175 նորագույն տեխնիկա՝ ի հզորացում ժամանակակից ազգային դպրոցի․  ամփոփվեցին «ՍԷԱԴ 2025» մրցույթ-ծրագրի արդյունքները
Uncategorized

175 նորագույն տեխնիկա՝ ի հզորացում ժամանակակից ազգային դպրոցի․ ամփոփվեցին «ՍԷԱԴ 2025» մրցույթ-ծրագրի արդյունքները

Նոյեմբերի 25-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ամփոփվեցին «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» մրցույթ-ծրագրի արդյունքները։ Լավ լուրը հայտնելու համար համախմբվել էին ծրագրի աջակիցներ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը, Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրեն, Աշխարհացույցի դպրոցների ասոցիացիայի համանախագահ Արթուր Տաշչյանը, Գնահատող հանձնաժողովի անդամները և թիմը։ Ծրագրի մասնակիցներին հատուկ տեսաուղերձ էր հղել Հիմնադրամի ռազմավարական գործընկեր և գլխավոր աջակից «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը՝ հայտնելով նախատեսվածից գրեթե եռակի ավել սմարթ-էկրան տրամադրելու իր անակնկալ որոշման մասին։

Այսպիսով, Հայաստանի 175 հանրակրթական դպրոց «ՍԷԱԴ 2025» մրցույթ-ծրագրի շրջանակներում վաստակեց սմարթ-էկրան «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի և գործընկերների համատեղ հանձնառության ու ջանքերի շնորհիվ։

«Այս աննախադեպ որոշումն ու արդյունքը գերազանցեցին բոլոր սպասելիքները՝ հնարավորություն տալով եռապատկել տեխնիկա վաստակող դպրոցների թիվը», — նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը՝ հավելելով․ «Սա իսկապես կարևորագույն ներդրում է կրթական միջավայրը արդիականացնելու և կրթության որակը բարձրացնելու Հիմնադրամի առաքելության գործում։ Նման արդյունքի համար հիմք է ծառայել նաև Ծրագրի ծավալների բազմապատկումը, դրա՝ բառի բուն իմաստով համապետական ընդգրկումը, ուսուցիչների և աշակերտների հսկայածավալ աշխատանքը, ինչպես նաև մեր ծրագրերի համակարգային ազդեցությունը»։

Այս առիթով Քրիստին Սիմոնն իր ուղերձում նշեց․ «Նախագծերն այնքան ուժեղ ու հետաքրքիր էին, որ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի, Ամերիաբանկի և «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ ի սկզբանե նախատեսված 60 սմարթ էկրանից բացի, ես հանձն եմ առել տրամադրել լրացուցիչ 115 սմարթ էկրան։ Հոկտեմբեր ամսին դպրոցներ այցելությունների ընթացքում անձամբ ականատես եղա, թե որքան կարևոր են սմարթ էկրանները… Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ունենաք լավագույն աշխատանքային գործիքը։ Մրցույթի հաղթողներին ցանկանում եմ ասել՝ դուք հիանալի աշխատանք եք կատարել ոչ միայն մրցույթում հաղթելու, այլև ձեր դպրոցներում ժառանգություն թողնելու համար, որը երկար տարիներ ծառայելու է թե՛ ուսուցիչներին և թե՛ աշակերտներին։ Կարող եք հպարտանալ դրանով և վայելել այդ զգացումը»։

Ամփոփելով իր խոսքը՝ տիկին Սիմոնը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 20-ին կլինի Երևանում մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու նպատակով։

Ապա դպրոցներին իրենց շնորհավորական խոսքն ուղղեցին Ծրագրի աջակիցները։

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նշեց․ «Մենք ընտրեցինք այս նախագիծը 100-ից ավելի մրցակցային հայտերի միջից, քանի որ այն նորարար ու համապարփակ ձևով լուծում է արմատական խնդիր։ Խնդիրը խորապես հասկանալով՝ Վիզուալ Հայաստանը ստեղծել է ոչ միայն գործիք, այլ նաև ամբողջ բովանդակություն, որը ուսուցիչներն իսկապես իրենցն են համարում։ Ուրախ ենք, որ ծրագիրը լայն տարածում է ստացել։ Վստահ ենք, որ այն ի վերջո կընդգրկվի հանրակրթական ողջ համակարգում, ինչպես նաև կունենա տարածում Հայաստանի սահմաններից դուրս»:

Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք նորարարական լուծումներով ընդլայնում են կրթության հնարավորությունը՝ ընդգծելով․ «Աշխարհացույցը» հենց այն նախագիծն է, որը համատեղում է գիտական միտքը, տեխնոլոգիաներն ու ժամանակակից ուսուցման մեթոդները՝ դարձնելով պատմությունն ու աշխարհագրությունը ավելի պատկերավոր ու հասանելի։ Մենք հավատում ենք, որ նման ինտերակտիվ հարթակները ձևավորում են լայն մտածողություն և այդ համոզմամբ էլ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում աջակցեցինք Վիզուալ Հայաստան հիմնադրամի այս ծրագրին»:

Ծրագրի հաջողության գործում մեծ դեր է ունեցել Գնահատող հանձնաժողովը, որը ներառում էր ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և այլ կրթական կառույցների ներկայացուցիչներ։ Նրանց աշխատանքը թույլ տվեց ապահովել թև՛ օբյեկտիվ գնահատում, թե՛ մրցութային պահանջների պահպանում և թե՛ մասնագիտական արդար ընտրություն։ Կարևորվեց այն փաստը, որ Ծրագիրը երեք տարի անընդմեջ ՀՀ կառավարությունը ճանաչել է բարեգործական, ինչը նպաստել է ծրագրի ընդլայմանը։

Համախմբող կրթական շարժում՝ մեկ նախագծի շուրջ

«Քարտեզագրելով ազգային կամ համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատի ուղին» խորագրով ՍԷԱԴ 2025 մրցույթ-ծրագրին մասնակցության հայտ էր ներկայացրել 272 դպրոց, որոնցից 235-ը հաղթահարել էին երկրորդ փուլի շեմը։ Արդյունքում, ծրագրում ներգրավվել է 1907 սովորող և 396 նախագծի ղեկավար-ուսուցիչ։

Մրցույթը համախմբել էր ոչ միայն նախագծային իրականացնող թիմերի, այլև՝ դպրոցների ու համայնքների։ Նրանք թիմային ոգով մասնակցեցին վերապատրաստումների, իրականացրեցին հետազոտական, դաշտային ու բանահավաք աշխատանքներ, կապ հաստատեցին երկրում և արտերկրում բնակվող մասնագետների հետ։ Շատերը ճամփորդեցին Հայաստանով, իսկ որոշ դեպքերում՝ Հայաստանից դուրս, որպեսզի լավագույնս կատարեն իրենց աշխատանքը և վաստակեն մրցանակը։

Ուսուցիչների առաջնորդությամբ մեր աշակերտներն ստեղծել են հարուստ, հետաքրքրաշարժ և ներգրավող բովանդակությամբ վերջնարդյունքներ։ Իսկ անհատների անցած ուղու տարբեր շերտերը բացահայտելը՝ հերոսների ընտանիքի անդամներից մինչև նրանց կյանքում կարևոր դերակատարում ունեցած անձիք, կրթություն, կյանքի դժվարություններ, ձախողումներ, ինչպես նաև պատմական համատեքստին առնչվող այլ տեղեկություններ, անխուսափելիորեն անգնահատելի ուսուցողական նշանակություն են ունեցել մեր սովորողների համար։ Այս ամենը հարստացրել է աշակերտների աշխարհընկալումը, նրանց համար բացահայտել հաջողության հասած մարդկանց օրինակներ, ամրապնդել ազգային արժանապատվությունը։

Ազդեցությունը թվերով 2023-2025 թթ․

  • ՀՀ հանրակրթության մեջ կատարվել է 355,000,000 դրամի ներդրում
  • Հայաստանի 322 հանրակրթական դպրոց զինվել է նորագույն տեխնիկայով
  • 322 դպրոցի առնվազն 120000 աշակերտ դարձել է Ծրագրի շահառու
  • Իրականացվել է 126 ժամ ուսուցիչների վերապատրաստում

Սմարթ-էկրաններ վաստակած 175 հանրակրթական դպրոցների ցանկը՝ հղումով։