530 ուսուցիչ ցանկանում է մասնակցել «Աշխարհացույց»-ի վերապատրաստումների 4-րդ շրջափուլին
Uncategorized

530 ուսուցիչ ցանկանում է մասնակցել «Աշխարհացույց»-ի վերապատրաստումների 4-րդ շրջափուլին

Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդող շուրջ 530 ուսուցիչ պատրաստ է միանալ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակն օգտագործող մանկավարժական ընդլայնվող համայնքին․ եռամսյա հեռավար վերապատրաստումների նոր՝ 4-րդ շրջափուլը մեկնարկված է։ Առաջին հանդիպմանը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի թիմը ներկայացրեց կրթական հարթակի գաղափարախոսությունը, առավելությունները, պատասխանեց մասնակիցների հարցերին։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանն ուրախությամբ նշեց, որ ինչպես այս դասընթացի, այնպես էլ Հիմնադրամի իրականացրած մյուս ծրագրերի նկատմամբ ուսուցիչների ցուցաբերած ակտիվությունը փաստում է, որ մեր ուսուցչական համայնքը հետաքրքրված է կրթական գործընթացներում նորարարությունների ներդրմամբ, ինչն ընկած է պետությունների և հասարակությունների զարգացման հիմքում։ Հովհաննես Ղազարյանը շեշտեց, որ «Աշխարհացույցը» համաշխարհային գիտելիքի հիմքով, բայց ամբողջովին հայկական մտքի արգասիք է, որն արդյունավետորեն փորձարկվում և տարածվում է հանրակրթական դպրոցներում։

«Այս կարճ ժամանակում գրանցած արդյունքները մեզ վստահություն են տալիս պնդելու, որ իսկապես օգտակար պրոդուկտ ենք ստեղծել՝ առաջին հերթին ուսուցչի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Անձնական փորձառությամբ եմ հասկացել, որ միայն գիրքը բավարար չէ նոր սերնդին, նրանց հետ պետք է խոսել  իրենց «լեզվով»։ Շատ կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ հարթակի բովանդակությունն ստեղծվում է մասնագիտական աշխատանքի արդյունքում, այսինքն՝ լիովին հավաստի է և կիրառելի  դասապրոցեսում»,- նշեց Հիմնադրամի ղեկավարը։

«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը նկատեց, որ տեղեկատվական հեղեղի այս դարաշրջանում ուսուցիչը հաճախ ոչ միայն գիտելիքի կրողն է, այլ նաև տեղեկությունը ճիշտ դասակարգողը և աշակերտին ուղղորդողը։  Այդ առումով «Աշխարհացույց»-ի կիրառման և ճանաչման բոլոր սեմինարները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ դրանք օգտակար լինեն ոչ միայն հարթակի հնարավորություննեը կիրառելու համար, այլ նաև մասնակցին փոխանցեն ընդհանուր ՏՀՏ հմտություններ։

«Աշխարհացույց»-ն ունի հարուստ գործիքակազմ, որը թույլ է տալիս արդյունավետ դասեր կազմակերպել տարբեր առարկաների շրջանակում, մեր վերապատրաստումների մեթոդները և հնարները ունիվերսալ են, հետևաբար հարթակի կիրառման հնարավորությունը կախված է նաև ուսուցչի հմտություններից։ Հույս ունենք, որ դասընթացի շրջանակում մեր աշխատանքը փոխադարձաբար կլինի համագործակցային․ մենք ուշադրությամբ կլսենք ձեր  դիտարկումները, առաջարկները, որպեսզի բարելավենք թե՛ հարթակի աշխատանքի որակը, թե՛ մեր վերապատրաստումների ծրագիրը»,— ընդգծեց ծրագրի ղեկավարը։

«Աշխարհացույց»-ի պրոդուկտի զարգացման ղեկավար Արմեն Ներսեսյանը հակիրճ ներկայացրեց հարթակի օգտագործման հնարավորությունները, յուրաքանչյուր գործիքի կիրառման առանձնահատկությունը։

Եռամսյա վերապատրաստման ծրագրին նոր գրանցված մասնակիցների կողքին էին «Աշխարհացույց» կրթական հարթակի գործածման մեջ հմտացած ուսուցիչները, և նրանց խորհուրդն իրենց գործընկերներին մեկն էր՝ անվարան ծանոթանալ հարթակին ու սկսել այն կիրառել դասերին։

«Իմ խորհուրդն է բոլոր ուսուցիչներին՝ գրանցվե՛ք հարթակում, սովորե՛ք, որովհետև անպայման կկարողանաք այն կիրառել ձեր դասապրոցեսում»,- ինչպես պատմություն և աշխարհագրություն, այնպես էլ  այլ առարկաներ դասավանդողներին կոչ արեց Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցի ուսուցիչ Լաուրա Գրքիկյանը։

Հիշեցնենք, որ ուսուցիչների վերապատրաստման եռամսյա առցանց դասընթացները մեկնարկել են 2022թ․։ Երեք շրջափուլի արդյունքում դասընթացին մասնակցել է ավելի քան 450 ուսուցիչ, նրանցից 135-ը արժանացել է հավաստագրի։