«Ի տարբերություն մեզ՝ մեր աշակերտները  հնարավորություն ունեն սովորելու այսպիսի հրաշալի հարթակով»
Uncategorized

«Ի տարբերություն մեզ՝ մեր աշակերտները հնարավորություն ունեն սովորելու այսպիսի հրաշալի հարթակով»

Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներն այս անգամ կազմակերպիչների դերում են․ «Աշխարհացույց» կրթական հարթակի ճանաչման և կիրառման մարզային սեմինարի մասնակիցների գրանցումը նրանց է վստահված։ Մեկ ժամ անց նրանք ցույց են տալիս աշխատանքի արդյունքը․ գրանցված 65 ուսուցիչ՝ Սյունիքի մարզի տարբեր խոշորացված համայնքների դպրոցներից՝ Սիսիան, Կապան, Գորիս։ 

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ապրիլի 13-ին կազմակերպեց իններորդ մարզային սեմինարը։ Մասնակցելու հայտ էին ներկայացրել թե՛ սկսնակ, թե՛ «Աշխարհացույց» հարթակն արդեն կիրառող ուսուցիչներ։ Ուրախալի էր, որ նորարարական կրթական մեթոդների կիրառմամբ հետաքրքրված էին նաև տարիքով ավագ մանկավարժները։ 

Մինչ դասընթացի մեկնարկը մասնակիցները նախ վեր հանեցին կրթական համակարգի հիմնախնդիրները՝  աշակերտների ոչ բավարար մոտիվացիա, ուսուցիչների ՏՀՏ գիտելիքների պակաս, ոչ լիարժեք միջառարկայական կապ, ժամանակի ոչ արդյունավետ կառավարում և այլն։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը հերթով անդրադարձավ այս բոլոր մտահոգություններին՝ բացատրելով, թե «Վիզուալ Հայաստան»-ի ստեղծած հարթակն ինչպիսի լուծումներ է առաջարկում այս խնդիրների համար։

«Մենք բավական լավ ծանոթ ենք կրթության ոլորտի մարտահրավերներին և անարդար ենք համարում բոլոր խնդիրների պատասխանատվության բարդումը ուսուցչի ուսերին։ Հաճախ եմ բերում հետևյալ օրինակը․ եթե մենք զինվորականին ժամականակից սպառազինություն չտանք, համապատասխան մարտունակություն չենք կարող ակնկալել։ Նույնը դպրոցում է․ եթե ուսուցչին ժամանակակից կրթական գործիքներով չապահովենք, չսովորեցնենք դասապրոցեսի անցկացման նոր մեթոդներ, չենք կարող ակնկալել որակյալ կրթություն։ Սա մեզ համար պարզ բանաձև է, և «Վիզուալ Հայաստան»-ն իր՝ ապագայի մարտահրավերներին պատրաստ մրցունակ սերունդ կրթելու առաքելությունն իրականացնում է՝ ելնելով այս սկզբունքներից»,- նշեց Հովհաննես Ղազարյանը։ 

Սիսիանի ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Ռուզաննա Խաչատրյանը ներկաներին պատմեց սեփական փորձառության մասին՝ նշելով, թե ինչպես է «Աշխարհացույց»-ը փոխում դասապրոցեսի տրամաբանությունը․ «Անգամ ամենապասիվ աշակերտը մասնակցում է դասին, եթե կիրառում ենք «Աշխարհացույց»-ը։ Երեխաներին գրավում է հատկապես խաղերի բաժինը։ Նախկինում մենք հաճախ բախվում էինք  քարտեզների անհամապատասխանության կամ խմբային աշխատանքի ժամանակ ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից օգտվելու խնդրին, իսկ հիմա մեր աշխատանքը դարձել է ավելի արդյունավետ և կանոնակարգված»։ Ռուզաննա Խաչատրյանը հավելեց  նաև, որ  սմարթ-էկրանը, որը շահել են անցած տարի՝ «Սմարթ-էկրաներ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցույթի շնորհիվ, այլ առարկաների դասավանդման ժամանակ ևս կիրառելի է։

Ախլաթյանի դպրոցի պատմության ուսուցիչ Արկադի Բադալյանը «Աշխարհացույց»-ի մասին լսել էր բառացիորեն օրեր առաջ և առանց վարանելու գրանցվել էր մարզային սեմինարին․ «Շատերը գուցե մտածեն՝ թոշակառու եմ, չհետաքրքրվեմ այսպիսի ծրագրերով, բայց ես հակառակը միշտ նորարարություններին հետևում եմ։ Մինչև այստեղ գալս մտածում էի՝ ոնց էլ չլինի, մի օգտակար բան կսովորեմ։ Բարեբախտաբար, հուսախաբ չեղա, պարզապես ուրիշի ասածը տեսական է, ես պիտի իմ ձեռքով փորձեմ։ Վստահ եմ, որ շատ արագ կյուրացնեմ, ու թեև մեր դպրոցը փոքր է՝ 52 աշակերտ, կօգտվի այս հարթակից»։

Վերիշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հեղինե Առաքելյանը «Աշխարհացույց»-ից օգտվելու որոշակի հմտություն ուներ, որովհետև անցած աշնանից կիրառում է իր դասաժամերին, բայց օգտակար եղավ նաև այս սեմինարը․ «Սովորեցի նոր մեթոդներ, օրինակ չգիտեի, որ քարտեզի վրա կարելի է նշումներ անել, պահպանել տեղեկությունները։ Օգտագործելու առաջին իսկ օրվանից նկատել եմ, որ երեխաների մոտիվացիան բարձրացել է, և քանի որ մեր դպրոցի տեխնիկական միջոցները բավարարում են, կշարունակեմ կիրառել»։

Նրանք եկել էին ոչ միայն սովորելու, այլ նաև հարթակի աշխատանքի բարելավման վերաբերյալ առաջարկներով՝ զարգացնել գործիքակազմը, մշակել թեմատիկ քարտեզներ, ունենալ սիմվոլների շտեմարան և այլն։ Ուսուցիչները կարևորեցին նաև «Աշխարհացույց» բջջային հավելվածի ստեղծումը։

Ուսուցիչներից մեկը նկատեց, որ այսօրվա սերունդը շատ ավելի շահեկան դիրքում է․ «Երբ մենք էինք դպրոցում սովորում, այսպիսի ծրագրեր չկային, իսկ մեր աշակերտներն այսպիսի հրաշալի հարթակով սովորելու հնարավորություն են ստացել»։ Մասնակիցներից մեկն էլ մտահոգություն հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները սկսել են չափազանց շատ տեղ զբաղեցնել մեր կյանքում«Վերջը մենք մա՞րդ ենք մնալու, թե՞ դառնալու եք ռոբոտ»։ Հովհաննես Ղազարյանը նկատեց, որ մտահոգությունը տեղին է, և պետք է ընտրել ոսկե միջինը՝ չընկնելով ծայրահեղությունների մեջ։ 

Անդրադառնալով մասնակիցների առաջարկներին և դիտողություններին՝  «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ բարելավման աշխատանքները շարունակվում են, և  հարթակի գործառույթների վերաբերյալ առաջարկներից շատերն  առաջիկա ամիսներին կդառնան իրականություն․  «Ուրախ ենք, որ ոչ միայն կիրառում եք հարթակը, այլ նաև հանդես եք գալիս առաջարկություններով։ Մեր թիմն ականջալուր է ձեր դիտարկումներին»։

«Աշխարհացույց» կրթական հարթակի ճանաչման և կիրառման մարզային սեմինարների շարքը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը սկսել է 2023 թ․-ից՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համատեղ։ Մարզային հաջորդ հանդիպումը կկայանա Վայոց ձորի մարզում։