«Վիզուալ Հայաստան»-ի թիմը հյուրընկալվել էր Գյումրիի հ․ 15 հիմնական դպրոցի պատմության դասասենյակի բացմանը
Uncategorized

«Վիզուալ Հայաստան»-ի թիմը հյուրընկալվել էր Գյումրիի հ․ 15 հիմնական դպրոցի պատմության դասասենյակի բացմանը

Մայիսի 22-ին Գյումրիի հ․ 15 հիմնական դպրոցում տեղի ունեցավ պատմության դասասենյակի բացման հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էր «Վիզուալ Հայաստան»-ի թիմը՝ Հիմնադրամի գլխավոր աջակից ու բարեկամ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնի և Հիմնադրամի տնօրեն,  «Աշխարհացույց» ծրագրի հեղինակ Հովհաննես Ղազարյանի գլխավորությամբ։ 

Դասասենյակի նորոգման առիթը սմարթ-էկրանն էր, որը դպրոցը վաստակել էր անցած տարի՝ հաղթելով «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցույթում։ 

Դպրոցի պատմության ուսուցիչ, «Աշխարհացույց»-ի մենթոր Լաուրա Գրքիկյանը Ծրագրի ստեղծման օրվանից ներդրել է բոլոր ջանքերը Ծրագրում առավելագույնս ներգրավվելու ու այն ի շահ իր աշակերտների և դպրոցի ծառայեցնելու համար: Հենց նա է ղեկավարել սմարթ գրատախտակ վաստակած նախագծային աշխատանք իրականացնող թիմը և դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանի հետ  համատեղ նախաձեռնել նաև դասասենյակի բարեկարգումը: «Այս դասասենյակում սովորել եմ նաև ես, մեջտեղի շարքի 4-րդ նստարանին էի նստում։ Ինձ համար շատ խորհրդանշական է, որ այն դառնում է պատմութան դասասենյակ, որտեղ կան դասը լիարժեք ու հագեցած կազմակերպելու բոլոր պայմանները»։ 

 Դասասենյակի բարեկարգմանն ու միջոցառման կազմակերպմանը ներգրավվել էր ողջ դպրոցը՝ տնօրեն Սեդա Համբարձումյանի անմիջական մասնակցությամբ։ Ազգային երգ, պար, ասմունք, սահիկաշար՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանին, և, իհարկե, դաս-մրցույթ՝ սմարթ-էկրանով։ 

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը նկատեց, որ սմարթ-էկրանների մրցույթը կարևոր էր ոչ միայն արդյունքի, այլև նախագծային աշխատանք իրականացնելու ընթացքում ձեռք բերված փորձառության և համախմբված թիմային աշխատանքի տեսանկյունից։  «Մենք՝ որպես հիմնադրամ, որդեգրել ենք առաքելություն՝ ձևավորել մրցունակ մարդկային կապիտալ, և մեր երկրի զարգացումն ու ապագան մեծապես կախված են լինելու նրանից, թե դուք ինչպես կսովորեք։ Կրթությունն այն արժեքն է, որը մեզ դարձնում է շատ ավելի ուժեղ, քան ցանկացած նյութական բարիք։ Այսօր մեզ հետ է նաև բարերար Ալեք Մանուկյանի թոռնուհին, Լուիս Սիմոնի դուստրը՝ Քրիստին Սիմոնը, որը շարունակում է իր ընտանիքի գործը և մեծ ներդրում ունի Հիմնադրամի գործունեության մեջ՝ շատ տեսանելի դարձնելով այն պնդումը, որ լավ կրթությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հասնել անձնական բարօրության, այլ նաև օգտակար լինել մյուսներին»,- ասաց Հովհաննես Ղազարյանը։

Հիմնադրամի գլխավոր աջակից Քրիստին Սիմոնը կարևորեց այն հանգամանքը, որ սմարթ-էկրանը խթան է հանդիսացել կահավորված պատմության դասարան  ունենալու համար։ Նա հուզմունքով նշեց, որ իր ծնողների համար ևս շատ ուրախալի կլիներ տեսնել, թե կրթության մեջ այսպիսի ներդրումներն ինչպիսի հաջողություններ կարող են արձանագրել։

«Իմ տատիկն ու պապիկը, իմ ծնողները ստացել են տվյալ ժամանակի համար լավ կրթություն, բայց նրանք չեն ունեցել այն հնարավորությունները, որոնք կան հիմա։  Նրանք միշտ ձգտել են ուսման, միշտ փորձել են հասնել գերազանցության և իրենց ձեռքբերումները ծառայեցրել են Հայաստանին։ 

Կարծում եմ՝ Հովհաննես Ղազարյանը ևս ոգևորում է ձեզ լինել լավագույնը և առաջ գնալ։ Մեր նպատակն է գիտության, գիտելիքի միջոցով խրախուսել, որ դուք բացահայտեք ձեր տաղանդը։ Ձեզանից յուրաքանչյուրն ունի այդ շնորհը, պարզապես պետք է բացահայտել այն և լինել առաջամարտիկ։ 

Եթե դուք կարողանաք հասնել այդ արդյունքին, դրանով իսկ մեծ օգուտ կտաք ձեր երկրին, ինչպես արել են իմ տատն ու պապը». Շիրակի մարզի Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի ջանքերով վերանորոգված պատմության դասարանի հանդիսավոր վերաբացման արարողությաn ժամանակ իր խոսքում նշել է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գլխավոր աջակից, Մանուկյան Սիմոն հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը:

Նմանատիպ նախաձեռնությունները ևս մեկ վկայությունն են այն բանի, որ  «Աշխարհացույցը» նպաստում է շղթայական փոփոխություններին: