Մեդիա

Մեկ օր՝ ճամբարականի կյանքով․ Վիզուալ Հայաստանի թիմն Աղավնաձորում էր
Uncategorized

Մեկ օր՝ ճամբարականի կյանքով․ Վիզուալ Հայաստանի թիմն Աղավնաձորում էր

Արթնանալ վաղ առավոտյան, խստորեն հետևել օրվա գրաֆիկին, հասցնել բոլոր նախանշված անելիքները և ոչ մի դեպքում չուշանալ ճաշարանիցհիշեցի՞ք ձեր մանկության ճամբարները, որ այդքան հագեցած ու հետաքրքիր էին անցնում։

Վիզուալ Հայաստանի թիմը ոչ միայն հիշել է, այլև մի ամբողջ օր անցկացրել ճամբարային տրամադրությամբ։ Մենք էլ արևածագին կազմ-պատրաստ էինք՝ Երևան-Կոտայք երթուղին անցնելու։ Այցելեցինք Աղավնաձորի «Ուղեծիր» ճամբար՝ «Քվանտ» վարժարանի ամառային դպրոցի սովորողների և ուսուցիչների հետ կանաչ բնության գրկում ծանոթանալու, շփվելու և ներկայացնելու «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակը։

Քանի դեռ ճամբարային տրամադրությամբ ենք, մեր օրն էլ հստակ օրակարգով ներկայացնենք

Քայլ առաջին

Ծանոթացանք «Քվանտ» վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ։ Հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է արդյունավետ աշխատանքի համար։ 

«Մեր նպատակն է հայաստանյան կրթական համակարգը համաշխարհային ասպարեզում մրցունակ դարձնել։ Մեր երկիրն այդ ներուժն ունի, մենք հավատում ենք այդ ներուժին, հավատում ենք նաև, որ մարդն է այն գլխավոր ռեսուրսը, որում պետք է ներդրում կատարել»,-ասաց Հովհաննես Ղազարյանը։

«Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ, «Աշխարհացույց» կրթական ծրագրի պատմության խմբագիր Միքայել Մալխասյանը, որ մեզ հետ նախաձեռնել էր այս հանդիպումը, նշեց, որ այն լավ հնարավորություն է՝ դիտարկելու թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների հետ հիմնադրամի հետագա համագործակցության ուղիները։

«Կարևոր է, որ «Աշխարհացույցը» ոչ թե սիրողական մակարդակում կատարվող աշխատանք է, այլ ամեն ինչ արվում է ոլորտի պրոֆեսիոնալների մասնակցությամբ։ Ամբողջ բովանդակությունը մշակում են Հայաստանի լավագույն մասնագետները։ Նյութերը ճշգրիտ ու վստահելի են, ինչը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում դասավանդող հայ ուսուցիչների համար։ Հատկապես վերջիններս վստահելի աղբյուրի խնդիր ունեն»,-նշեց Միքայել Մալխասյանը։

Քայլ երկրորդ

«Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ներկայացում

«Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը, մենթոր ուսուցիչներ Մարիամ Խաչատրյանը և Հայկանուշ Ղևոնդյանը, քարտեզագրական թիմի ղեկավար Դավիթ Շինդյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրին հարթակի գործիքակազմն ու հնարավորությունները։ 

Մեր թիմի անդամները մանրամասն պատմեցին՝ «Աշխարհացույց»-ի տարբեր գործիքներն ինչպես կարող են կիրառվել դասապրոցեսում, ինչպես են ստեղծվել ու կիրառվում մեր քարտեզները։

«Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը նշեց՝ հարթակը կարող է ուսուցչի համար դառնալ միջոց, որպեսզի և՛ իր դերը, և՛ իր դասավանդած առարկան ավելի կարևորվեն։ 

«Մենք փորձում ենք անել ամեն ինչ՝ ուսուցչին հզորացնելու համար, որպեսզի վերջինս 21-րդ դարի սովորողի հետ կարողանա մի հարթության մեջ գտնվել։ Այսօր ուսուցիչն է ուղղորդողը, առաջ տանողն ու վաղվա հասարակությանը «ծրագրավորողը»։ Մենք հավատում ենք, որ այս հարթակը կարող է ծառայել ձեզ 21-րդ դարի դասապրոցես կազմակերպելու համար»,-ասաց նա։

Քայլ երրորդ

Ճաշի ընդմիջում

Մի պահ չկտրվե՞նք աշխատանքային առօրյայից։ Մենք էլ հյուրընկալվեցինք ճամբարականների ճաշարանում, համեղ սնվեցինք, ասեցինք-խոսեցինք, հանգստացանք ու անցանք օրակարգի մյուս կետերին։

ՀԳ Ճամբարի ճաշարանի տոլման ու թանապուրը այնքան համեղ էին, որ սիրով կվերադառնանք, եթե կրկին հյուրընկալեք։)))

Քայլ չորրորդ  

Գործնական աշխատանք, կարծիքներ, դիտարկումներ

Դուք էլ եք, չէ՞, կարծում, որ մինչև որևէ բան գործնականում չփորձեք կիրառել, լիովին չեք պատկերացնելու աշխատանքի սկզբունքները։ Հենց այդ նպատալով էլ մեր հաջորդ քայլը համատեղ գործնական աշխատանքն էր, որի ընթացքում ուսուցիչներից ու աշակերտներից կազմված թիմերը «Մտածողության 6 գլխարկների» ձևաչափով ներկայացրին հարթակի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքներն ու դիտարկումները։

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, «Քվանտ» վարժարանի տնօրենի՝ մեթոդական հարցերով օգնական, պատմության, հասարակագիտության ուսուցչուհի Արաքս Սիմոնյանը նկատեց՝ այսպիսի հարթակները շատ օգտակար նշանակություն ունեն դպրոցների որոշ տեսական խնդիրներ կրճատելու և ուսուցումն ավելի հեշտ ու հաճելի դարձնելու ճանապարհին։ 

«Կարծում եմ՝ սա շատ մեծ նորություն է կրթության համակարգում և արդյունավետ աշխատելու դեպքում կարող է մեծապես օգտակար լինել կրթության որակի բարձրացմանը։ Հիմա կրթագետները կարծում են, որ ուսուցիչը աշակերտին ոչ թե պետք է սովորել սովորեցնի, այլ մտածել։ Այս հարթակը խթան է, որ երեխան կարողանա մտածել և գտնել իր հետաքրքրությունները բավարարող հարցերի պատասխանները»,-ասաց Արաքս Սիմոնյանը։

Աշակերտուհի Իզաբելլա Բրուտյանն էլ, որը սովորել է «Քվանտ» վարժարանում, իսկ այժմ «Այբ»-ի սան է, հիշում է՝ ինչպես էր հաճախ տարբեր քարտեզներ տպում, կպցնում պատին՝ տեսնելու, թե սահմանային ինչ փոփոխություններ են եղել։

««Աշխարհացույց»-ի միջոցով միանգամից հնարավոր է տեսնել փոփոխությունները։ Քարտեզները դինամիկ են, և վիզուալ կերպով շատ հեշտ է պատկերացնել սահմանների տարբերությունները»,-նշեց Իզաբելլան։

Հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գնահատականների, դիտարկումների ու առաջարկների համար՝ նշելով, որ բոլորն արձանագրվում են՝ ուսումնասիրելու և հետագա աշխատանքներում ըստ անհրաժեշտության ներառելու համար։

«Մենք վստահ ենք, որ հարթակի հաջողության բանալին ոչ միայն մեր գաղափարն է, այլև արդյունավետ համագործակցությունը այն մարդկանց հետ, որոնք «գետնի վրա» առնչվում են խնդիրներին»,-նշեց նա։ 

Քայլ հինգերորդ

Հավաքեցինք բոլոր լուսավոր գաղափարները, փոխանցած դրական էմոցիաները, հետաքրքիր հարցերն ու դիտարկումները՝ նոր ուժով ու էներգիայով դրանց ուղղությամբ աշխատելու համար։ Բայց ինչ հրաժեշտ՝ առանց համատեղ լուսանկարների։ Այ հիմա, հաջողություն ու մինչ նոր ու հագեցած հանդիպումներ։