Մեդիա

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ»-ի շրջանավարտները․ Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Սահակյան
Uncategorized

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ»-ի շրջանավարտները․ Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Սահակյան

Ինքնավստահություն, փորձ և այդ փորձով կիսվելու հնարավորություն․ հենց այս հիմնական ձեռքբերումներն է առաջինը նշում Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Սահակյանը՝ ներկայացնելով «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023»-ին իր մասնակցությունը։

Մեր մենթոր-ուսուցիչը բարի նախանձով է նայում մենթորական ծրագրի այս տարվա ուսուցչական սերնդին ու հիշում իր հագեցած մի քանի ամիսներն «Աշխարհացույց»-ի հետ։

«Սիրով նորից կմասնակցեի, ու վստահ եմ՝ բազմաթիվ նոր գիտելիքներ կստանայի։  «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2023»-ն ինձ համար բացառիկ էր․ առաջին անգամ էի տեսնում, որ ուսուցչին և՛ սովորեցնեն, և՛ դրա համար կրթաթոշակ տան»,-ասում է մենթոր-ուսուցիչը։ Վերջինս վերապատրաստումների մասնակցության շատ մեծ փորձ ունի, ինքն էլ վերապատրաստող ուսուցիչ է, բայց «Աշխարհացույց»-ի ծրագիրը ոչ մի այլ ծրագրի հետ չի համեմատում։

«Աշխարհացույցի վերապատրաստումն իմ ուսուցչական կյանքում շրջադարձային եղավ։ Այն ինձ տվել է այն ամենը, ինչի կարիքը ես երկար տարիներ զգում էի որպես ուսուցիչ։ Այժմ, վերապատրաստելով գործընկեր-ուսուցիչներին, կիսվում եմ իմ փորձով․ ոչ միայն իմ համայնքում եմ տարածում սերտածս մեթոդները, այլև Հայաստանի տարբեր մարզերում։ Երբ հերթական վերապատրաստման ավարտին  ուսուցիչներին հարցնում եմ՝ ինչ վերցրիք ձեզ հետ, ասում են՝ «Աշխարհացույցն» ու մեթոդները»,-նշում է Սվետլանա Սահակյանը։

Ներկայիս ուսուցիչն էլ, ըստ Սահակյանի, հենց դասարանը պահելու, դասապրոցեսը հետաքրքիր անցկացնելու մեթոդների կարիք ունի, որոնք լիովին մատուցվում են «Աշխարհացույց»-ի վերապատրաստումների ընթացքում։ Արդյունքում ավելի շատ օգտվում է սովորողը, քանի որ սերտած հմտությունների շնորհիվ ուսուցիչն ավելի աշակերտակենտրոն դասեր է անցկացնում, սովորողը դառնում է ոչ թե պարզապես դաս սերտող, այլ պրպտող, հետազոտող։ 

««Աշխարհացույց»-ի կիրառումն էլ բարձրացնում է դասապրոցեսի մակարդակը։ Սովորողի աչքին մեր՝ ուսուցիչներիս հեղինակությունն էլ է բարձրանում։ Արդեն աշակերտն է հուշում՝ որ դասը որ մեթոդով անել, դասն ինչպես անցկացնել»,-նշում է Սահակյանը՝ ընդգծելով, որ երբ աշակերտները միօրինակ, միապաղաղ դասեր չեն անում, ավելի մեծ սիրով ու հետաքրքրությամբ են հաճախում դպրոց։  

Հենց այդ պրպտող-հետազոտող աշակերտներն էլ Սվետլանա Սահակյանի առաջնորդությամբ նախորդ տարի մասնակցել են Վիզուալ Հայաստան հիմնադրամի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցույթին ու վաստակել նորագույն տեխնիկան։ Այդ օրվանից այն դասասենյակը, որտեղ տեղադրվել է սմարթ-էկրանը, միշտ զբաղված է։

«Աշակերտները հերթագրվում են սմարթ-էկրանից օգտվելու համար, օգտագործում են տեխնիկայի բոլոր հնարավորոթյունները։ Այդ դասասենյակը դարձել է մեր դպրոցի տաքուկ անկյունը, որտեղ բոլորը ձգտում են լինել։ Այդ հաղթանակից ու ձեռքբերումից հետո փոխվել է ամբողջ դպրոցի կրթական մակարդակն ու առօրյան»,-ասում է մեր մենթոր ուսուցիչը։

Մեր հիմնադրամին ու ծրագրերին կապող բազմաթիվ թելերից զատ Սվետլանա Սահակյանը նաև «Աշխարհացույց»-ի բովանդակության մշակող է։ Սիրում է այդ աշխատանքն ու ամենից շատ ուրախանում, երբ դասապրոցեսի ընթացքում տեսնում է իր գրած հոդվածները։ Հարթակը դեռևս 2021 թվականից կիրառող ուսուցիչը ոգևորվում է ամեն օր ավելի հագեցած և որակապես ավելի լավը դարձող «Աշխարհացույցը» տեսնելիս։ Աշակերտներն էլ գիտեն՝ հարթակում ամեն ինչ ճշգրտված է, և տևական ժամանակ է՝ «Աշխարհացույցը» նրանց համար դարձել է ինֆորմացիայի հիմնական ու վստահելի աղբյուր, որը խորհուրդ են տալիս նաև ընկերներին։

Մեր մենթոր-ուսուցիչը ցանկանում է իր ստացած գիտելիքներն ու հմտությունները հնարավորինս շատ ուսուցիչների փոխանցել՝ ժամանակի պահանջներին համապատասխան սերունդ կրթելու համար։ 

«Ուսուցչի հիմնական նպատակը աշակերտի կարողունակությունները զարգացնելն ու մեր հասարակության համար ակտիվ քաղաքացի ձևավորելն է, որն անտարբեր չի լինի իր շուրջը կատարվողի հանդեպ։ Յուրաքանչյուրս այդ նպատակին հասնելու համար մեր անելքին ունենք»։