«Աշխարհացույցը մեզ օգնության հասավ կրթության փոփոխությունների ճանապարհին»․ Մարգարիտ Կարապետյան
Uncategorized

«Աշխարհացույցը մեզ օգնության հասավ կրթության փոփոխությունների ճանապարհին»․ Մարգարիտ Կարապետյան

 

Մարգարիտ Կարապետյանը Թալինի ավագ դպրոցում է դասավանդում։ Չնայած երիտասարդ տարիքին՝ 15 տարվա աշխատանքային փորձ ունի։ Ամեն անգամ դասարան մտնում է այն տրամադրվածությամբ, որ դասին աշակերտը պետք է մասնակցի սիրով ու հետաքրքրվածությամբ։ Պատմության մասնագետը համոզված է, որ «Աշխարհացույց» նորարարական հարթակը բեկումնային նշանակություն ունի իր աշխատանքային կենսագրության մեջ։ Արդեն երկու տարի է՝ նա ոչ միայն ակտիվորեն գործածում է «Աշխարհացույց»-ը, այլ նաև իր գործընկերներին է ծանոթացնում հարթակի հնարավորություններին։ Մարգարիտ Կարապետյանը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Մենթորության կրթաթոշակ Աշխարհացույցի ուսուցիչներին» ծրագրի առաջին շրջանավարտներից է։ 

— Տասնհինգ տարին բավարար ժամանակ է՝ հանրակրթության հիմնախնդիրները հասկանալու և դրանց լուծումները պատկերացնելու համար։ Որո՞նք են Ձեր դիտարկումները։

— Անցած տասնամյակի կրթությունը չէր համապատասխանում 21-րդ դարի պահանջներին։ Հիմա հակառակը՝ գործընթացները գնում են այն ուղղությամբ, որ աշակերտին հետաքրքրենք, աշխուժացնենք, լիովին ներգրավենք դասի մեջ, սովորեցնենք մտածել, վերլուծել, ինքնուրույն աշխատել։ Այդ առումով կրթության մոտեցումները, չափանիշները հիմնովին փոփոխվել են։ Էս փոփոխություններում մեզ օգնության հասավ «Աշխարհացույց» կրթական հարթակը։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ «Աշխարհացույց»-ը 21-րդ դարի կրթության հեղափոխություններից մեկն է։ Այն լիովին նոր տրամաբանություն և տրամադրություն է հաղորդում թե՛ ուսուցչին, թե՛ աշակերտին։

— Իսկ ինչպե՞ս այդ «հեղափոխությունը» տեղի ունեցավ Ձեր մասնագիտական կյանքում, ինչպե՞ս տեղեկացաք հարթակի մասին։

— «Աշխարհացույց»-ի մասին իմացել եմ գործընկերուհուս շնորհիվ։ Ինքն անընդհատ դաս էր անում «Աշխարհացույց»-ով և տեղադրում էր իր ֆեյսբուքյան էջում։ Հասկացա, որ սա ուսուցչի արդյունավետ աշխատանքի համար բացառիկ հնարավորություն է, և ինքս էլ դիտողից պետք է դառնամ օգտագործող։ Հետաքրքրվեցի, գրանցվեցի հարթակում, բայց նաև զգացի, որ հմտություններս բավարար չեն այն լիարժեք կիրառելու համար։ Մասնակցեցի ուսուցիչների եռամսյա առցանց դասընթացին, ավարտեցի, և հիմա իմ դասի որակը բոլորովին այլ է։

— Ի՞նչու մասնակցեցիք նաև «Մենթորության կրթաթոշակ Աշխարհացույցի ուսուցիչներին» ծրագրին, ինչո՞վ էր այն առանձնահատուկ։

— Երբ ես 15 տարի առաջ մտա դպրոց, սկսնակ ուսուցիչ էի, շատ ուզում էի, որ ինչ-որ մեկն ինձ օգներ, ուղղորդեր, թե ինչպես կազմակերպեմ դասապրոցեսը, ինչի վրա ուշադրություն դարձնեմ, ինչպես կառավարեմ ժամանակս։ Տարիների հետ, իհարկե, որոշակի փորձառություն ձեռք բերեցի, մասնակցեցի բազմաթիվ վերապատրաստումների, բայց այն արդյունքը, որն ինձ համար ցանկալի էր, չէր ստացվում։ Կարող եմ վստահաբար ասել, որ «Աշխարհացույց»-ի մենթորության ծրագիրը լիովին լրացրեց այդ բացը․ տվեց մեթոդներ, հնարներ, հմտություններ։ Հիմա ես դասարան եմ մտնում ինքնավստահ, կարող եմ ցանկացած պահի դասն ընդհատել, իմպրովիզ անել, այսինքն՝ ներուժս թույլ է տալիս աշխատանքին մոտենալ ստեղծագործաբար, երեխաների հետ աշխատել ավելի անկաշկանդ։

