«Մինչև «Աշխարհացույց»-ի կիրառումը պատմություն առարկայի դասավանդման այլընտրանք չենք ունեցել»․ Հերիքնազ Գևորգյան
Ջերմուկի կրթահամալիրի և Մաքսիմ Գորկու անվան հ․1 դպրոցի պատմության ուսուցիչ Հերիքնազ Գևորգյանին «Աշխարհացույց»-ի աշխատանքն ու գաղափարախոսությունը ներկայացնելու համար ո՛չ դպրոց է պետք, ո՛չ էլ հատուկ պայմաններ։ Կրթական հարթակի մասին պատմելու առիթ նա անգամ քաղաքային տրանսպորտում է ստեղծում։ Տիկին Գևորգյանը հիշում է, թե ինչ դժվարին պայմաններում միացավ «Աշխարհացույց»-ին և ինչ արդյունքների հասավ երկու տարուց էլ կարճ ժամանակում։ Նա վստահ է, որ «Աշխարհացույց»-ը յուրահատուկ ծրագիր է, որից չօգտվելը մեծ բացթողում է 21-րդ դարի ուսուցչի համար։ Որպես «Մենթորության կրթաթոշակ Աշխարհացույցի ուսուցիչներին 2023» ծրագրի առաջին շրջանավարտ՝ Հերիքնազ Գևորգյանն իր առաջնահերթ նպատակը համարում է Վայոց ձորի մարզում կրթական հարթակի մասին իրազեկվածության բարձրացումն ու կիրառման ընդլայնումը։
— Տիկի՛ն Գևորգյան, ուզում եմ՝ զրույցն սկսենք մի պատմությունից, որը մի անգամ Ձեր մենթոր-գործընկերներին էիք պատմում։ Ի՞նչ էր եղել Ջերմուկ-Երևան երթուղայինում։
— Նախ ասեմ, որ «Աշխարհացույց»-ը համարում եմ վերջին շրջանի կրթական համակարգի հայտնագործություններից մեկը և պարտքս եմ համարում ամեն լավ բան տարածել իմ շրջապատում։ Մեր մարզի տարածքում «Աշխարհացույց»-ը շատ քիչ տարածվածություն ունի, դրա համար ինչքան ծանոթ ուսուցիչ ունեմ, իրենց հետ անընդհատ կապ եմ պահում և իրազեկում։ Ինչ վերաբերում է այդ դեպքին․ գալիս էի Երևան՝ մենթորական դասընթացի հավաստագիրը ստանալու, երթուղայինում հանդիպեցի մոտակա գյուղերից մեկի աշխարհագրության ուսուցչուհուն, ում վաղուց չէի տեսել։ Երբ զրույցի բռնվեցինք, հարցրի՝ ծանո՞թ ես այս հարթակին։ Պարզվեց՝ ոչ։ Միանգամից առաջարկեցի տեղափոխվել կողքիս նստարան, տեղում գրանցեցի և ընդգծված բարձր ձայնով, որ մյուսներն էլ լսեն, սկսեցի բացատրել «Աշխարհացույց»-ի աշխատանքը։ Մինչև Երևան հասնելը խոսեցինք, ներկայացրի, ինքն էլ խոստացավ իր դպրոցում պատմել «Աշխարհացույց»-ի մասին։
— Որպես մենթորության ծրագրի շրջանավարտ՝ քանի՞ ուսուցչի եք վերապատրաստել։
— Առաջին դասընթացը, որին մասնակցեց 20 ուսուցիչ՝ Հայաստանի տարբեր մարզերից, կազմակերպեցի մենթորական ծրագրի հաշտվետվության ժամանակ։ Հետագայում, երբ ևս մեկ դասընթաց իրականացրի, հասկացա, որ մեծ մասն իրենց համայնքներում պատմել էր հարթակի մասին, և հետաքրքրվողներ շատ էին եղել նաև այլ առարկաներ դասավանդող ուսուցիչների, անգամ դասվարների շրջանում։ Ասեմ, որ այդպիսի դասընթացներ անպայման կազմակերպելու եմ նաև առաջիկայում։
— Որքանո՞վ է «Աշխարհացույց»-ը ներդրված այն երկու կրթական հաստատություններում, որտեղ Դուք եք դասավանդում։
— Նախ ասեմ, որ երբ միացա «Աշխարհացույց»-ին, միայն Ջերմուկի հ․1 դպրոցում էի աշխատում, 2022 թ․ սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի օրերն էին։ Մենք տեղափոխվել էինք Երևան։ Գավառի ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց, ասաց՝ հետաքրքիր այսպիսի ծրագիր կա, միացի՛ր, հատկապես այս օրերին աշխատանքը շատ օգտակար է։ Եվ իսկապես, հոգեբանական այդ ծանր շրջանում «Աշխարհացույց»-ն ինձ շատ օգնեց։ Երբ վերադարձանք Ջերմուկ, ես էլ գործընկերներիս պատմեցի հարթակի մասին, պատմության ուսուցիչներից մեկը եռամսյա դասընթացին մասնակցեց, հավաստագիր ստացավ։ Ինչ վերաբերում է Ջերմուկի կրթահամալիրին, այստեղ պատմության և գրականության ուսուցիչները ևս կիրառում են հարթակը։ Իմ բոլոր աշակերտները գրանցված են, տիրապետում են գործիքներին, և մեկը մյուսին սովորեցնում է։
— Իսկ մարզում ի՞նչ իրավիճակ է այդ առումով։
— Ես ինչքան մտերիմ կոլեգա ունեմ, իրենց տեղեկացնում եմ, բայց ընդհանուր առմամբ իրազեկվածության պակաս կա։ Գիտեմ, որ հիմա եռամսյա առցանց դասընթացի բավական շատ ուսուցիչներ սկսել են մասնակցել, սակայն մյուս մարզերի հետ համեմատ մեզ մոտ «Աշխարհացույց»-ի տարածվածությունը մեծ չէ։ Չեմ կարծում, որ պատճառը տեխնիկական միջոցների պակասը լինի, որովհետև որպես այլ ծրագրերի մենթոր ուսուցիչ տարբեր դպրոցներում եմ լինում, շատերը համակարգչային հագեցվածության պակաս չունեն։
— Ծնողական համայնքից ինչպիսի՞ արձագանքներ ունեք, որովհետև հաճախ ծնողները պահանջում եմ նորարարություններ, բայց նաև դժգոհում են՝ թե չէ որ մեր ժամանակ այսպիսի բան չկար․․․
— Միանշանակ կարող եմ ասել, որ ծնողները դրական արձագանք են տվել։ Եթե հարթակի տեսանյութերը չենք հասցնում դասին նայել, երեխաներին հանձնարարում եմ տանն ավարտել։ Երբեմն ծնողներն ասում են՝ մենք էլ նստում, երեխաների հետ նայում ենք, հետաքրքիր է։ Չեմ կարող պատկերացնել, որ հարթակի հետ կապված արձագանքը կարող է բացասական լինել։
— Հաշվի առնելով հանրակրթական պետական նոր չափորոշիչների ներդրումը՝ «Աշխարհացույց»-ը կարո՞ղ է հավելյալ ծանրաբեռնվածություն դառնալ ուսուցչի համար։
— Հակառակը՝ հարթակն ավելի է օգնում, որովհետև հատկապես հումանիտար առարկաների ժամերին դոգմատիկ, քարացած դասեր էինք անցկացնում, իսկ հարթակը նոր շունչ է հաղորդել դասապրոցեսին։ Ինտերակտիվ քարտեզը թույլ է տալիս թեմայի վերաբերյալ տարածական և ժամանակային պատկերացումները համադրել, հարթակի գործիքների շնորհիվ աշակերտը ժամանակաշրջանը ոչ թե հատվածային, այլ ամբողջական է պատկերացնում։ Կարող եմ ասել, որ պատմություն առարկայի առումով մենք այս կարգի նորամուծություն չենք ունեցել, չենք ունեցել նաև դասավանդման այլընտրանք։