«Աշխարհացույց»-ի մարզային վերապատրաստումների առաջին շրջափուլը եզրափակվեց Վայոց ձորում
Uncategorized

«Աշխարհացույց»-ի մարզային վերապատրաստումների առաջին շրջափուլը եզրափակվեց Վայոց ձորում

Մայիսի 30-ին Վայոց ձորի մարզում՝ Զառիթափի միջնակարգ դպրոցում, կայացավ «Աշխարհացույց» նորարարական կրթակական հարթակի ճանաչման և գործածման եզրափակիչ սեմինարը, որին մասնակցում էր 50 ուսուցիչ՝ մարզի գրեթե բոլոր բնակավայրերից։ Մասնակիցները ծանոթացան «Աշխարհացույց»-ի գործիքակազմին, կատարեցին գործնական և խմբային աշխատանքներ՝ ձեռք բերելով հարթակի միջոցով հետաքրքիր և  հանրակրթական պետական չափորոշիչներին համապատասխան դասապրոցես կազմակերպելու հմտություններ։ Մարզային սեմինարների առաջին շրջափուլի համատեքստում սա վերջին վերապատրաստումն էր։

«Վիզուալ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» ծրագրի հեղինակ Հովհաննես Ղազարյանը, ողջունելով մասնակիցներին, հակիրճ ներկայացրեց Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը և դրանցից յուրաքանչյուրի կոնկրետ նպատակն ու առանձնահատկությունը։ Նա նշեց, որ բոլոր նախաձեռնությունները՝ թե՛ «Աշխարհացույց» հարթակը, թե՛  ուսուցիչների վերապատրաստումներն ու մենթորական կրթաթոշակը, թե՛ սմարթ-էկրանների մրցույթը, իրականացվում  են՝ հաշվի առնելով կրթության համակարգի կարիքները։  «Հիմնադրամի նպատակն  այն է, որ մեր մարդկային կապիտալը դառնա շատ ավելի մրցունակ, մեր  ապագա սերունդները զինվեն ժամանակակից գիտելիքներով և  հմտություններով, որպեսզի մրցունակ լինեն համաշխարհային շուկայում։ Քանի որ այս հարցում շատ ենք կարևորում նորարարարությունների ներդրման և ուսուցիչների դերակատարությունը, փորձում ենք ամեն ինչ անել այդ նորարարությունները հասանելի դարձնելու և  դրանք աշակերտներին փոխանցող առաջնային օղակին՝ ուսուցիչներին, անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելու համար»,- ասաց Հովհաննես Ղազարյանը։ Վերջինս առանձնացրեց նաև Հիմնադրամի գլխավոր աջակից, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնի գործուն մասնակցությունը և իրականացվող գործունեության նկատմամբ բարձր որակական պահանջները։

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, խոսելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, նկատեց, որ դրանք կյանքի կոչելու համար հարկավոր են աջակիցներ։ «Մենք շատ մեծ գործ ունենք անելու, բայց ԿԶՆԱԿ-ը միայնակ չի կարող անել։ Այս հարցում մեզ օգնում են տարբեր գործընկերներ։ Նրանց շարքում է նաև «Վիզուալ Հայաստան»-ը, որը համակարգի փոփոխությունները տեղ է հասցնում։ Ինչ վերաբերում է «Աշխարհացույց»-ին, այն մեր ժամանակների հրաշքն է։ Այս քարտեզով մեր երեխաները գնում-հասնում են դարերի խորքը։  Ի դեպ, ցանկալի է, որ այս հրաշք «խաղալիքից» օգտվեն նաև ծնողները»,- նշեց Արտաշես Թորոսյանը։

Մարզային սեմինարի անցկացման վայրի ընտրությունը՝ Զառիթափ գյուղը, պատահական չէր․ դպրոցը «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցույթի 40 հաղթողներից մեկն է։ Դպրոցի տնօրեն Շուշանիկ Սարգսյանը ներկաներին պատմեց, թե  սմարթ-էկրանի հայտնվելուց հետո դպրոցում ինչպես է փոխվել կրթական առօրյան․ «Սմարթ-գրատախտակը մեր դպրոցի լավագույն անկյունն է։ Դուք չեք պատկերացնում, թե այս սենյակի համար ինչպիսի հերթեր են գոյանում։ Բոլոր նախագծերը, բոլոր նորարարական դասերն անցկացվում են այս կաբինետում։ Հուսամ՝ այս կարևոր ծրագիրը կհասնի նաև մեր մարզի մյուս դպրոցներին»։ 

Մարզային վերապատրաստմանը ներկա էր նաև Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հերիքնազ Գևորգյանը, որը ոչ միայն հարթակի ակտիվ կիրառողներից է, այլև «Աշխարհացույց»-ի մենթոր-ուսուցիչներից․ «Մեր օրերում, երբ աշակերտը շատ ավելի պատրաստված և իրազեկված է, և ուսուցիչն այլևս ինֆորմացիայի միակ աղբուրը չէ, «Աշխարհացույցը» ինքնակրթվելու հնարավորություն է տալիս։ Երեխաների համար շատ կարևոր է տարածական ընկալումը, և նրանց շատ են հետաքրքրում հատկապես արբանյակային քարտեզները  և տեսանյութերը։ Վերջերս, երբ Գավգամելայի ճակատամարտն էինք ուսումնասիրում «Աշխարհացույց»-ով, երեխաներից մեկն ասաց՝ ինձ թվում է, ես  հիմա այնտեղ եմ և ուր որ է կհանդիպեմ Ալեքսանդր Մակեդոնացուն»։

Վայոց ձորում կայացած վերապատրաստումն առանձնահատուկ էր նաև նրանով, որ մարզային սեմինարի շրջանակում առաջին անգամ էր ներկայացվում հարթակում բոլորովին վերջերս ինտեգրված «Աշխարհագրություն» առարկան։ Ամփոփելով մեկ տարվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում իրականացված վերապատրաստումների արդյունքները՝ «Աշխարհացույց» ծրագրի վերապատրաստող ուսուցիչ, մարզային սեմինարների համակարգող Հայկանուշ Ղևոնդյանը տեղեկացրեց, որ տարբեր առարկաներ դասավանդող 459 ուսուցիչ արդեն գիտի, թե ինչպես կարող է կիրառել հարթակը՝ բարելալավելով դասապրոցեսի որակը և իր մասնագիտական հմտությունները․ «Մարզային սեմինարների շարքը հնարավորություն տվեց ուսուցչին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և փորձ, որի շնորհիվ ՀՊՉ-ի պահանջներին համապատասխան դասապրոցեսի պլանավորման կազմակերպման յուրաքանչյուր փուլ  ուսուցչի համար դառնում է ավելի հասկանալի և արդյունավետ»։

Մարզային սեմինարները կլինեն շարունակական և նոր ուսումնական տարվա համար Հիմնադրամը հանդես կգա թարմացված և կատարելագործված վերապատրաստումների ծրագրով։