«Աշխարհացույցի գաղափարն ինքնին հեղափոխական է․ այն կարելի է համեմատել, օրինակ, կինոյի գյուտի հետ․․․»․ զրույց «Աշխարհացույց» հարթակի տեխնոլոգիական թիմի ղեկավար Արտաշես Մկրտչյանի հետ

Գլուխն ամպերում, ոտքերն ամուր հողին սեղմած՝ Արտաշես Մկրտչյանը հայկական կրթական նորարարական տեխնոլոգիա ստեղծելու գաղափարի մասին առաջին անգամ լսեց սար բարձրանալիս։ 2021 թվականի գարունն էր, հերթական գագաթը նվաճելիս զանգ ստացավ «Վիզուալ Հայաստանից»։ Երբ պատմեցին, թե ինչ են ուզում ստեղծել հայ ուսուցչի ու աշակերտի համար՝ դասը նորովի մատուցելու միջավայր, ժամանակի ու տարածության մեջ ճամփորդելու հնարավորություն, քարտեզները կենդանացնելու գործիքակազմ և այլն, ծրագրավորման մեծ փորձ ունեցող Արտաշեսը, որը հասցրել էր հիմնել ընկերություն, ղեկավարել թիմեր ու միջազգային նախագծեր, մեկ րոպե անգամ չերկմտեց համագործակցության հարցում։ Անմիջապես տարվեց գաղափարով՝ քաջ գիտակցելով դրա ողջ նորարարական բնույթը, սպասվող բարդ ու երկար ճանապարհը։
«Պատմությունն ու աշխարհագրությունն իմ տարերքն են եղել մանկուց։ Չէի կարող բաց թողնել այդ հնարավորությունն ու մասնակից չդառնալ նման գաղափարի իրագործմանը․ առաջին միտքս այն էր, որ պարզապես մի կայք ենք ստեղծելու քարտեզներով ու ժամանակացույցով։ Երբ հանդիպեցի թիմին, հասկացա, որ հսկայական մի համակարգ պետք է ստեղծվեր։ Բայց այն, ինչ ունենք այսօր, միանգամայն տարբեր է ու գերազանցում է նրան, ինչի մասին խոսում ու քննարկում էինք հարթակի ստեղծման առաջին օրերին։ Այն ժամանակ չէինք էլ կարող պատկերացնել, թե ինչ մեծ ու հանրօգուտ հարթակ է դառնալու «Աշխարհացույցը» և Բրեյնոգրաֆ կրթական տեխնոլոգիան»,- ասում է հարթակի տեխնոլոգիական թիմի ղեկավար Արտաշես Մկրտչյանը։
Եվ այսպես Արտաշեսը դարձավ գաղափարակից։ «Աշխարհացույցը» տարբեր էր այն ամենից, ինչն ինքն ու իր թիմն արել էին մինչև այդ։ Որքան տարբեր էր, նույնքան էլ բարդ ու ոգևորիչ․ զրոյից ստեղծվելու էր նախադեպը չունեցող հայկական պրոդուկտ՝ նորարարական կրթական հարթակ՝ նոր մոտեցմամբ, տրամաբանությամբ, նպատակներով և հնարավորություններով, որը միտված էր վերափոխելու կրթությունը հայկական դպրոցում։
«Կոմերցիոն կամ կիսակոմերցիոն նախագծերի ծրագրային ապահովումն այլ է․ կրթական, գիտական ծրագրերը միշտ էլ ինչ-որ առումով ալտրուիստական մոտեցում են պահանջում, երբ տալիս ես ու փոխարենը չես պահանջում։ Հիմա, երբ տեսնում եմ, թե ինչպես են տասնյակ հազարավոր աշակերտներ և ուսուցիչներ օգտվում այս հարթակից, ու կա պոտենցիալ, որ կարող են միլիոնավորներն օգտվել, իհարկե, գոհունակություն ու հպարտություն եմ զգում»,- ասում է Արտաշես Մկրտչյանը։
