ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանի հարցազրույցը «Շողակաթ» հեռուստաընկերությանը
Uncategorized

ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանի հարցազրույցը «Շողակաթ» հեռուստաընկերությանը

Հովհաննես Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերության «Տաղավարում» հեռուստանախագծի  շրջանակներում, հաղորդման հեղինակ և վարող Հովհաննես Երանյանի հետ զրուցել է կրթության ռազմավարական խնդրի շուրջ: Պարոն Ղազարյանն ընդհանուր գծերով ներկայացրել է ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի նպատակներն ու բուն առաքելությունը․

 

«Հիմնադրամի նպատակն է մարդկային կապիտալի զարգացման միջոցով նպաստել մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Կարևոր է պատկերացնել Հայաստանը, վիզուալիզացնել Հայաստանը և Հայաստանի առաջընթացն ու զարգացումը, կոնկրետ դրա տակ ունենալ մեր խնդիրների ընկալումն ու ճանաչումը, քանզի առանց մեր խնդիրների ընկալման ու ճանաչման չենք կարող գտնել դրանց լուծումը: Խնդիրներ, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանի զարգացումը։ Նաև գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն զարգացնել, այլև արագ տեմպերով առաջընթաց ապրել: Նպատակն է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանը:  Այսօր արդեն իսկ ունենք  Աշխարհացույց ծրագիրը»։ Հաղորդման ընթացքում ներկայացվեց Աշխարհացույց նորարարական կրթական հարթակը: Ինչո՞ւ հենց Աշխարհացույց, ի՞նչ նպատակ ունի հարթակը:

«Աշխարհացույցը նորարարական մոտեցում է կրթության ոլորտում, որի հիմքում դրված է պատմություն առարկայի վիզուալիզացիան, որտեղ ոչ միայն  տեղեկության վիզուալիզացիա է քարտեզների ինտերակտիվության ապահովման միջոցով, այլ նաև ժամանակի ու տարածության համադրում է: 

Աշխարհացույցը դեռ փորձարկման փուլում է և արդեն կան որոշակի հաջողություններ: Այն ուսուցիչների կողմից ընդունված է։ Նրանք կիրառման ընթացքում հաստատում են, թե որքանով է առաջարկված լուծումը՝ նորարական ինտերակտիվ քարտեզը և հարթակը, հնարավորություն տալիս իրենց դասը դարձնել ավելի արդյունավետ, ավելի պատկերավոր, ու ինչու չէ բարձրացնել աշակերտի հետաքրքրությունն առարկայի նկատմամբ։ Հարթակը նաև միջառարկայական կապերի հնարավորություն է  տալիս»,- հավելեց Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Պարոն Ղազարյանը ներկայացրեց նաև նախորդ տարեվերջին ուսուցիչների շրջանում արված հարցումների արդյունքները, ըստ որի  հարթակը սովորողների մոտիվացիան բարձրացրել է 68.5 տոկոսով, 91.8 տոկոսով բարձրացել է առարկայի հանդեպ հետաքրքրությունը, 76 տոկոսով՝ դասավանդվող նյութի ընկալունակությունը:

Աշխարհացույց ծրագրի աշխատանքային խումբը պատմություն առարկայի լիարժեք հաջողության դեպքում, ձեռնամուխ կլինի  նաև աշխարհագրություն առարկային, որը շատ լուրջ ու մեծածավալ ծրագրավորման աշխատանքներ է ենթադրում։

Իր խոսքում Հիմնադրամի տնօրենը շնորհակալություն հայտնեց «Մանուկյան Սիմոն» հիմնադրամին՝ ի դեմս նախագահ Քրիստին Սիմոնի՝ որպես ծրագրի աջակից և գործընկեր։ Այս աջակցության և գործընկերության շնորհիվ հաջողվել է ստեղծել նման մի գործիք, որը նպաստում է ոչ միայն հայոց պատմություն առարկայի հանդեպ հետաքրքրությանը, այլ նաև խթանում է հայրենաճանաչությունն ու հայրենասիրությունը: Ավելին, հաջողվել է գրանցել շոշափելի արդյունքներ. Հայաստանի 140 դպրոցների 215 ուսուցիչներ արդեն օգտվում են հարթակից ու կիրառում են այն դասապրոցեսի ժամանակ: Հարթակի ճանաչման ու գործածման համար իրականացվում են ուսուցիչների կանոնավոր վերապատրաստումներ և սեմինարներ։ 

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև սփյուռքում հարթակի հնարավոր կիրառելիությանը․ արդյո՞ք Աշխարհացույցը կարող է դառնալ այն գործիքը, որը կնպաստի սփյուռքում՝ հայոց պատմություն առարկայի դասավանդման արդյունավետությանը:

«Բնականաբար կա մեծ ցանկություն Աշխարհացույցը ներդնել սփյուռքյան դպրոցներում: Ի դեպ, ոչ միայն սփյուռքի դպրոցներում, այլ նաև տարբեր համայնքային նշանակության կառույցներում, որոնք կարող են վերցնել և օգտվել հարթակից: Նոր տեխնոլոգիաները, համացանցը մեզ համար որպես հայ ազգ, որը սփռված  է ամբողջ աշխարհում, շատ շահեկան է։ Այն, անկախ սահմաններից, տալիս է նոր հնարավորություններ միմյանց հետ շփվելու, ինֆորմացիա փոխանակելու, կրթելու: Աշխարհացույցն էլ այդ առումով տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ և կարող է հասանելի դառնալ և օգտակար լինել նաև սփյուռքի մեր հայրենակիցների համար, ինչպես նաև խթանել Հայաստան-Սփյուռք կապերը  և  նպաստել հայրենասիրությանն ու հայրենաճանաչողությանը»,- եզրափակեց ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը: