Մեդիա

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024»-ի մեկնարկը տրված է
Uncategorized

«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024»-ի մեկնարկը տրված է

«Ուզում եմ, որ իր վրա աշխատող և ձգտող ուսուցիչը գնահատվի և իր առաքելությունն իրականացնելու իրական հնարավորություն ունենա»,-հենց այս ակնկալիքով է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Հայկուհի Հովհաննիսյանն ամիսներ առաջ դիմել «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարված «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024» ծրագրին։

Նա մեկն է Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում աշխատող 129 մանկավարժներից, որոնք նոր հմտությունների ու կարողությունների ձեռքբերման, դասավանդման նորարարական մեթոդների ուսումնասիրության և մրցունակ սերունդ կրթելու հստակ որոշմամբ մրցույթին հայտ էին ներկայացրել։

Հաղթահարելով երկփուլային ընտրությունն ու իրենց առջև դրված խնդիրները՝ ուսումնառության փուլ են հասել նրանցից 33-ը։ Ի դեպ, ի սկզբանե որոշվել էր ընտրել 20-ին, սակայն, հուրախություն բոլորիս, մեզ դիմած ուսուցիչների թիմն այնքան ուժեղ էր,որ անգամ Վիուզալ Հայաստանի ընտրող հանձնաժողովը դժվարացավ միանգամից վերջնական ընտրություն կատարել։

Կարևորելով անաչառությունը՝ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024»-ի ընտրող հանձնաժողովը որոշեց մեր 33 մանկավարժներին ևս մեկ հնարավորություն տալ՝ իրենց լավագույն մասնագիտական որակներն ու ծրագրից ակնկալիքները ներկայացնելու։ Մեկամսյա ինտենսիվ հանդիպումներից հետո նրանցից 20-ը կդառնան կրթաթոշակառուներ։ 

Պարտավորեցնող է, որ բազմաթիվ ուսուցիչներ երկրորդ անգամ էին դիմել ծրագրին, ու նրանցից շատերն այսօր հաղթահարել են ընտրությունը։ Այս տարի պատմության ուսուցիչներից բացի նաև աշխարհագրության ուսուցիչներն են ներգրավվել, և անելու ենք ամեն ինչ, որ առաջիկայում ընդլայնվի նաև առարկաների քանակը։

«Վիզուալ Հայաստան» հիմնադրամն այս տարիների ընթացքում հասցրել է համագործակցել Հայաստանի տարբեր անկյուններում աշխատող մանկավարժների հետ ու հավաքագրել նաև նրանց բարձրաձայնած խնդիրները։

«Վիզուալ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» ծրագրի հեղինակ Հովհաննես Ղազարյանն ընտրված մասնակիցների հետ հանդիպմանը նշեց՝ այս ծրագիրը Հայաստանում եզակիներից է, որ ուսուցիչներին կրթաթոշակ է առաջարկում։

«Մենք պետք է կանգնենք մեր ուսուցիչների կողքին, կարողություններ փոխանցենք, ոգևորենք, տանք այն բոլոր հնարավորությունները, որոնք կօգնեն իրականացնել մեր նպատակը՝ ձևավորել «չեմպիոն» ուսուցիչների համայնք։ Հայաստանի կրթական համակարգում աշխատող ուսուցիչները պետք է մրցունակ լինեն աշխարհում լավագույնների հետ։ Դժվար ճանապարհ է, բայց մենք ամբողջ թիմով հավատում ենք դրան ու ամեն օր մեր աշխատանքում այդ սկզբունքով ենք առաջնորդվում՝ ոչ թե փորձել միջին կամ բավարար գործ անել, այլ ձգտել լավագույնին»,-ասաց Հովհաննես Ղազարյանն ու հավելեց՝ ինքն այլևս չի հավատում հրաշքներին, հավատում է աշխատանքին։

Մեր մենթորների թիմի ղեկավար, կրթության միջազգային փորձագետ, պատմաբան-մանկավարժ, մեթոդիստ Սեդա Քոչարյանը, որ առաջիկա կես տարվա ընթացքում աշխատելու է մանկավարժների հետ, ևս հավատում է աշխատանքի ուժին։ Այժմ արտերկրում գտնվող մեր գործընկերոջ համար տեղի ու ժամանակի տարբերությունները խոչընդոտ չեն, երբ երազանքն իրականացնելու հստակ որոշում կա։

«Հայաստանում ընթացող կրթական ծրագրերում ներգրավվելն իմ երազանքն է։ Ուզում եմ ՝ մեր երկրի կրթական համակարգը դառնա աշխարհում առաջատարներից մեկը։ Ահա թե ինչու, անկախ նրանից՝ որ երկրում եմ գտնվում, որքան զբաղված եմ, միշտ փորձում եմ օգնել Հայաստանում գտնվող ուսուցիչներին, քանի որ կարծում եմ, որ կրթական համակարգի զարգացումն այն միակ ուղին է, որ մեր երկիրը կտանի դեպի վերելք»։

Սիրելի՛ ուսուցիչներ, մեր թիմն ուրախ է, որ կարողացել է համախմբել որակյալ, նպատակասլաց և համառ մասնագետների, որոնց հետ նույն կարծիքին ենք՝ ուսուցիչները Հայաստանում լրջագույն փոփոխություններ են բերելու։ Եվ այսպես՝ ի գործ։