«Վիզուալ Հայաստան»-ի գլխավոր աջակցի և տնօրենի այցը Սիսիանի ավագ դպրոց
Uncategorized

«Վիզուալ Հայաստան»-ի գլխավոր աջակցի և տնօրենի այցը Սիսիանի ավագ դպրոց

Ուրբաթ օրը` ապրիլի 26-ին, «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի գլխավոր աջակից, բարերար Քրիստին Սիմոնը և Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանն այցելեցին Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոց, որը ոչ միայն «Աշխարհացույց»-ի «գերազանցիկ» կրթօջախներից է, այլև «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցույթի 40 հաղթողներից մեկը։

«Մենք, իհարկե, ամենօրյա կապի մեջ ենք «Աշխարհացույց»-ը կիրառող դպրոցների և վերապատրաստումներին մասնակցած ուսուցիչների հետ, բայց բոլորովին այլ զգացողություն է գալ, տեղում տեսնել այս ամենը գործածման մեջ։ Աշակերտների կողմից կրթվելու գործընթացում «Աշխարհացույց»-ի կիրառումը ոգևորում է մեզ, հենց այդ պահերին ենք հասկանում, որ մեր արած աշխատանքը արդյունք է տալիս։ Հավատում ենք`  մոտիվացված ու նորարար կրթությամբ առաջնորդվող սերունդն այն հենարանն է, որը թույլ է տալու կառուցել կենսունակ, մրցունակ ու ազգային արժեքների վրա հիմնված ամուր պետություն»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Երեք խմբերի աշխատանքներին էլ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնը հետաքրքրությամբ հետևեց։ Երբ խմբերից յուրաքանչյուրն ավարտեց իր աշխատանքը, ուսուցիչն առաջարկեց համեմատականներ անցկացնել 7-րդ դարի պատմական դասերի և մերօրյա իրադարձությունների միջև։ Աշակերտներից յուրաքանչյուրը, քննադատական մտածողություն ցուցաբերելով, ներկայացրեց իր տեսակետը՝ ի ցույց դնելով մերօրյա իրադարձությունների վերաբերյալ իրենց տեղեկացվածությունն ու համեմատականներ տանելու և եզրակացություններ անելու ունակությունը։ 

«Մեծագույն հաճույք ստացա՝ աշակերտների հետ դասին մասնակցելով։ Տեսա, թե ինչ ոգևորությամբ են նրանք կլանում «Աշխարհացույցը»՝ օգտվելով դրա բոլոր հնարավորություններից։ Տպավորված էի աշակերտների ընկալունակությամբ և պատմական իրադարձությունները վերլուծելու, պատմության դասերը մերօրյա խնդիրների և մարտահրավերների տեսանկյունից դիտարկելու և դիպուկ եզրահանգումներ անելու կարողությամբ։ Կարողացա տեսնել նրանց գիտելիքները, մերօրյա իրադարձություններից նրանց իրազեկվածությունը, մեր հինավուրց և հարուստ պատմությունը ըմբռնելու նրանց ձգտումը. չէ՞ որ պատմությունը ոչ միայն մեր երկրի նկատմամբ հպարտության աղբյուր է, այլև հնարավորություն է տալիս դասեր քաղել հզոր Հայաստան կառուցելու համար։ Ահա թե ինչու ենք «Վիզուալ Հայաստանը» և ես այդքան ջանք ներդնում, որպեսզի լավագույն նորարարությունները հասանելի դառնան մեր աշակերտների համար: Հենց դրանց շնորհիվ են նրանք կարողանալու կատարելագործվել, առաջադիմել և կառուցել Հայաստանի լիարժեք ներուժին համահունչ պետություն»,— նկատում է Քրիստին Սիմոնը։

Սիսիանի ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Ռուզան Խաչատրյանը դասի ավարտին անկեղծանում է․ այո՛, հուզմունք կար, որովհետև  աշակերտները ցանկանում էին գործով ցույց տալ, թե  նորարարությունը որքան կարևոր ներդրում է որակյալ  կրթություն ստեղծելու ճանապարհին։ Ինչպես և սպասելի էր, երեխաներն արդարացրին սպասումները․ «Աշխարհացույց»-ի գործիքներն ու սմարթ-էկրանի հնարավորությունները գրեթե անգիր գիտեն։

«Եթե «Աշխարհացույց» կիրառող ցանկացած աշակերտի հարցնեք, վստահ եմ նույնը կասի․ հարթակի շնորհիվ սովորողները դարձել են ավելի մոտիվացված ու ինքնավստահ։ Իսկ ինչ վերաբերում է սմարթ-էկրանին, պիտի ասեմ, որ մեզ հազիվ է հերթ հասնում։ Բոլոր ուսուցիչներն արդեն գտել են, թե ինչպես կարող են իրենց դասավանդած առարկայի շրջանակում օգտագործել»,- նշում է Ռուզան Խաչատրյանը։

Սիսիանի ավագ դպրոցը «Աշխարհացույց»-ի ամենաակտիվ օգտագործողներից մեկն է։ Այստեղ դասավանդում է նաև «Աշխարհացույցի մենթորական կրթաթոշակ 2023» ծրագրի առաջին շրջանավարտ Լյուդմիլա Գրիգորյանը։