«ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ. քարտեզագրելով Տավուշի հուշարձանները»․ ռադիոյի եթերում սմարթ-էկրան վաստակած աշակերտներն են
Շարունակվում է ռադիո «Արևիկի» շարքը՝ նվիրված «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» ծրագրին։ Ռադիոյի «Զարթուցիչ» հաղորդաշարի տաղավարում այս անգամ հյուրընկալվել էր 100 հաղթած դպրոցներից Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցի թիմը՝ պատմության ուսուցչուհի Նարինե Բոզինյանը և յոթհոգանոց խմբի անդամներից Հայկազ Բեջանյանն ու Հասմիկ Թամրազյանը։ Սևքարի դպրոցի աշխատանքային խումբն իրականացրել էր «ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ. քարտեզագրելով Տավուշի հուշարձանները» թեմայով նախագծային աշխատանք։
Հարցին, թե ինչու դպրոցը որոշեց մասնակցել սմարթ-էկրանների մրցույթին, Սևքարի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Նարինե Բոզինյանը պատասխանեց, որ վաղուց նախանձախնդրությամբ հետևում էր, թե ինչպես են Հայաստանի տարբեր դպրոցներ շահում և արդյունավետորեն օգտագործում նորագույն սմարթ-էկրաններ, և այն ձեռք բերելը իրենց համար դարձել էր երազանք։ Այս ամենն էլ ոգեշնչեց իրեն ձևավորել թիմ և անմիջապես մասնակցել մրցույթին։
«ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ. քարտեզագրելով Տավուշի հուշարձանները» թեման ընտրվել է համայնքի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության համար։ Սկզբում ուսումնասիրել են Տավուշի հուշարձանները, սակայն ուշադրությունը կենտրոնացրել են իրենց գյուղի՝ Սևքարի հուշարձանների վրա, քանի որ դրանց մասին տեղեկությունները քիչ էին։ «Նպատակն էր ոչ միայն ճանաչելի դարձնել գյուղի պատմամշակութային արժեքները, այլև ուսումնասիրել դրանք ավելի խորը՝ բացահայտելով դրանց հիմքերն ու պատմական ակունքները»,-նշում է տիկին Բոզինյանը։
Նախագծային աշխատանքի թիմի անդամներ Հայկազը և Հասմիկը ներկայացրին իրենց դերերն ու աշխատանքը թիմում։ Նրանք պատմեցին, որ արդեն ունեին նախագծային աշխատանքի որոշակի փորձ և սիրով մասնակցում էին տարբեր ծրագրերի, որտեղ հնարավորություն ունեին հետազոտել և նոր տեղեկություններ բացահայտել։ Նրանք նշեցին, որ հատկապես հետաքրքրված են այնպիսի նախագծերով, որոնք պահանջում են ստեղծագործ մոտեցում և նոր գաղափարների կիրառություն։ Սակայն այս մրցույթում նրանց համար հատկապես կարևոր էր սմարթ-էկրանը, որը դպրոցի համար կլիներ մեծ ձեռքբերում։ Աշակերտները կարևորել էին, որ իրենց աշխատանքը ներդրում կլիներ դպրոցի զարգացման համար ինչպես կրթության որակը բարձրացնելու, այնպես էլ ուսումնական միջավայրն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու գործում։
Սովորողները ներկայացրին, թե ինչ ձևով են աշխատել նախագծային աշխատանքի ընթացքում․ «Աշխատանքը բաժանել ենք մասերի, և մասնակիցներն ստանձնել են համապատասխան դերեր՝ հետազոտողներ, տվյալներ հավաքագրողներ, օպերատորներ, ռեժիսորներ և տեսանյութի գծով պատասխանատուներ»։ Հասմիկի խոսքով` աղջիկները սկսեցին հավաքագրել նյութերը, իսկ տղաները կենտրոնացան հարցազրույցների վրա՝ փորձելով գտնել և զրուցել այն տարեցների հետ, որոնք լավ ծանոթ էին գյուղի պատմությանը։ Սովորողները նախագծի ընթացքում նաև բացահայտեցին գյուղի մասին պատմող մի քանի ավանդազրույցներ, որոնց մինչ այդ ծանոթ չէին։
Հայկազը կիսվեց իր բացահայտումներով գյուղի պատմական նշանակության մասին՝ նշելով, որ այն ժամանակին եղել է մելիքների նստավայր։ Հետազոտողների թիմը տեղեկացավ նաև, որ Սևքարում գոյություն ունեցող Սուրբ Նահատակ մատուռը կառուցվել է ռուս-պարսկական պատերազմից հետո․ «Այս մատուռը կառուցվել է այն վայրում, որտեղ մեծ թվով սևքարեցիներ են նահատակվել»։
Հայկազը խոսեց նախագծային աշխատանքի վերջնարդյունքի մասին՝ պատմելով, որ դա գյուղի մասին պատմող տեսանյութ-ֆիլմի ստեղծումն էր, և ինքն այդ տեսանյութի պատրաստման պատասխանատուն էր․ «Տեսանյութի պատրաստման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել ամեն մի մանրուքի վրա, քանի որ որքան կարևոր էր նյութը, այնքան ավելի կարևոր էր դրա ճիշտ և մանրակրկիտ ներկայացումը»։