավորեցին վերջնարդյունքները՝ ցուցաբերելով թիմային աշխատանքի և հետազոտական հմտությունների բարձր մակարդակ։
Նախագծի ընթացքում նրանք այցելեցին Ջաջուռ՝ ուսումնասիրելով Մինասի կյանքը ծննդավայրից մինչև ստեղծագործական գործունեություն, ապա դիմեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ թույլտվություն ստանալու Մինասի թանգարանում նկարահանումներ իրականացնելու համար։
Թանգարանում նրանք լսեցին հետաքրքիր պատմություններ, այդ թվում՝ «Ճակնդեղի բերքահավաքը» նկարի ստեղծման մասին, երբ դիպլոմային աշխատանքի ժամանակ Մինասին փորձել էին անբավարար նշանակել՝ կերպարների «տխուր» լինելու պատճառով, և նա տեղում ժպիտներ էր ավելացրել՝ պաշտպանելով իր ստեղծագործությունը։
Վերջնարդյունքները բազմազան էին ու տպավորիչ՝
— ֆիլմ՝ «Մեկ օր Մինասի հետ»,
— թեմատիկ փազլներ,
— ներկայացումներ կրտսեր սովորողների համար,
— Մինաս Ավետիսյանի մահվան առեղծվածի ուսումնասիրություն՝ սեփական վերլուծություններով։
Այս նախագիծը դարձավ բացահայտման ճանապարհ, որտեղ սովորողները սովորեցին աշխատել աղբյուրների հետ, վերլուծել, ներկայացնել փաստերը, հասկանալ արվեստագետի մարդկային կերպարը և փոխանցել մշակութային արժեքները մյուսներին։
Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոցը «Հայրենի բնաշխարհի ոգին» նախագծով միավորեց գրականությունը, հայրենաճանաչությունը և ստեղծագործական մոտեցումը։ Սովորողները ստեղծեցին հեքիաթներ Շամախյանի բարբառով, գծագրեցին Անանյանի անցած ուղին քարտեզի վրա, բեմադրեցին «Հովազաձորի գերիները» ստեղծագործությունը տիկնիկային թատրոնի միջոցով՝ ներգրավելով նաև կրտսերներին։ Այս ամենը վերածվեց ոչ միայն գրական բացահայտման, այլ բնության ու հայրենիքի հանդեպ սիրո դաստիարակության՝ գրականությունը վերածելով ապրող մշակույթի։
Զորավանի միջնակարգ դպրոցը «Հայ ժպիտի տխուր հերոսը․ քարտեզագրելով Մհեր Մկրտչյանի ուղին» նախագծով բացահայտեց մեծ դերասանի մարդկային ու մշակութային կերպարը։ Սովորողները այցելեցին տուն-թանգարան, քայլեցին Գյումրու փողոցներով՝ ֆիլմերի հետքերով, ստեղծեցին ներկայացումներ, ուսումնասիրեցին գյումրեցի բարբառը՝ կոտրելով լեզվական կարծրատիպերը։ Նախագիծը դարձավ ինքնության, արմատների և մշակութային հիշողության վերագտման ճանապարհ։
Երևանի հ. 198 ավագ դպրոցը «Ժամանակների զրույցը հին ու նոր հայացքների խաչմերուկում» նախագծով իրականացրեց խորքային գրական հետազոտություն՝ բացահայտելով Նար-Դոսին որպես մտածող մարդ և ժամանակի արձանագրող։ Երկու ամիս շարունակվող որոնումներից հետո սովորողները կարողացան կապ հաստատել գրողի ժառանգների հետ, իրականացնել հարցազրույցներ, ստեղծել ֆիլմ՝ վերակերտելով հին Թիֆլիսի մթնոլորտը։ Նախագծի շրջանակում անցկացվել է հարցազրույց դերասան, դրամատուրգ Արմեն Սանթրոսյանի հետ։ Նա զարմացել էր՝ տեսնելով, որ սովորողները կարդացել էին Նար-Դոսի գրեթե բոլոր ստեղծագործությունները և խորությամբ ուսումնասիրել նրա աշխարհը։ Սովորողները պատրաստել էին նաև փոքրիկ ֆիլմ՝ փորձելով պատկերները նմանեցնել հին Թիֆլիսի փողոցներին, որտեղ անցել էր գրողի կյանքի մի մասը։ Այս նախագիծը դարձավ հետաքրքիր հետազոտական ճանապարհ՝ միավորելով գրականությունը, պատմությունը և ժամանակակից ստեղծարար տեխնոլոգիաները։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երբ դպրոցը դառնում է բաց համակարգ, որտեղ սովորողը հետազոտում է, ստեղծում, հարցադրում և բացահայտում, կրթությունը ձեռք է բերում իրական արժեք։
ՍԷԱԴ ծրագրի այս փուլը ցույց տվեց, որ սմարթ-էկրանները պարզապես տեխնիկա չեն․ դրանք կամուրջ են դեպի նոր կրթական մտածողություն, նոր մեթոդաբանություն և նոր սերնդի ձևավորում։
Շնորհակալ ենք բոլոր դպրոցներին, ուսուցիչներին ու սովորողներին այս ոգեշնչող ճանապարհի համար։ Դուք ձևավորում եք այն դպրոցը, որտեղ կրթությունը ապրում է։


