«Աշխարհացույցը երեխաներին կախարդել է պատմություն առարկայով»
Uncategorized

«Աշխարհացույցը երեխաներին կախարդել է պատմություն առարկայով»

ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական հարթակի նորարարական հնարավորությունները կիրառում են ավելի մեծ թվով պատմության ուսուցիչներ։

«Աշխարհացույց» կրթական նորարարական ծրագրի շրջանակներում պարբերաբար կազմակերպվում են պատմություն առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնց նպատակն է բարձրացնել նրանց ՏՀՏ գիտելիքները, սովորեցնել հարթակից օգտվել և այն լավագույնս կիրառել դասերի ժամանակ։ Վերապատրաստումները տեղի են ունենում երեք հիմնական փուլերով՝ ուսուցիչը ստանում է ՏՀՏ գիտելիքներ, ծանոթանում հարթակի գործիքակազմին, ապա սկսում է գործածել դասապրոցեսի ընթացքում՝ կիրառելով իր մեթոդամանկավարժական կարողությունները։ Երրորդ փուլում դասավանդողն իրականացնում է հետազոտական աշխատանք, իր գործընկերների հետ կիսվում անձնական փորձառությամբ։

Գայանե Առաքելյանը դասավանդում է Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի: Տիկին Առաքելյանը հարթակին միացել է անցյալ կիսամյակից, փորձարկել է հարթակի հնարավորությունները դասապրոցեսի ընթացքում՝ հիմնականում կիրառելով 10-րդ դասարանում: «Դասի խնդիրն էր զարգացնել սովորողների ստեղծագործական մտածողությունը, համեմատելու և սեփական տեսակետն արտահայտելու ունակությունը հմտացնել, խմբային աշխատանքի միջոցով ստեղծել մի միջավայր, որտեղ բոլոր խմբերը հավասարապես ներգրավված կլինեն դասապրոցեսին: Աշխարհացույցի միջոցով հնարավոր դարձավ իրականացնել այս բոլորը»,- նշեց Գայանե Առաքելյանը: Նա նաև հավելեց, որ Աշխարհացույց հարթակը դասապրոցեսի ժամանակ ստեղծում է առողջ մրցակցություն հատկապես թիմային աշխատանքում:

Աբովյան քաղաքի համար 2 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Լիլիթ Մայիլյանը և Արփինե Կարապետյանը նույնպես ներկայացրեցին  հարթակի հետ աշխատելու իրենց փորձը: Լիլիթը նշեց, որ իրենք հարթակը կիրառում են արդեն մեկ տարի, երբ  դեռ չունեին սմարթ գրատախտակ։

«Աշխարհացույցը մեծ օգնություն է ուսուցիչների համար, քանի որ հարթակի շնորհիվ է, որ ուսուցիչը վերջնական կազմ ու պատրաստ մտնում է դասարան ու որևէ տեխնիկական խոչընդոտ այլևս ուսուցչին «չի սպառնում», քանի որ ավելորդ սլայդեր պատրաստելու կարիք չի առաջանում»,— ասաց Արփինե Կարապետյանը:

«Աշխարհացույցը դասապրոցեսը դարձնում է աշակերտակենտրոն: Աշակերտն է դասը վարում, աշակերտն է դառնում գլխավոր գործող անձը: Իսկ քանոն՝ ժամանակացույցը, և սլաք գործիքներն առավել գրավիչ ու ոգևորիչ են դարձնում աշակերտների մասնակցությունը դասընթացին: Աշխարհացույցն օգնում է, որ աշակերտը հեշտ ու արագ ինտեգրվի դասապրոցեսին, նույնիսկ այն աշակերտները, որոնք նախկինում ունեին քիչ հետաքրքրություն և ուղղակի ներկա էին դասընթացին, այժմ հարթակի շնորհիվ ունեն մեծ հետաքրքություն ու նաև ակտիվ մասնակցություն դասի ժամանակ»,- հավելեց Արփինե Կարապետյանը:

 

Հայրավանքի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Հասմիկ Բարսեղյանը նույնպես ներկայացրեց Աշխարհացույցի  գործածությունը դասապրոցեսին: Ուշագրավ էր, որ դասապրոցեսի ընթացքում ուսուցչուհին շեշտադրում էր արել առարկայի ազգային-մշակութային տարրի վրա:  Աշխարհացույցի օգնությամբ նրան հաջողվել է միջնադարյան մշակութային արժեքները փոխկապակցել տվյալ դասին վերաբերող թեմային և ստանալ հետաքրքրական արդյունք: «Աշխարհացույցի շնորհիվ պատմություն առարկայի դասավանդման հնարավորությունները գլխիվայր փոխվել են՝ առարկան դարձել է ամենացանկալիներից ու հետաքրքիրներից: Պատմություն առարկայից զատ աշխարհագրություն առարկան էլ դարձել է մատչելի ու հետաքրքրական, անում ենք համակցված դասեր:

Աշակերտն է դառնում ստեղծագործողը, փնտրողն ու գտնողը: Աշխարհացույցը դասագրքային կաղապարներից ձերբազատում է աշակերտներին»,- նշեց Հայրավանքի մրջնակարդ դպրոցի ուսուցչուհին։

Պատմության ուսուցչուհի Գոհար Պետրոսյանը թեև նոր  է միացել ծրագրին, բայց հասցրել է կարճ ժամանակում հաջողությամբ սովորել և կիրառել հարթակը: Նա խոստովանեց, որ Աշխարհացույց հարթակը դպրոցում դարձել է «ամենաթրենդային» նախագծերից մեկը:

Ուսուցչուհին հավելեց, որ դպրոցում կարծիք է ձևավորվել, թե հարթակը երեխաներին կախարդել է պատմություն առարկայով, ու բոլորը միայն պատմություն առարկայից են խոսում:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Սյուզաննա Հովսեփյանը, որն ունի երկար տարիների դասավանդման փորձ, նշում է, որ  մասնակցել է բազմաթիվ սեմինարների, ծանոթացել տարբեր կրթական հարթակների, սակայն Աշխարհացույցն իր համար իսկական բացահայտում էր․  «Այն մեծ հնարավորություն է ընձեռում ուսուցչին մոտիվացնել աշակերտներին՝ սովորել ավելի լավ, ավելի տեսանելի է դարձնում առարկան աշակերտի համար: Օրինակ կան գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս և ́ ուսուցչին, և ́ աշակերտին համընդհանուր օգտվել: Աշակերտը տանը կարող է հարթակը ինքնուրույն ուսումնասիրել, ուսուցիչն այստեղ դառնում է ուղղորդող, ոչ միայն գիտելիք փոխանցող:

Հարթակը զարգացնում է քննական մտածողությունը, ժամանակի կառավարումը, աշակերտի գործակցությունը աշակերտի հետ, ինտեգրումն այլ առարկաներին, սովորողների մոտ ձևավորվում է հանդուրժողականություն, զարգացնում է ստեղծագործական միտքը»:

Հիշեցնենք, որ ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմադրամը իրականացնում է Աշխարհացույց կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման անվճար սեմինարներ, որի ավարտին ուսուցիչը ձեռք է բերում բավարար հմտություններ գործածելու «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակը, ձեռք է բերում հմտություններ կրթական չափորոշիչներին համահունչ արդյունավետ դասապրոցես ապահովելու համար, դառնում է  ավելի մրցունակ դասապրոցեսում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցում։