Դասն «Աշխարհացույց-ով տարբերվում է թե՛ որակով, թե՛ աշակերտների հետաքրքրվածությամբ. զրույց մենթոր-ուսուցիչ Օլիկ Թոսունյանի հետ
Uncategorized

Դասն «Աշխարհացույց-ով տարբերվում է թե՛ որակով, թե՛ աշակերտների հետաքրքրվածությամբ. զրույց մենթոր-ուսուցիչ Օլիկ Թոսունյանի հետ

Չլիներ «Աշխարհացույց» կրթական հարթակը, Օլիկ Թոսունյանը գուցե չշարունակեր աշխատել դպրոցում: Երեք տարվա մանկավարժն այս հարթակը սկսեց կիրառել 2023 թվականի հոկտեմբերից և վստահաբար ասում է՝ դասի որակը փոխվել է:

«Երբ սկսեցի դպրոցում աշխատել, ցանկանում էի, որ իմ դասերը հետաքրքիր լինեին, աշակերտները չապահովեին զուտ ֆիզիկական ներկայություն, այլ մասնակից դառնային և հաճույք ստանային դասից: Այժմ, անկասկած, կարող եմ ասել, որ դասն «Աշխարհացույց»-ով անմիջապես տարբերվում է թե՛ որակով, թե՛ աշակերտների հետաքրքրվածությամբ՝ համեմատած առանց «Աշխարհացույց»-ի իմ սկբնական դասերի: Ամենից շատ նրանց գրավում են չափումները, թե մի քաղաքից մյուսը քանի կմ է և որքան ժամանակում կհասնեն ձիով, ոտքով, մեքենայով և ինքնաթիռով: Բացի այդ, «Աշխարհացույց»-ի շնորհիվ ուսուցչի գործն էլ է հեշտացել»,- նկատեց մենթոր-ուսուցիչ Թոսունյանը, որը պատմություն և հասարակագիտություն է դասավանդում Արարատի մարզի Հովտաշենի միջնակարգ դպրոցում:

Նա այլևս ժամանակ չի ծախսում տարատեսակ թղթե քարտեզներ հայթայթելու (երբեմն` ապարդյուն) և դրանք դասարան տեղափոխելու վրա: «Աշխարհացույց»-ում եղած յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ քարտեզները, նյութերն ու հավաստի տեղեկությունները հավաքված են Աշխարհացույցում: Անհրաժեշտ է միայն մուտք գործել այնտեղ, և դասը դառնում է վառ ու տպավորիչ:

«Օրինակ՝ Արտաշեսյանների վերաբերյալ (Ք․ա․ 189-1) առանձին թեմատիկ քարտեզ չունեինք: Երբ չկար «Աշխարհացույց»-ը, ես փորձում էի Հայկական լեռաշխարհի քարտեզով ինչ-որ կերպ բացատրել թեման, իսկ հիմա «Աշխարհացույց»-ում առանձին թեմատիկ քարտեզ կա, ու այլևս դժվարություն չի առաջանում: Մի խնդիր էլ կար, որին հաճախ էի բախվում, երբ աշակերտները հարցնում էին, թե տվյալ պետությունը հին ժամանակներում ինչ տարածք է զբաղեցրել ու հիմա որ պետության մեջ է ներառված կամ որ պետությունն է ներկայացնում: Որքան էլ փորձում էի բացատրել, չէին պատկերացնում: Իսկ հիմա ընդամենը մեկ քայլով քարտեզի վրա տեսանելի է այդ փոփոխությունը և հասկանալի: Օրինակ՝ երբ ուսումնասիրում ենք Հայկական լեռնաշխարհը, քարտեզը փոխում ես քաղաքականի և հստակ երևում է, թե որ աշխարհը որ պետության մեջ է գտնվում այսօր»:

