
«Աշխարհացույցն աշակերտի աչքերով»․ Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Յուրա Մանուչարյան
«Հիմա մենք հերո՞ս ենք»․ հենց այս հարցով են Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամում հիշում Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Յուրա Մանուչարյանին։
2023-ին Յուրայի դպրոցը հաղթել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթում։ Ինքն ու դպրոցական ընկերները նախագծային աշխատանք են կատարել ու հերոս դարձել՝ դպրոցը համալրելով նորագույն տեխնիկայով։
«Աշխարհացույց»-ի հետ Յուրայի ճանապարհը, սակայն, ավելի վաղուց է սկսել․ դեռ 2022-ից է ամենօրյա ռեժիմով կիրառում «Աշխարհացույց» հարթակն ու նոր գիտելիքներ ստանում, իր հետաքրքրությամբ վարակում նաև ընկերներին։
Երկրի ղեկավար դառնալ ցանկացող Յուրան այժմ զբաղվում է «դիվանագիտական» գործունեությամբ։ Նա «Աշխարհացույց»-ի դեսպան աշակերտ է։ Յուրան վստահ է՝ հարթակը մի օր հայտնի է դառնալու ամբողջ աշխարհում ՝ հայտնի դարձնելով նաև մեր երկիրը։ Ոգևորությամբ է նշում՝ ինքը դրա համար ամեն ինչ անելու է։
Յուրան ասում է՝ «Աշխարհացույց»-ն իր կյանքում շատ բան է փոխել։ Հատկապես նախագծային աշխատանքը կատարելիս իր հայրենի բնակավայրում, հարակից բնակավայրերում ընկերների հետ այնքան նոր բան են բացահայտել երկրի ու իրենց շրջապատող պատմամշակութային կոթողների մասին, որ գուցե չիմանային, եթե անձամբ այդքան ուսումնասիրություն չանեին։
Սա միակ հավելյալ արժեքը չէ․ ասում է՝ իրենց ընկերությունն է փոխվել, հասունացել․ «Այդ ամբողջ ընթացքում ես հասկացա, թե ինչ է ընկերասիրությունը, համագործակցությունը, փոխադարձ աջակցությունն ու իրարով ուրախանալը։ Արդյունքում ավելի շատ սիրեցի իրենց։ Համատեղ աշխատանքը միավորում է մարդկանց․ նույն ուղղությամբ են նայում»,-ասում է մեր դեսպան-զրուցակիցը։
Յուրային տպավորել է հատկապես Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանի հետ ծանոթությունը՝ իրենց դպրոցում։ Հաջորդ հանդիպումը եղել է մրցույթի հաղթանակի հավաստագիրն ստանալիս։ Վերջերս էլ Յուրան հյուրընկալվել էր նաև հիմնադրամում։ Աշակերտն ասում է՝ Հովհաննես Ղազարյանն իր համար օրինակ է, ինքն էլ որոշել է ապագայում նաև կրթության ու գիտության ոլորտում ուժերը փորձել։
«Սմարթ-էկրան հաղթելուց հետո պարոն Ղազարյանի հետ նաև մի այլ միջոցառման ընթացքում հանդիպեցի։ Մոտեցավ մեր աշակերտական խմբին, ծանոթացավ մեր ծրագրին, իր կարծիքը գրեց մեր աշխատանքի մասին։ Շատ էինք ոգևորվել։ Ուզում եմ, որ պարոն Ղազարյանն ինձ ու մյուս աշակերտներին աջակցի, մեր կողքին լինի տարբեր նախաձեռնությունների ընթացքում»,-ասում է Յուրան՝ նշելով, թե իրենից ակնկալվող ամեն ինչ կանի, որ իր ու ընկերների կրթության ոլորտում հիմնադրամի կատարած ներդրումն արդյունավետ լինի։
Յուրան նշում է, թե աշակերտներին լավ սովորելու համար շատ բան պետք չէ՝ կենտրոնացած լինել դասի ընթացքում, հարգել ուսուցչին, ազնիվ լինել ու հնարավորություն ստանալ սովորելու կրթական նորարար գործիքներով ու բովանդակությամբ։ Ինքն ուզում է, որ Հայաստանի բոլոր անկյուններում սովորողները կրթության հավասար հնարավորություն ունենան և ապրեն խաղաղ երկրում։