
Ուսուցիչների հզորացումը մեր առաջնահերթությունն է
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի թիմը Գեղարքունիքի մարզում էր՝ իրականացնելու ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերաբերյալ իրազեկման և հայտորոշման հանդիպում:
Գավառի տարածաշրջանի համայնքներից 42 ուսուցիչ և տնօրեն միացան մեր հանդիպմանը՝ ցուցաբերելով մեծ հետաքրքրվածություն և նախանձախնդրություն վերապատրաստումների արդյունավետության բարձրացման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի մոդուլի առանձնահատկություններին, որոնցից մեկն է «Աշխարհացույց»-ի կիրառման միջոցով վերջնարդյունքներին հասնելու հնարավորությունը։
«Հիմնադրամն իր առջև խնդիր է դրել ձևավորել ու զարգացնել իրապես արդյունավետ, կարիքահեն ու վերջնարդյունքներին հարող պարտադիր վերապատրաստումների ծրագիր։ Մարզային այցերն ինքնանպատակ չեն, տեղում պետք է կարողանանք լսել ու աշխատել ուսուցչի հետ։ Ոգևորիչ է, որ այս հարցում ունենք դաշնակիցներ՝ ի դեմս և՛ գործող ուսուցիչների, և՛ դպրոցների տնօրենների»,-հանդիպման ընթացքում նշեց «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։
Հիմնադրամի Պարտադիր վերապատրաստումների ուղղության պատասխանատու Անի Հովհաննիսյանն ու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» ծրագրի համակարգող Նաիրա Երկանյանը ներկաներին մանրամասնեցին և՛ վերապատրաստումների ընթացակարգը, և՛ մոդուլային առանձնահատկություններն ու վերապատրաստումների բաժինների միջև կապերն ու առաջնահերթությունները։
Մարզային այցերը շարունակական են լինելու․ հետևեք մեզ՝ հետագա զարգացումների մասին տեղեկանալու համար: Միասին կերտենք ավելի լավ կրթություն Հայաստանում։
Հարցերի դեպքում կարող եք գրել trainings@visualarmenia.org էլհասցեին։
#պարտադիրատեստավորում #պարտադիրվերապատրաստումներ #ԿրթությունՀայաստանում #Գեղարքունիք #Աշխարհացույցիվերապատրաստումներ #Աշխարհացույցըմարզերում