ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում ինտերակտիվ դիսփլեյ նվիրաբերեց Աբովյանի համար 2 դպրոցին
Uncategorized

ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում ինտերակտիվ դիսփլեյ նվիրաբերեց Աբովյանի համար 2 դպրոցին

Նախորդ տարվա վերջին Հիմնադրամի աջակից ու բարեկամ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնի և ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի այցից հետո, արդեն այս տարի՝ փետրվարի 14-ին, ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի և Աբովյան քաղաքի համար 2 հիմնական դպրոցի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր` կրթական գործընթացներում նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով որակյալ կրթությունը խթանելու նպատակով։

Փորձարարական փուլում գտնվող «Աշխարհացույց» ծրագրում ունեցած ակտիվ ներգրավվածությունը, արդյունավետ գործածումն ու դպրոցի կարիքները հաշվի առնելով՝ ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամն Աբովյանի համար երկու դպրոցին նվիրաբերեց բազմաֆունկցիոնալ, նոր սերնդի ինտերակտիվ դիսփլեյ։

«Մեր նպատական է խթանել որակյալ կրթությունը ոչ միայն նորարարական ծրագրերի ներդրմամբ, այլև դպրոցները ժամանակակից տեխնիկայով վերազինելու միջոցով, որի շնորհիվ հնարավոր է դասերն էլ ավելի գրավիչ ու արդյունավետ կազմակերպել», — նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

«Եˊվ «Աշխարհացույց» ծրագիրը, ևˊ այս ժամանակակից էլեկտրոնային գրատախտակն առիթ դարձան, որ մեր դպրոցում ստեղծենք հատուկ դասասենյակ՝ նորարարական կրթության և մտքի թռիչքի կենտրոն։ Որակյալ, ժամանակակից աշխարհի պահանջներին ու արդի չափանիշներին բավարարող կրթություն ստանալու իրավունք այսօր ունի յուրաքանչյուր աշակերտ, ուստի դասասենյակի ստեղծման նպատակն է մեր աշակերտին ապահովել այլընտրանքային կրթության հնարավորությամբ, ստեղծել լիարժեք պայմաններ նրանց կրթության, ժամանցի և կարողությունների բացահայտման համար։

Ու այս ամենը «Աշխարհացույց» հրաշալի կրթական ծրագրին մեր ակտիվ մասնակցության արդյունքն է», — նշեց դպորցի տնօրեն Արթուր Տաշչյանը։

Տարեվերջյան հիշատակված այցի ընթացքում Քրիստին Սիմոնն ու Հովհաննես Ղազարյանը ծանոթացան հետևեցին «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակով վարվող դասը։

Դասապրոցեսի ժամանակ հնարավորություն եղավ տեսնելու փորձարարական փուլում, որը մեկնարկվել էր 2022-ի սեպտեմբերից, գտնվող «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի կիրառությունը և ուսուցչին ու աշակերտին տրված հնարավորությունները։

Այցի ժամանակ Քրիստին Սիմոնը ծանոթացավ աշակերտների հետ, կիսվեց պապի՝ ՀՀ Ազգային հերոս Ալեք Մանուկյանի հաջողության պատմությամբ։ Ներկայացրեց մեծանուն բարերարի կյանքի մանրամասները՝ աշակերտների ուշադրությունը հրավիրելով բոլոր ժամանակներում լավ կրթություն ստանալու կարևորության վրա։

«Պապիկս ծնվել էր Զմյուռնիայում՝ Օսմանյան կայսրությունում, այժմ՝ Թուրքիայում գտնվող Իզմիր քաղաքը, և թեև համեստ ընտանիքից էր, ստացել էր շատ լավ կրթություն, որը հիմք հանդիսացավ նրա հետագա բոլոր հաջողությունների համար․․․

Կրթությունը բացում է մեր մտահորիզոնը, տալիս է մեզ հնար աշխատելու և արձագանքելու կյանքի այս կամ այն իրավիճակին, և հենց կրթությունը կարող է լինել մեր բոլոր հնարավորությունների հիմքը։

 Վստահ եմ, որ այսօր նա հավանություն կտար այս ինտերակտիվ ծրագրին՝ տեսնելով պատմության նորովի ուսուցման հնարավորությունը։ Ավելի գրավիչ ու արդյունավետ միջոց, որը հնարավորություն է տալիս ուսուցչին ավելի շատ շփվել ձեզ հետ։ Եվ հրաշալի է, որ ծրագիրը սկսել են պատմությունից, քանի որ այն առաջին հերթին մարդկանց և իրադարձությունների պատմություն է։

 Այն ցույց է տալիս, թե որտեղից ենք մենք և մյուսները գալիս, ինչ պայքարի ենք հանդիպել, ինչ հաջողություններ ենք ունեցել, որպեսզի կարողանանք գնահատել մեր անցյալը և դրանից դասեր քաղենք ապագայի համար»,- նշեց Քրիստին Սիմոնը աշակերտներին ուղղված իր խոսքում։

«Աշխարհացույց» կրթական հարթակն իրենից առաջին հերթին ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որն առաջարկում է Հայոց պատմություն առարկայի դասավանդման ինտերակտիվություն և բովանդակության վիզուալիզացիա՝ համալրված համապատասխան գործիքակազմով, պատմության հետաքրքիր դրվագներով, ֆիլտրերով, որոնողական համակարգով և այլն: Այն պատմական ցանկացած իրադարձություն կամ անուն կապում է տարածության ու ժամանակի հետ՝ հնարավորություն տալով դասավանդողին իր խոսքն առավել պատկերավոր ու մատչելի մատուցել աշակերտներին։ 

 Հարթակի նպատակն է ուսուցիչների ու աշակերտների համար ստեղծել միջառարկայական կրթական գործիք՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիական լուծումներ և ուսուցման մեթոդներ: