Մեդիա

«Աշխարհացույցը» ներկայացրել ենք Հայոց ցեղասպանության ուսուցման թեմատիկայով ամառային դպրոցում
Uncategorized

«Աշխարհացույցը» ներկայացրել ենք Հայոց ցեղասպանության ուսուցման թեմատիկայով ամառային դպրոցում

Ուսուցիչների համար «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VI եռօրյա ամառային դպրոցում «Աշխարհացույց» կրթական նորարական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը և Ծրագրի մենթոր ուսուցիչ Մարիամ Խաչատրյանը ներկայացրել են մեր կրթական հարթակը։ Նրանք ցուցադրել են մշակութային ցեղասպանության ուսուցման մեթոդիկա, մատնանշել թեմայի արդիականությունն ընդգծող միջոցներ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ամառային դպրոցն արդեն 6-րդ անգամ է կազմակերպվում։ Այս տարի դրան մասնակցել է հայոց պատմության և հասարակագիտության շուրջ չորս տասնյակ ուսուցիչ Երևանից և մարզերից: Նրանց հետ մեր թիմի անդամների հանդիպումն ընթացել է ակտիվ հարցուպատասխանով։

«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ շնորհակալություն հայտնելով նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հարթակը ներկայացնելու հնարավորության համար․

«Այս հաստատությունը և թեման ինձ համար չափազանց թանկ են։ Ուրախ եմ, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը զարգացնում է իր կրթական ծրագրերը։ Լիահույս ենք, որ, համատեղելով մեր ջանքերը, կկարողանանք բարձրացնել Հայոց ցեղասպանության դասավանդման կարևորության ընկալումն ու կապահովենք դրա իրականացումն ինչպես դպրոցներում, այնպես էլ բուհական համակարգում։ Մեր հարթակում մինչև տարեվերջ կլինեն թեմայի ուսումնասիրման համար անհրաժեշտ բազմաթիվ հոդվածներ, որոնք ուսուցիչները համապատասխան մեթոդներով, հնարներով ու գործիքակազմով կկարողանան հնարավորինս արդյունավետ կիրառել իրենց դասապրոցեսներում»,-նշել է «Աշխարհացույց» ծրագրի ղեկավարը։