«Աշխարհացույցը»՝ դասվարների ուշադրության ներքո․ կայացավ Մանկավարժական մտքի 6-րդ փառատոնը
Շաբաթ օրը «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Մանկավարժական մտքի 6-րդ փառատոնը։ ՀՀ տարբեր մարզերից բազմաթիվ ուսուցիչներ շտապել էին մայրաքաղաք հաղորդակից դառնալու մանկավարժական նորություններին, նաև՝ կիսվելու և առաջարկելու իրենց մտքերը։
«Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակը նույնպես ներկայացված էր միջոցառմանը։ Հարթակի մասին հմտորեն պատմում էին Աշխարհացույցի դեսպան աշակերտները՝ Արայիկը և Մոնիկան, Ռուբենը և Լիլիթը։ Մի քանի ժամ շարունակ նրանք դիմավորեցին տարբեր առարկաներ դասավանդող բազմաթիվ ուսուցիչների, ներկայացրեցին հարթակը, օգնեցին, որ վերջիններս գրանցվեն՝ բացեն իրենց օգտահաշիվները։ Նոր ու հետաքրքրված ուսուցիչների շարքերում շատ էին դասվարները, որոնք Աշխարհացույցն արդեն հմտորեն գործածող իրենց գործընկերներից իրազեկվել էին, որ հարթակը տարրական դասարաններում նույնպես կարող է օգտակար ու գործածական լինել և շտապել էին «Աշխարհացույցի» տաղավար-դասասենյակ՝ մանրամասներին ծանոթանալու համար։
Հաճելի էր նկատել, որ փառատոնի մասնակից խոսնակների շարքում էին «Աշխարհացույց» հարթակով ներկայացած մանկավարժներ ու սովորողներ, օրինակ նրանցից Երևանի համար 141 դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Արփենիկ Ղազարյանն իր սովորողների հետ պատրաստել էին Աշխարհացույցի իրազեկման տաղավար՝ ինչպե՞ս գրանցվել և աշխատել հարթակում, ի՞նչ ու ինչպե՞ս գտնել հարթակում։ Մեծ էր աշակերտների ոգևորությունը, երբ հանդիպեցին հենց նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանին ու իր թիմին։ Պարոն Ղազարյանը երկար ժամանակ անցկացրեց երեխաների հետ, պատասխանեց նրանց հարցերին։ «Շատ կարևոր է, երբ երեխաները հնարավորություն են ունենում շփվելու կայացած, իրենց կյանքում ձեռքբերումներ ու հաջողություններ գրանցած մարդկանց հետ։ Դա երեխաների համար մոտիվացիայի աղբյուր է դառնում։ Իսկ ամենավառ տպավորություններն էլ կապվում են այն փաստի հետ, որ նրանց կարծիքը հաշվի են առնում, նրանց հետ հարթակի զարգացման հարցերն են քննարկում իրենցից տարիքով մեծ ու կայացած մարդիկ․․․», — օրվա ու պահի տպավորություններով կիսվել է Արփենիկ Ղազարյանը։
Նոր գաղափարների, ծանոթությունների, վառ էմոցիաների խաչմերուկ դարձած այս փառատոնում ներկայացվեց նաև վերջերս լույս տեսած «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկը։
Օրվա ռիթմն ու տրամադրություններն առաջարկում ենք զգալ նկարների միջոցով։