Աշխարհացույց կրթական ծրագիրը ներկայացվեց 18 երկրից ժամանած Սփյուռքի հայ ուսուցիչներին
Uncategorized

Աշխարհացույց կրթական ծրագիրը ներկայացվեց 18 երկրից ժամանած Սփյուռքի հայ ուսուցիչներին

Հուլիսի 17-ին Վազգեն Ա կաթողիկոսի անվան 168 դպրոցում 2023 թ. սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում Աշխարհացույց կրթական ծրագրի թիմը հանդիպում ունեցավ 18 երկրից ժամանած 60 ուսուցիչների հետ։ 

«Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ձեզ ներկայացնելու, ձեզ հետ կիսվելու հայկական այս պրոդուկտի՝ Աշխարհացույց կրթական հարթակի հնարավորություններով, որն արդեն սիրված ու պահանջված է Հայաստանի շրջանակներում։ Գիտակցում ենք, թե ձեզնից յուրաքանչյուրն ինչ մարտահրավերների առաջ է կանգնում օտար երկրում հայերեն լեզվին, պատմությանը, մշակույթին հաղորդ սերունդ մեծացնելու գործում։ Վստահ ենք, որ Աշխարհացույցը կկարողանա նպաստել ձեր դասերն առավել բազմաբովանդակ, հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելուն։ Մեր նպատակներից է եղել ստեղծել գրավիչ միջավայր՝ հայերենով խոսալու, կարդալու համար։ Սփյուռքյան կրթական կենտրոնների հետ աշխատանքը մեր հիմնադրամի ղեկավարի՝ Հովհաննես Ղազարյանի, որը նաև հարթակի հեղինակն է, ուշադրության կենտրոնում է», — իր խոսքում նշեց Աշխարհացույց կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։ 

Նա ներկայացրեց կրթական հարթակը, առաջարկվող գործիքակազմը, հնարավորությունները, այնուհետև Աշխարհացույց կրթական ծրագրի վերապատրաստող ուսուցիչներ Նաիրա Երկանյանն ու Մարիամ Խաչատրյանն ուսուցիչներին ներկայացրեցին Աշխարհացույցի միջոցով դասի պլանավորման տարբերակներ, քայլեր, մատնանշեցին նաև, թե հարթակի կիրառումն ինչպես կարող է նպաստել սովորողի կարողությունների զարգացմանը և այլն։

Հանդիպման վերջում տեղի ունեցավ ակտիվ հարցուպատասխան։ Մասնակիցներից շատերը կիսվեցին իրենց խնդիրներով՝ շատ քիչ դասաժամեր, հայկական բովանդակության բացակայություն՝ առանձնացրեցին հատկապես դիդակտիկ նյութերի խնդիրը, լեզվական անջրպետներ և այլն։

«Մեզնից շատ մեծ ժամանակ ու ջանք է պահանջվում, որ կարողանանք բովանդակություն մշակենք, մեր սովորողներին խիստ սահմանափակ ժամերի ընթացքում գիտելիք փոխանցենք։ Ձեր հարթակում ամեն ինչ կա, եթե հնարավոր լինի նաև ունենալ այս բովանդակությունը դասական ուղղագրությամբ, հրաշալի կլինի»,— նշեց ԱՄՆ-ից ժամանած ուսուցիչներից մեկը։

Տեղեկացնենք, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ծրագրի գլխավոր նպատակը ինչպես սփյուռքահայ ուսուցիչներին նոր գիտելիքներով և կարողություններով զինելն է,  այնպես էլ անձնական մակարդակում ուսուցչի մոտիվացիայի և առարկայի հադեպ հետաքրքրության բարձրացումը, սփյուռքի կրթական օջախների հետ կապերի ամրապնդումը: