ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամը և «EduArmenia» կրթական ծրագիրը կնքեցին համագործակցության հուշագիր
Uncategorized

ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամը և «EduArmenia» կրթական ծրագիրը կնքեցին համագործակցության հուշագիր

Ս․թ․ հունիսի 17-ին ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամը և «EduArmenia» հայկական կրթական ծրագիրը կնքեցին համագործակցության հուշագիր՝ բարձր գնահատելով կրթության ոլորտում նորարարություններով հանդես եկող թիմերի ջանքերն ու առաջարկները, որոնց առաջնային ու գլխավոր նպատակն է հայ աշակերտերին ապահովել մրցունակ և 21-րդ դարին համահունչ  կրթություն ստանալու հնարավորությամբ։ Կողմերը հատկապես կարևորել են ուսուցչի և աշակերտի կողմից դպրոցում ծախսվող ժամանակի արդյունավետության բարձրացումը, օրինակ՝ դասապրոցեսը արդիական մեթոդներով և նորարարական մոտեցումներով անցկացնելու միջոցով։ Այս համատեքստում շեշտադրվել է նորարարությունների կիրառմամբ արդյունավետ և որակյալ կրթական միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։ 

Համատեղ նախաձեռնություններն ունենալու են երկու հիմնական ուղղություն՝ մարդկային կարողությունների բարձրացում և կրթական-նորարարական ծրագրերի իրականացում:

Հուշագրի նպատակն է համախմբել ջանքերը և աշխարհասփյուռ հայության գիտական ու կրթական ներուժն ուղղել հայ ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերին, հայ աշակերտների հավասար կրթություն ստանալու իրավունքի լիարժեք ու արդյունավետ իրացմանը։ 

Երկու կազմակերպությունները հավատացած են, որ ժամանակակից աշխարհի կյանքի տարբեր ոլորտներում` հատկապես կրթության մեջ, թվային տեխնոլոգիաների ներդրումն ու տեղայնացումն արդիական և մրցունակ մնալու կարևոր նախապայման է։ Կրթությունը թե՛ անհատական, թե՛ ազգային հավաքական մակարդակներում կյանքի վերափոխման հիմնական պայմանն է։ Կրթության մեջ տեխնոլոգիաների ներդրումը ոչ միայն կարող է օգնել վերակազմակերպել կրթական համակարգը, այլև ներկայիս արագ փոփոխվող աշխարհում ձևավորել կենսունակ մարդկային կապիտալ, որը Հայաստանի զարգացման և հզորացման գլխավոր նախապայմանն է։