«Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ» ծրագիրն ընթացքի մեջ է
Uncategorized

«Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ» ծրագիրն ընթացքի մեջ է

Ուրախ ենք տեղեկացնել, որ ս․թ․ հուլիսից մեկնարկված «Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ» քառամսյա փորձարարական ծրագիրը հաջողությամբ կյանքի է կոչվել։ Ծրագիրն անց է կացվում «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում՝ հանդիսանալով ուսուցչի կարողությունների զարգացման յուրահատուկ ձևաչափ։

Հայաստանի բոլոր մարզերից ծրագրին միացած երկու տասնյակ ուսուցիչներ կրթության ոլորտի լավագույն մասնագետներից մեկի՝ Սեդա Քոչարյանի առաջնորդությամբ, համալիր մոտեցմամբ զարգացնում են իրենց կարողությունները՝ արդի մեթոդամանկավարժական նոր մոտեցումների յուրացումից մինչև անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում․ «Մինչ ծրագիրը սկսելը մտավախություն ունեի, որ ուսուցիչները դժկամությամբ կընդունեն նոր մոտեցումները, քանզի դրանք ժամանակատար են, պահանջում են լրացուցիչ աշխատանք և տեխնիկա: Սակայն այս ծրագրին մասնակից ուսուցիչների ոգևորվածությունը և պատրաստակամությունը՝ նոր մոտեցումներ սովորելու և մասնավորապես կիրառելու, հակառակը ցույց տվեցին: Լիահույս եմ, որ այս ծրագրի արդյունքում կձևավորվի պրոֆեսիոնալ ուսուցիչների մի համայնք, որն իր էական ներդրումը կունենա հայկական կրթական միջավայրի բարեփոխման գործում»։ 

Կարևոր է արձանագրել, որ ծրագրի շրջանակներում ստեղծված միջավայրը ուսուցիչներին հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել, այլև կիսվել սեփական փորձով, բարձրաձայնել ու քննարկել աշխատանքային հարցեր, համատեղ գտնել հետաքրքիր պատասխաններ ու իրենց ներդրումը բերել ծրագրի հընթացս կատարելագործմանը։

«Աշխարհացույց» կրթական ծրագրով վերապատրաստում անցած ուսուցիչներից ընդամենը մեկ հայտադիմում է պահանջվել դեպի մենթոր-ուսուցիչ ճանապարհը սկսելու, ինքնակատարելագործման համար կրթաթոշակ վաստակելու ու Հայաստանում ձևավորվող նոր՝ մենթոր-ուսուցիչների համայնքը լրացնելու համար։

«Կրթաթոշակային այս ծրագիրը բացառիկ է իր տեսակով․ ուսուցիչը հնարավորություն ունի ևʹ կատարելագործելու սեփական գիտելիքները, հմտությունները, ևʹ ստանալու նաև կրթաթոշակ՝ ուսուցչի կրթաթոշակ։ Կա մեծ խանդավառություն և պատրաստակամություն ստանալու նոր ու մնայուն, նաև՝ մրցունակ գիտելիքներ, իսկ որն ամենակարևորն է մեր ուսուցիչները պատրաստ են կիսվելու իրենց ձեռքբերումներով», — նշում է «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։

«Վիզուալ Հայաստան» հիմնադրամը, կարևորելով ժամանակակից հմտություններով զինված, անհրաժեշտ գործիքակազմ ունեցող, գնահատված ու մոտիվացված ուսուցչական կուռ համայնքի ձևավորումը,  շարունակելու է աշխատել հանուն մենթորական ծրագրի հաջողության ու շարունակականության և իր ծրագրերը կառուցելու է հայ աշակերտին ու ուսուցչին հզորացնելու նպատակի շուրջ։