«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին». ձեռնարկից ներշնչված ֆլեշմոբը դարձավ վեբինար
Uncategorized

«Աշխարհացույցն ուսուցչի սեղանին». ձեռնարկից ներշնչված ֆլեշմոբը դարձավ վեբինար

Օրեր շարունակ սոցիալական էջերում #ԱշխարհացույցնՈւսուցչիՍեղանին հաշթեգով տարածվել էր ֆլեշմոբ, որտեղ Աշխարհացույցի ակտիվ ուսուցիչները կիսվում էին «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկի տարբեր մեթոդներով իրականացված դասերով։

Ձեռնարկի ստեղծագործական թիմը՝ ի արձագանք այս արշավի, նախաձեռնեց վեբինար, որտեղ հանրապետության 77 մանկավարժներ հնարավորություն ունեցան կիսվել իրենց տպավորություններով, դասի տեսակներով ու կիրառած մեթոդներով։ Հանդիպումը վարեցին Հիմնադրամի վերապատրաստող ուսուցիչները՝ ձեռնարկի համահեղինակներ Հայկանուշ Ղևոնդյանը, Նաիրա Երկանյանն ու Մարիամ Խաչատրյանը։

«Այս ձեռնարկը երազանք էր բոլորիս համար։ Ինձ անհրաժեշտ ռեսուրսներն անընդհատ ձեռքիս տակ են։ Այլևս վախ չունեմ, թե որտեղից և ով կգա դասալսման։ Աշխարհագրություն առարկայի ուսուցիչ եմ, բայց ձեռնարկի մեթոդները հանգիստ կիրառում եմ։ Իսկ Աշխարհացույցն ուղղակի զգացողություն է», — նշեց Երևանի 181 համարի հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Նունե Աղեկյանը։

Վեբինարի մասնակիցները ներկայացրեցին իրենց համար ձեռնարկի ամենահետաքրքիր և ամենաօգտակար բաժինները, մոտեցումները, նաև՝ սովորողների արձագանքը։ «Ձեռնարկի մեթոդներով հասցրել եմ շատ դասեր իրականացնել, միացել եմ ֆլեշմոբին, ես էլ եմ հրապարակել ու շարունակելու եմ հրապարակել իմ արած դասերը։ Վերջերս դասալսող ունեի՝ Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենն էր, որը ԿԱՊԿՈՒ աշակերտիս դիտարկելու համար էր եկել։ Շատ հետաքրքիր դաս ունեցանք, խայծերով կարողացա աշակերտիս ներգրավել դասին, սկսեց աշխատել, արտահայտվել։ Մասնագետը դասիս վերջում ասաց, որ արտասահմանում էր տեսել նման նորագույն մեթոդներով հագեցած դաս։ Հիացած էր», — պատմեց Արմավիրի Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Արփենիկ Մարգարյանը։

Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Գայանե Կարախանյանը հավելեց․ «Ձեռնարկը շատ հագեցած է․ կան մեթոդներ, որոնց ծանոթ էի, բայց այստեղ դրանք այնքան լավ են մատուցված ու հավաքված, որ ուսուցիչը էլ չի մոլորվում։ Առհասարակ, հաճույք ես ստանում, երբ թերթում ես ձեռնարկը՝ սկսած տպագրական որակից, գույներից։ Մաս-մաս ծանոթանում եմ, փորձարկում, դեռ մարսելու կարիք կա»։

Արարատի Վ․ Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Օլիկ Թոսունյանը նախ նշեց, որ ձեռնարկը մեծ նվեր է բոլոր ուսուցիչներին՝ առանց առարկայի խտրականության, քանի որ այն կարելի է հարմարեցնել և կիրառել բոլոր առարկաների շրջանակներում։ Ապա ներկայացրեց իր կիրառած մեթոդները՝ ասելով․ «Ձեռնարկում տեղ գտած ԾՆԲԱՍ, ՆԿՀԱ մեթոդների միջոցով աշակերտներն ամբողջությամբ ներգրավված են, իսկ ուսուցիչը միայն ուղղորդողի դերում է։ Սա հենց ԿԳՄՍՆ-ի կողմից պահանջված աշակերտակենտրոն դասի ապահովումն է»։ «Իսկապես, սա հեղափոխությունն է, որը տեղի ունեցավ մեր կյանքում։ Երեք տարի առաջ մեզ տրվեց նոր չափորոշիչը և առանց բացատրելու ու ռեսուրսներ տրամադրելու պահանջեցին դրա կատարումը։ Սակայն, միայն հիմա՝ ձեռնարկի մեթոդների և «Աշխարհացույց» հարթակի շնորհիվ է, որ այն կիրառելի դարձավ․ իմ բոլոր դասերն այժմ վերածվել են բաց դասի», — գործընկերոջը լրացրեց Տավուշի մարզի Մովսես գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Ջավահիր Բադալյանը։

Իսկ Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Ամալյա Զոլյանն էլ, որ օրերս Գավառի պետական համալսարանում ներկայացրել էր Աշխարհացույց հարթակը, շեշտադրեց այլ կարևոր հանգամանքներ․ «Ձեռնարկի բաժիններից ինձ հատկապես հետաքրքրեց էսսեի բաժինը, որը ներկայումս շատ կարևոր է մեզ համար (խմբ․ ըստ ՀՊՉ-ի էսսեն ձևավորող և ամփոփիչ գնահատում իրակականացնելու համար ցանկալի ձևաչափ է, զարգացնում է սովորողների քննավերլուծական մտածողությունը, ստեղծագործականությունը և այլ հմտություններ։ 2024 թ․ Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով։ Քննարկվում է այդ ձևաչափն ընդունել պարտադիր հանրապետության բոլոր դպրոցների համար)։ Ինչպես համալսարանում հանդիպմանը իրավացիորեն նկատեց Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ պարոն Ասոյանը, ձեռնարկի լեզուն պարզ է, իսկ գրքի լեզվի պարզությունը շատ կարևոր է ուսուցչի համար»։

«Պետք է հավելեմ, ոչ չնայած իմ երկարամյա փորձին և բազում վերապատրաստումներին այս ձեռնարկն իսկապես դարձավ իմ սեղանի գիրքը», — անկեղծացավ Երևանի համար 115 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Աստղիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ձեռնարկը կարող եք գնել Զանգակ գրատների ցանցից կամ պատվիրել հետևյալ հղումով՝ https://zangakbookstore.am/ashkharhatsuytsn-usutschi-sekhanin։