Ստեղծման օրից «Աշխարհացույցը» մոտիվացնող մարտահրավեր է Արտաշեսի ու թիմի համար։ Այն անընդհատ զարգանում է՝ արտացոլելով ուսուցիչներից և աշակերտներից ստացած արձագանքները, տեխնոլոգիական աշխարհի զարգացումները։ Երևակայություն, գիտելիք և նվիրում՝ սրանցով է առաջնորդվում տեխնոլոգիական թիմը՝ անհնարինը դարձնելով հնարավոր․ «Անընդհատ նոր մտքեր են ծնվում, որոնք կարելի է ձևակերպել, օրինակ, մեկ տողով։ Բայց այդ մեկ տողը հետո կարող է դառնալ 1500 տող նկարագրություն, ապա՝ 30 000 տող կոդ։ Դա ահռելի աշխատանք է»,- նկատում է Արտաշեսը, որն ամենայն մանրամասնությամբ կարող է պատմել նախագծի զարգացման յուրաքանչյուր փուլի մասին՝ նախատիպից մինչև մեր օրեր։ Ըստ նրա՝ հարթակն այժմ էվոլյուցիայի չորրորդ փուլում է։ Վստահաբար ասում է՝ չլիներ թիմային աշխատանքը «Վիզուալ Հայաստանի» հետ, ինչպես նաև ուսուցիչների և աշակերտների հետադարձ կապը, «Աշխարհացույցը» չէր կայանա․ «Ընդհանրապես «Աշխարհացույցի» գաղափարն ինքնին հեղափոխական է: Այն կարելի է համեմատել, օրինակ, կինոյի գյուտի հետ։ Այստեղ էլ գրքրերն ու առարկաներն են կենդանություն առնում՝ երեխաներին կլանելով գիտելիքի աշխարհ»,- ոգևորված պատմում է Արտաշեսը: Ըստ նրա՝ «Աշխարհացույցի» գործիքակազմը նաև հնարավորություն է տալիս ուսուցիչներին և աշակերտներին դառնալ ստեղծագործողներ։
«Մենք այսօր դեռևս լավ չենք պատկերացնում «Աշխարհացույցի» ազդեցությունը կրթության վրա, դեռ 3-4 տարի է՝ կիրառում են գործիքը։ Սակայն 10-15 տարի հետո հստակ կերևա, թե ինչ կարևոր ներդրում է ունեցել «Աշխարհացույցը» Հայոց պատմության, համեմատական պատմության և աշխարհագրության ուսումնասիրության, երեխաների վերլուծական ու ստեղծագործական կարողությունների զարգացման վրա»,- նկատում է Արտաշեսն ու շարունակում․ «Պատմության ճիշտ իմացությունն աշխարհագրական ճիշտ փոխհարաբերակցությամբ շատ կարևոր է։ Պատմությունն ու աշխարհագրությունը թույլ են տալիս հասկանալ, թե դու որտեղ ես, ինչ սպառնալիքներ և հնարավորություններ կան շուրջդ։ Հնարավորություն են տալիս հասկանալ էվոլյուցիան։ Պատկերացնում ես, թե ինչ է եղել հարյուր տարի առաջ և ինչ անել, որ նույնը չկրկնվի։ «Աշխարհացույցի» շնորհիվ կարողանում ես պատմական հիշողությունը համադրել ներկա վիճակի հետ և հետևություններ անել։ Եթե լավ գիտես քո ազգի և հանրույթի պատմությունը՝ որպես ազգային միավոր, դառնում ես անկոտրում»։
Յուրաքանչյուր նոր խնդիր հնարավորություն է տեխնոլոգիական թիմի համար գերազանցելու ինքն իրեն ու տեխնոլոգիական մի բարձունք գրավելու։ Սա հնարավորություն է երբեք կանգ չառնելու թե՛ հարթակը ստեղծողների, թե՛ այն կիրառողների համար․ «Կուզենայի, որ «Աշխարհացույցն» ուսումնական պարտադիր հարթակ լիներ Հայաստանի բոլոր դպրոցներում, ինչպես գրքերն են։ Կցանկանայի, որ ընդունված ձեռնարկ դառնար նաև սփյուռքի բոլոր դպրոցներում։ Կուզենայի տեսնել, թե ինչպես է «Աշխարհացույցը» կիրառվում ամբողջ աշխարհում։ Այն շատ արագ է զարգանում և կարող է ծրագրային զարգացած միջավայր ապահովել ոչ միայն հայերի և հայկական սփյուռքի համար, այլև մնացած աշխարհի»։