— Ինչքա՞ն ժամանակ է՝ «Աշխարհացույց»-ի ընտանիքի անդամ եք։

— Համարյա երկու տարի։

— Աշակերտների առաջին արձագանքն ինչպիսի՞ն էր, ի՞նչը գրավեց հենց սկզբում։ 

Իմ երեխաների համար սա լիովին նոր աշխարհ էր կարծես, միանգամից ամեն ինչ հետաքրքրեց։ Պատկերացրեք, որ հենց ինտերակտիվ քարտեզն իրենց առջև բացվում է, սկսում են փորփրել, ուսումնասիրել։ Հարթակի հաջողության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ շատ հեշտ է օգտագործել, աշակերտներ ունեմ, որ հենց «Աշխարհացույց»-ով են դասը սովորում։ Նրանց համար կրթական գործընթացն այդպես դառնում է ավելի հեշտ ու միաժամանակ հետաքրքիր։ 

— Շատ հաճախ մենք լսում ենք դժգոհություններ, որ երեխաները չեն սիրում սովորել, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ հետաքրքիր նորարարական հարթակների դեպքում ուսման նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Արդյո՞ք մեր կրթական համակարգը 21-րդ դարի դպրոցին համապատասխանեցնելու խնդիր ունենք։ 

— Իհարկե։ Նախ տեսեք, ասում ենք՝ «Աշխարհացույց»-ը մեծ հետաքրքրություն է առաջացրել կրթական գործընթացում, բայց նախկինում դա այդքան տեսանելի չէր, մինչև չունեցանք սմարթ-էկրան(Թալինի ավագ դպրոցը «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցութային ծրագրի 40 հաղթողներից մեկն է-խմբ․)։ Հիմա նույնիսկ ամենապասիվ աշակերտը մասնակցում է դասին, որովհետև իրեն էլ է հետաքրքիր՝ մոտենա գրատախտակին, մատով քարտեզն այս ու այն կողմ տանի, որոնի, գծի, գրի, ջնջի։ Չեմ կարող ասել, թե միայն սմարթ-էկրանը բավարար է կրթության որակը բարձրացնելու համար, բայց ակնհայտ է, որ աշակերտների հետաքրքրությունը դասի նկատմամբ աճել է, աճում է։ 

— Այն, որ երեխաները նորարական կրթական հարթակին, սմարթ-էկրանին արագ կինտեգրվեն, կարծես թե պարզ է․ իրենք էլ են սմարթ-սերունդ։ Իսկ ուսուցիչները պատրա՞ստ են այսպիսի փոփոխությունների։

— Մի օրինակ պատմեմ։ Ես՝ որպես դասալսող ուսուցիչ, հաճախ եմ այցելում մեր համայնքի մյուս դպրոցներ։ Այդպիսի դասալսումներից մեկին նկատեցի, որ պատմության ուսուցիչը դասին միայն չոր փաստեր, թվեր է ներկայացնում։ Դասից հետո ուսուցչին ու տնօրենին պատմեցի «Աշխարհացույց»-ի մասին։ Վերջերս պարզվեց՝ տնօրենն անմիջապես հետաքրքրվել էր, ուսուցչին գրանցել հարթակում, ու հիմա ուսուցիչն արդեն եռամսյա առցանց դասընթացի հավաստագիր ունի։ Այսինքն՝ հարթակը չկիրառելու պատճառներից մեկն իրազեկվածության պակասն է։ Պետք է ուրախությամբ նկատեմ, որ այս առումով աշխուժություն նկատվում է․ Թալինի բոլոր դպրոցները կիրառում են հարթակը, շրջակա գյուղերում նույնպես հետաքրքրվածություն կա, իսկ մեր դպրոցում անգամ գրականության դասաժամին է օգտագործվում։ Հիմնադրամի մենթորական ծրագրի  դասընթացավար Սեդա Քոչարյանն է ասում՝ մենք երեխաներին պետք է սովորեցնենք մտածել, վերլուծել, համադրել ստացած տեղեկությունը, բայց այդ արդյունքին  հնարավոր է հասնել, եթե նախ հզորացնենք ուսուցչին, նրան տանք նոր հմտություններ և դասն ավելի ինքնավստահ վարելու կարողություն։

— Վերջին հարցը․ հե՞շտ է ուսուցիչ լինելը։

— Անկեղծ ասած՝ ոչ, բայց ամեն անգամ, երբ երեխան նոր բան սովորելիս փայլող աչքերով քեզ է նայում, հասկանում ես, թե կատարածդ աշխատանքը որքան կարևոր է։