«Հանրակրթության պետական նոր չափորոշիչները լիարժեքորեն կարողացա կիրառել «Աշխարհացույց»-ի մենթորության դասընթացից հետո»․ Ջավահիր Բադալյան
Uncategorized

«Հանրակրթության պետական նոր չափորոշիչները լիարժեքորեն կարողացա կիրառել «Աշխարհացույց»-ի մենթորության դասընթացից հետո»․ Ջավահիր Բադալյան

 

 Մոսեսգեղի միջնակարգ դպրոցի աշակերտները «Հիվանդանոցի թաղ» կոչվող վայրում առաջին անգամ եղան անցած տարի՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցույթի «Իմ բնակավայրը․․․» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում։ Գյուղի պատմական տարածքներից մեկը 1990-ականներից հայտնվել է թշնամու նշանառության տակ, և այդ լքված վայրը կարելի է հասնել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Նախագծային աշխատանքի ղեկավար, պատմության ուսուցիչ Ջավահիր Բադալյանն ասում է, որ մրցույթը երեխաներին հնարավորություն տվեց ոչ միայն սմարթ-էկրան շահել, այլ նաև իսկապես բացահայտել իրենց բնակավայրը։ Նա համոզված է, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի նախագծերն իսկական կամուրջն են կրթական հին ու նոր մոտեցումների միջև։

— Սահմանամերձ գյուղ եք, ենթադրում եմ՝ փոքր դպրոց, քիչ աշակերտներ, բայց «առաջամարտիկների» շարքում եք․ դպրոցը «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցութային ծրագրի հաղթողներից է, Դուք էլ՝ «Մենթորության կրթաթոշակ Աշխարհացույցի ուսուցիչներին» ծրագրի առաջին շրջանավարտներից։ Ո՞րն է հաջողության բանաձևը։

— Առաջին հերթին պետք է ունենալ նպատակ և դրան հասնելու ցանկություն ու քրտնաջան աշխատանք։ Բայց նախ մի փոքր պատմեմ մեր դպրոցի մասին։ Այն հիմնադրվել է 1852 թ․, 1970-ականներին ունեցել է 1200 աշակերտ, անկախության շրջանում՝ այդ թիվը տասնապատիկ նվազել է։ Հիմա մեզ մոտ սովորում է 129, այդ թվում 9 արցախցի երեխա։ Ես դպրոցում աշխատում եմ 1996 թ․-ից, դասավանդում եմ պատմություն, նախկինում նաև հայոց եկեղեցու պատմություն։ Տարբեր դասընթացների շատ եմ մասնակցել, բայց «Աշխարհացույց»-ի վերապատրաստումները բեկումնային էին, հատկապես մենթորության ծրագիրը։

— Ինչո՞ւ։

— Խնդիրն այն է, որ մյուս վերապատրաստումները հաճախ լիարժեք չէին կազմակերպվում, մակերեսային էին։ Դե երբ վերապատրաստողների կողմից այդպիսի վերաբերմունք ես տեսնում, ակամայից դու էլ ես սկսում մատների արանքով նայել։ Իսկ «Աշխարհացույց»-ի մենթորության ծրագիրը հեղափոխական էր, որովհետև դասընթացավար Սեդա Քոչարյանը կարողացավ իր գիտելիքներն ու հմտությունները ոչ թե պարզապես փոխանցել մեզ, այլ դրանք դարձնել մերը։ Հանրակրթության պետական նոր չափորոշիչներն արդեն երեք տարի է՝ ներդրվել են, բայց ինձ, կարող եմ ասել նաև շատերի համար դարձել էին շփոթմունք։ Հնից նորին անցումը մի տեսակ չէր ստացվում, իսկ այս վերապատաստումը հնարավորություն տվեց այդ քաոսային վիճակից վերջապես դուրս գալ և հասկանալ՝ նոր չափորոշչի տրամաբանությունը, նպատակը և վերջնարդյունքը որն է լինելու։ Հիմա ես դասն անցկացնում եմ նոր ձևաչափով, խմբային աշխատանքներում տարբեր մոտեցումներ եմ կիրառում, անգամ դասասենյակն են ձևափոխել, ամբողջությամբ հարմարեցրել եմ երեխաների պահանջներին։ Դասընթացի ժամանակ եմ սովորել, լավագույն մտքի հեղինակ աշակերտին ամեն ամիս պատվոգիր եմ տալիս։ Չեմ կարող չասել, որ երեխաների հետաքրքրվածությունը պատմություն առարկայի նկատմամբ աճել է, փոխվել են անգամ ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները։ Սեփական փորձս նկատի ունենալով՝ հավատացած եմ, որ «Աշխարհացույց»-ը կարող է դառնալ հանրակրթության նոր չափորոշիչների հիմնասյունը։

— Իսկ ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք միանալ «Աշխարհացույց»-ի ընտանիքին։

— «Աշխարհացույց» կրթական հարթակի մասին ինձ տնօրենն է տեղեկացրել, նաև ասել, որ վերապատրաստումներ ունեն։ Մասնակցեցի եռամսյա առցանց դասընթացին, հետո նաև մենթորության ծրագրին։ Այդպես ստեղծվեց իմ կապը «Աշխարհացույց»-ի հետ։ Առաջին հերթին գրավեց այն, որ երեխան պետք է տեսներ իմ ներկայացրածը։ Նախկինում վիզուալ կոնտենտ կիրառում էի իմ դասերին, բայց ստիպված էի համացանցում տարբեր տեղեր փնտրել։ Բնույթով նորին արագ ինտեգրվող մարդ եմ, երևի նաև այդ պատճառով «Աշխարհացույց»-ը շատ շուտ դարձավ հարազատ։ Արդեն երկու տարի է՝ «Աշխարհացույց»-ը  կիրառում եմ իմ բոլոր դասերին, ինչպես նաև որպես մենթոր՝ ծրագիրը տարածում եմ իմ գործընկերների շրջանում։ Մեր դպրոցում հիմա «Աշխարհացույց»-ը օգտագործում են նաև աշխարհագրության և գրականության ժամերին, իսկ ինչ վերաբերում է սմարթ-էկրանին, այն օգտակար է բոլորին՝ տարրականից մինչև բարձր դասարանններ։

 

 

— Ինչպիսի՞ արձագանք եք ստանում, երբ «Աշխարհացույց»-ի մասին պատմում եք դպրոցից դուրս։ Հե՞շտ են պատկերացնում հարթակի առանձնահատկությունը։

— Մի հետաքրքիր բան պետք է ասեմ, հարթակը շատ է գրավել նաև ծնողներին։ Ինձ հաճախ են ասում, որ որևէ տեղեկություն կամ պատմական փաստ իմանալու համար երեխային խնդրում են «Աշխարհացույց»-ում փնտրել, քանի որ գիտեն՝ հավաստի աղբյուր է։ Ծնողական համայնքի անունից կարող եմ նաև փոխանցել շնորհակալություն, որ երեխաները որոշ չափով հեռախոսից կտրվում են, ավելի ճիշտ՝ սմարթֆոնը, համակարգիչը օգտագործում են կրթական նպատակով, ոչ թե ժամանակը վատնում են համակարգչային խաղերի վրա։ «Աշխարհացույց»-ը հիմնականում մարդկանց տպավորում է նրանով, որ քարտեզն ու բովանդակությունը միաժամանակ համադրված են։

— Մի փոքր  էլ նախագծային աշխատանքից խոսենք։ Երեխաները չէի՞ն դժգոհում, որ դասերից հետո հավելյալ աշխատանք պետք է կատարեին։

— Բոլորվին, ոչ մի դժգոհություն, ընդհակառակը՝ մեծ ոգևորություն կար, իրենց դուր էր գալիս մրցակցությունը։ Բացի դրանից, նախագիծը հնարավորություն տվեց իսկապես բացահայտել սեփական ծննդավայրը։ Քանի որ մենք սահմանամերձ գյուղ ենք, վայրեր ունենք, որտեղ երեխաներին չենք թողնում գնալ։ Այսպես կոչված «Հիվանդանոցի թաղամաս», որը 1990-ականներից լքված է, մեր աշակերտներն առաջին անգամ անցած տարի այցելեցին՝ նախագծային աշխատանքի ուսումնասիրությունների համար։ Կարել է ասել, քայլեցին մեր գյուղի դարավոր պատմության շերտերով։ Շատ էին ոգևորել, որովհետև հասկացան, որ իրենց բնակավայրն էլ թեկուզ փոքր է, բայց հանրությանը ներկայացնելու արժանի պատմություն ունի։