Աշխարհացույցի ծնողական համայնքը․ անդրանիկ հանդիպում
Uncategorized

Աշխարհացույցի ծնողական համայնքը․ անդրանիկ հանդիպում

Հունվարի 23-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում տարբեր դպրոցներում սովորող երեխաների 30-ից ավել ծնողների հետ։ Հանդիպման օրակարգի առանցքն էր ծնողի տեսանկյունից սովորողներին առնչվող խնդիրների վերհանումը։ Քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին մի շարք մտահոգություններ, մասնավորապես՝

    • դասագրքերի պակասը,
    • տնային հանձնարարությունների չափից ավելի ծանրաբեռնվածությունը,
    • աշակերտների մոտիվացիայի պակասը,
    • դպրոցներում նյութական և մարդկային ռեսուրսների սղությունը,
    • ծնող-ուսուցիչ-սովորող համագործակցության մշակույթի բացակայությունը,
    • դպրոցական գրադարանների խնդիրները՝ համապատասխան գրականության և ընթերցասրահների բացակայությունը,
    • դպրոցական հագուստի հետ կապված հարցերը։

Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի ծնողական խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի գործող կազմի անդամ Նվեր Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ նաև սովորողների սովորելու ցանկության նվազմանը, հաղորդակցության խնդիրներին, կրթության որակի ոչ լիարժեքությանը, դպրոցներում կոնֆլիկտների լուծման մեխանիզմների բացակայությանը, բուլլինգի տարածվածությանը և դպրոցում արժեհամակարգի ձևավորման խնդրին։ Նա ընդգծեց նաև, որ ոչ բոլոր հայր ծնողներն են հաճախ ակտիվ մասնակցություն ունենում կրթական և դպրոցական կյանքին։

Քննարկման ընթացքում ծնողները շեշտեցին նաև 12-ամյա կրթության արդյունավետության վերաբերյալ մտահոգությունը, դասարաններում առկա աշակերտների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ԿԱՊԿ ունեցող սովորողների հետ աշխատանքի կազմակերպման դժվարությունները՝ պայմանավորված համապատասխան մասնագետների և ուսուցչի օգնականների պակասով։

Հանդիպումը վարում էր Հիմնադրամի գործադիր տնօրեն, Աշխարհացույց կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։ Իրականացվեց նաև խմբային աշխատանք, որի ընթացքում ծնողները բաժանվեցին խմբերի, քննարկեցին բարձրացված խնդիրները և առաջարկեցին հնարավոր լուծման ճանապարհները։

Հանդիպումը գնահատվեց որպես արդյունավետ և կարևոր, քանի որ ծնողները նշեցին, որ նման ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս իրենց լինել կրթական գործընթացի լիարժեք մասնակից, արտահայտել սեփական կարծիքը և ներգրավվել լուծումների որոնման փուլում։

Հանդիպմանը ներկա ծնողներից շատերը լավատեղյակ էին Աշխարհացույցից, նրանցից ոմանք հատուկ նշեցին, որ շատ արդյունավետ կլիներ, որ հարթակի հետ ծանոթացումն ու կիրառումը սկսվեր հենց տարրական դպրոցից, ներառվեին նոր առարկաներ, նաև՝ լեզուներ։