Թոսունյանն ու իր աշակերտները մասնակցել են նաև «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» ծրագրին ու իրենց դպրոցի համար խելացի գրատախտակ վաստակել: Առայժմ այն մեկն է դպրոցում ու դրանով դաս անցկացնելու համար ուսուցիչները ստիպված են հերթագրվել. «Աշակերտներն անհամբեր սպասում են, ու երբ ասում եմ, որ սմարթ-էկրանով դաս անելու մեր հերթն է, բոլորը ոգևորվում են»:

Երկու անգամ «Աշխարհացույց»-ի եռամսյա վերապատրատումներին մասնակցելուց հետո Օլիկ Թոսունյանն այժմ մասնակցում է Մենթորական ծրագրին: Ասում է՝ իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում՝ երբ դու սովորում ես, զինվում նոր մեթոդներով ու դրա համար նաև կրթաթոշակ ստանում: Ժամանակը ճիշտ կառավարելուց, սխալվել չվախենալուց, ավագ գործընկերների հետ ճիշտ հարաբերվելուց մինչև դասը հետաքաքրքիր վարելու և բոլոր երեխաներին ներգրավելու բազմաթիվ մեթոդներ՝ ծրագրի առավելությունները կարող է անվերջ թվարկել, իսկ արդյունքն արդեն տեսնում է:

«Վերջերս բաց դաս էի արել յոթերորդ դասարանում: Նույնիսկ իրենց դասղեկն էր զարմացել, թե ինչպես են, այսպես ասած, թույլ սովորղ աշակերտները ևս մասնակցում դասին: Ու սա «Աշխարհացույց»-ի և հատկապես Մենթորության ծրագրով սովորած մեթոդների շնորհիվ: Դրանք ինտերակտիվ են, ու աշակերտն ուզի, թե չուզի, մասնակցում է դասին: Գլխավոր դերում ոչ թե ուսուցիչն է, այլ աշակերտները: Տվյալ դեպքում «Հինգ Ե-երի» մեթոդն էի կիրառել: Նախ՝ որպես խայծ կարող ես, օրինակ՝ նկար կամ փոքրիկ տեսնայութ ներկայացնել թեմայի վերաբերյալ, այնուհետև աշակերտներին բաժանում ես խմբերի և հանձնարարում, որ ուսումնասիրեն թեման: Հետո նրանք քննարկում են, ներկայացնում թեման, դասընկերները լսում են, մեկը մյուսից սովորում: Այսպիսով, երբ ուսուցիչը բացատրում է դասը, աշակերտներն աշխատանքի մեծ մասն ինքնուրույն են անում»:

Թոսունյանը շատ նոր մեթոդներ է սովորել, ու եթե նույնիսկ ամեն դասին մեկն էլ կիրառի, մեծ արդյունք կունենա: Մենթորության ծրագրի պահանջով նաև երկու աշխատարան է անցկացրել իր և հարևան դպրոցի ուսուցիչների համար՝ ներկայացնելով «Աշխարհացույց» կրթական հարթակի հնարավորություններն ու կիրառման գործիքները: Թեև պարտադիր չէ, բայց պատրաստվում է երրորդն էլ անցկացնել՝ արդեն Սփյուռքի ուսուցիչների համար:

«Երբ քո աշխատանքը գնահատում են մասնագետները, անընդհատ ուզում ես ավելին անել: Ուզում եմ, որ «Աշխարհացույց»-ը մեծ ճանաչում ունենա: Իմ հայրենի Ջավախքի ուսուցիչներին եմ փորձում ներգրավել երրորդ աշխատարանի միջոցով: Քանի որ այնտեղ հայոց պատմություն չեն անցնում, կարող են օգտվել թվային այս հարթակից, երեխաներին ևս գրանցել և արդյունավետ դասեր անցկացնել»:

Ուսուցչուհի Թոսունյանի ցանկությունն է, որ «Աշխարհացույց»-ը կիրառվի նաև համալսարաններում ու քոլեջներում: Կանխատեսում է, որ ապագայում բոլոր առարկաներն ընդգրկված կլինեն «Աշխարհացույց»-ում, իսկ հարթակը մեծ ճանաչում կունենա նաև Հայաստանից դուրս: